«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2002-01-17 | #9, 2002-01-18 | #10, 2002-01-19


ՕՐԱՑՈՒՅՑ-2002

Ժամանակներ առաջՙ խորհրդային տարիներին, սեղանային միատեսք օրացույցներին էինք սովորՙ 365-366 փոքրիկ թերթիկներից բաղկացած, որ ամեն օրվա հետ պատռում-դեն էինք նետում... կամ էլ պահում, եթե հիշարժան որեւէ տեղեկություն էինք գտնում: Որքան էլ արտաքին տեսքով եւ տպագրությամբ անհրապույր էին, տեղեկությունների, օգտակար խորհուրդների բազմազանությամբ եւ ընտրությամբ արժեքավոր էին ու հետաքրքրական:

Տպագրական նոր հնարավորությունների շնորհիվ այսօր հայրենական արտադրության բավականին որակյալ եւ գեղեցիկ օրացույցներ կան վաճառքում, սակայն մեր խոսքն այսօր ոչ թե դրանց, այլ գովազդային նպատակներով կամ այլապես անվճար տարածվող օրացույցների մասին է, որոնցից մի քանիսը «Ազգ» թերթի խմբագրությունը ստացել է վերջերս, Նոր տարվա առթիվ: Մտահղացումներով բազմազան, որակյալ թղթի վրա, տպագրական բարձր մակարդակով այս օրացույցներն ունեն գեղագիտական, նաեւ ճանաչողական նշանակություն, եւ առաջին տպավորությամբ դրանց օրացուցային բուն նշանակությունը զիջում է կարծես:

Հարուստ եւ շքեղ տեսքով ներկայանալի է «Convers Bank Corporation»-ի հրատարակած օրացույցը, որում օգտագործված են հայ անվանի գեղանկարիչներիՙ Հակոբ Հովնաթանյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Մինաս Ավետիսյանի, Գայանե Խաչատրյանի, Հովհաննես Այվազովսկու, Փուշմանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Աշոտ Հովհաննիսյանի գործերըՙ Պողոս Պողոսյանի եւ Զավեն Սարգսյանի լուսանկարներով:

Ճանաչողական նշանակությամբ աչքի է ընկնում «Հայաստանի լճերը» օրացույցը (գունաբաժանված եւ տպագրված «Գինդ» տպագրատանը)ՙ Վլ. Սարոյանի լուսանկարներով, ուր մեր երկիրը թվում է դրախտային վայր, չքնաղ իր ջրային սքանչելիքներով (Վանքի, Ակնա, Կապուտան, Սեւանա, Տիրոսի, Գոշի, Լեսինգի, Աժդահակի լճերը), որ հայրենասիրություն է արթնացնում ու նաեւ բնապատկերներից փոխանցում անսովոր անդորր: Զարմանում ես, որ հունիս ամսին արված Գոգի լճի (Զանգեզուր) լուսանկարում լճի մակերեսին երեւում են սառցակտորներ:

«Պրոմեթեյ» ընկերության 2002 թ. մեծադիր օրացույցը մտահղացված է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի գործերի ձեւավորումովՙ «Լոտոս», «Արեւի հմայքը», «Հեքիաթ: Ծառի մոտ», «Մայիսյան ծաղիկներ», «Ջրհորի մոտ», «Եգիպտոս», «Եգիպտական դիմանկարներ», «Դեպի աղբյուր», «Հայաստան»: Հաճելին այն է, որ օրացույցը բացվում է արվեստաբան Շահեն Խաչատրյանիՙ նկարչի մասին խոսքով եւ Սարյանի ամենաբնորոշ արտահայտություններով: «Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի նրա օգնությամբ տեսնի իրեն, սքանչանա իրենով: Մարդը բնություն է, բնությունըՙ մարդ: Մահ գոյություն չունի»:

Գեղեցիկ իրագործում, որի տպավորությունը, ավա՜ղ, խամրում է բավականին կարճառոտ տեքստում թույլ տված բազմաթիվ տպագրական վրիպումների, ուղղագրական սխալների (մինջեւ, ստեզծագործություն, երկարակացություն, գձեր, պատասխանում եր, Ակադեմիաի, ՍՍՀՄի, Հրիփսիմե) պատճառով: Զարմանալի է, որ այսօրինակ հրատարակությունների դեպքում (թեկուզ ֆինանսական առումով) նման բաներն անկարեւոր են համարվում: Ի՞նչ է սա, անփութությո՞ւն, թե՞ արհամարհական վերաբերմունք լեզվական իրողությունների նկատմամբ:

Առանձնահատուկ ճաշակով առանձնանում է Երեւանի «Գարեջուր» ԲԸ-ի օրացույցըՙ լուսանկարչական պրոֆեսիոնալ վարպետությամբ, ուշագրավՙ երանգների հարուստ ընտրությամբ, բազմազանությամբ ու նրբությամբ, կենցաղային իրերի նկատմամբ բացառիկ գեղագիտական մոտեցումով. ապակու զրնգուն փայլ, ժանյականման փրփուր, նրբահյուս ծխի փոշի եւ գտնված ֆոնըՙ քաթանի կտորով: Զանազան կոմպոզիցիաներՙ գարեջրի անչափ գեղեցիկ սկահակներով, աշնանային տերեւներով, ծխամորճով, կոշիկներով, հին լուսանկար, հին գրամոֆոն եւ ամենուրեք թափանցիկ, ոսկեգույն, բոսորագույն, կրակագույն գարեջուրըՙ աչք շլացնող, գայթակղիչ, էկզոտիկՙ էսթետիկական վայելք: Եվ այս բարձրարվեստ տպագրությունը իրականացվել է «Փրինթինֆո» տպարանում:

Ավանդաբար Ամենայն հայոց կաթողիկոսի լուսանկարով, տերունական աղոթքով, Ս. Էջմիածնի շարականով եւ հայրապետական մաղթերգով բացվող Մ. աթոռ Սբ. Էջմիածնի 2002 թ. օրացույցը բովանդակում է եկեղեցական տոներըՙ ըստ լուսնային օրացույցի:

Օրացույցը պարունակում է արժեքավոր տեղեկություններ, համառոտ տրված են Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի, Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միաբանների (եպիսկոպոսական դաս, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ) կենսագրությունները, ներկայացված են Գերագույն հոգեւոր խորհրդի կազմը, առաջնորդությունները, հոգեւոր կրթական հաստատությունները, մկրտարանը, հայորդաց տները, վանահայրությունները:

Օրացույցը եզրափակվում է Ամենայն հայոց հայրապետների գահակալության թվագրությամբՙ սկսած Սբ. Թադեոս (43-66) եւ Սբ. Բարդողիմեոս (60-68) առաքյալներից մինչեւ թվով 132-րդ Գարեգին Բ կաթողիկոսը (1999) եւ Սբ. Գր. Տաթեւացու աղոթքով առ Սբ. Գրիգոր Լուսավորիչը:

Օրացուցային այս շարքում բովանդակային, սոցիալական ուղղվածությամբ աչքի է ընկնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կազմակերպության սեղանի օրացույցըՙ երեխաների լուսանկարներով, որոնց հայացքում ընդհանուր մի տխրություն կաՙ որբության, փշրված մանկության, աղարտված հոգեբանության հետքերով (լուսանկարիչՙ Զավեն Խաչիկյան): Օրացույցը բովանդակում է սոցիալական ամեն կարգի ոտնձգություններից, հակամարտությունների, աղետների, պատերազմների ժամանակ երեխաների իրավունքների (կրթական, առողջապահական, բարոյական, կրոնական) պաշտպանության վերաբերյալ հոդվածներից մեջբերումներ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4