2001 թվականը հայոց համար առանձնահատուկ, նշանակալի եւ հոբելյանական էրՙ պայմանավորված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակով: Վստահաբար կարելի է ասել, որ այդ 1700 տարիներից եւ ոչ մեկի ժամանակ հայերը չեն ունեցել քրիստոնեական քաղաքակրթության ձեռքբերումներն ու արժեքները մեզ եւ աշխարհին համահավաք ներկայացնելու նման առիթ: Անցած տարվա հոբելյանական միջոցառումներն այսօրվա մեր այցեքարտն էին թերեւս, եւ «Թարգմանչաց տոնին» Օշական այցելած բելառուս գրողի տպավորությունների իրականացման առաջին քայլը, երբ նա ասաց, թե մի ժողովուրդ, որ թագավորների արձանների փոխարեն ճարտարապետների արձաններ է կանգնեցնում, այբուբենը սուրբ է համարում եւ հուշարձան դարձնում, իր ստեղծած արժեքներով չի կարող սահմանափակվել այս փոքրիկ լեռնաշղթայով: Այս մասին երեկ Արմենպրեսի մամուլի սրահում կրկին հիշեցրեց 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը: Ամփոփելով հանձնաժողովի գործունեությունըՙ պրն Հարությունյանն անդրադարձավ տոնակատարության բուն նշանակությանը: Ըստ նրա, լավագույն առիթ էր ստեղծված մեր մշակութային ողջ ժառանգությունն աշխարհի հանրությանը ծանոթացնելու: Մշակութային երանգների այս նոր դրսեւորումներըՙ միջազգային մամուլի բազմաթիվ արձագանքներով հնարավորություն ընձեռեցին մեզՙ ճանաչելի դառնալ միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ վերաիմաստավորելու մեր պատմական անցյալը: Մշակութային այս երկխոսությունն առիթ կդառնա նորանոր կապեր, ավանդույթներ հաստատելու համար: Այն կարեւորելի է նաեւ սփյուռքահայության համարՙ իրենց երկրներում նրանց վարկանիշը բարձրացնելու առումով: Այս միջոցառումները միտված էին նաեւ հայկական մշակույթը եվրոպական մշակութային իրականությանը մերձեցնելուն:
Բանախոսն ընդհանուր ակնարկով անդրադարձավ միջոցառումների պետական ծրագրի մշակման, դրանց կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներին, որոնց անցկացման նպատակով հիմնվել էր «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը, իսկ ծրագրի մշակման աշխատանքներն սկսվել էին 2000 թ. սեպտեմբերից:
Միջոցառումների ծրագիրը կազմված էր 4 հիմնական մասերիցՙ մասսայական («Վառիր քո մոմը», «Ս. Ծնունդ», «Հրաժեշտ XX դարին», «Դուդուկի փառատոն»), համերգային («Քեզ, քրիստոնյա Հայաստան», հոգեւոր, դասական երաժշտության միջազգային փառատոներ, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի եւ Վ. Սպիվակովի համերգը եւ այլն), թատերական եւ օպերային միջոցառումներ («Պողիկտոս», «Անուշ», «Խոր Վիրապ», «Տիգրան Մեծ»), յոթ ցուցահանդեսներ («Տիեզերքի թանգարան», «Քրիստոնյա Հայաստան»), վեց գիտաժողովներ, հրատարակություններ: Ինչպես նաեւ միջոցառումներ արտերկրումՙ Հռոմում, Ռավեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Բեյրութում, Վիեննայում, Մյունխենում, Լոնդոնում, այդ թվումՙ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համերգը Փարիզի Աստվածամոր տաճարումՙ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, Ռավեննայում նկարչության եւ քանդակագործության միջազգային ավանդական բիենալենՙ հայ արվեստագետների մասնակցությամբ, Բրիտանական գրադարանում բացված «Տապանի գանձեր» ցուցահանդեսը, հոգեւոր-մշակութային այլեւայլ միջոցառումներ:
Պետական հանձնաժողովի գրասենյակին կից ձեւավորված գեղարվեստական խորհրդի կազմում աշխատել են մշակութային ճանաչված գործիչներ Սեն Արեւշատյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Շահեն Խաչատրյանը, Արմեն Մազմանյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Խորեն Աբրահամյանը, Դավիթ Մուրադյանը եւ ուրիշներ, իսկ միջոցառումների մասնակից օտարազգի մշակութային մի շարք վաստակաշատ գործիչներ, ինչպես Ռիկարդո Մուտին, Վահե Գոդելը, Ժան Պիեռ Մահեն, Կիմ Բակշին, Ալեքսանդր Բոժկոն, Ահմադ Նուրիզադեն արժանացան ՀՀ բարձրագույն պետական պարգեւների:
Տոնակատարությունների միջազգային հնչեղությունն ապահովեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջպետական այցելությունները, Վեհափառ հայրապետի հովվապետական այցերը: Այս առումով իրենց նպաստը բերեցին նաեւ Յունեսկոյի որոշումըՙ 2001 թ. հունիսի 17-ը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ճանաչելու մասին, Հռոմի պապի եւ մի շարք քույր եկեղեցիների հոգեւոր առաջնորդների Հայաստան այցելությունները, դեսպանատների կատարած աշխատանքները եւ այլն:
Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաեւ ֆինանսական գործունեությանըՙ ամփոփ ներկայացնելով ֆինանսական հաշվետվություն: 2000-2001 թթ. միջոցառումների ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ դրամ, որից պետական բյուջեի հատկացումներըՙ շուրջ 750 մլն դրամ, մնացած 250 մլն դրամըՙ «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամն ավելացրել է իր գործունեությամբ: Միջոցառումներից վճարված հարկերը կազմել են մոտ 200 մլն դրամ: Առայժմ 30 մլն դրամի չվճարումներ պայմանագրով երկարաձգված են, որ կմարվեն առաջիկայում: Պրն Հարությունյանը նշեց, որ մշակութային գործիչներին չվճարումներ չկան, սրանք հարկային մարմինների պարտքեր են միայն: Միջոցառումների ողջ ընթացքը նկարահանված եւ ֆինանսի առկայության դեպքում այդ տեսագրությունները կվերածվեն ֆիլմի:
Հոբելյանական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը մասնակցել են 4600 մարդ, որից 4060-ը Հայաստանից, այդ թվումՙ բանվորներ, մոնտաժողներ, տեխնիկներ-ինժեներներ, մշակույթի գործիչներ: Մասնակիցների աշխատավարձի եւ հոնորարի գումարը կազմել է շուրջ 250 մլն դրամ: Միջոցառումների անցկացման պատշաճ մակարդակն ապահովելու համար կատարվել են նաեւ վերանորոգչական բնույթի աշխատանքներ «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում, Գառնիի տիեզերքի թանգարանում, Գրականության ինստիտուտում եւ այլն: Նմանատիպ կապիտալ ներդրումները կազմում են 35 մլն դրամից ավելի:
Վերջում Խոսրով Հարությունյանը պետական հանձնաժողովի շնորհած պատվոգրեր հանձնեց համապատասխան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այդ թվումՙ «Ազգի» աշխատակից Անուշ Դովլաթյանին, հոբելյանական միջոցառումները պատշաճ մակարդակով լուսաբանելու համար:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ