Միեւնույն է, տուժեց Պողոս Պողոսյանը
«Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով դատավարությունը երեկ թեւակոխեց հաջորդ փուլ: Վերջին վկան, որ դատակոչվել էր, Մարինե Մայիլյանն էրՙ «Հացատուն» խորտկարանի աշխատակցուհին: Նա աշխատել է այն օրը, երբ Պողոս Պողոսյանն ու իր ընկերները խորտկարանում կերուխում էին անում: Այս խորտկարանից է Պողոս Պողոսյանն ուղեւորվել «Առագաստ» սրճարան, որտեղ էլ տեղի են ունեցել մեզ հայտնի իրադարձությունները: Վկայի կցկտուր ցուցմունքներից պարզ դարձավ, որ տուժածն ու իր ընկերներն այդ օրն, այնուամենայնիվ, օգտագործել են ոգելից խմիչք:
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Աղամալ Հարությունյանին, ապա երեկ նա էլ ցուցմունք տվեցՙ ինքը լսել է տուժածի «բարեւ, արա Ռոբ» չարաբաստիկ արտահայտությունը: Իսկ որոշ ժամանակ անց տեսել է, թե տուժածն ու մի քանի անծանոթ տղաներ ինչպես են քաշքշում իրար: Քանի որ անվտանգության հարցերով պատասխանատուներից մեկն էլ ինքն էր, միջամտել է քաշքշուկին ու «փորձել հանդարտեցնել Պողոս Պողոսյանին»: Վերջինս, ամբաստանյալի խոսքերով, իրեն տարել է զուգարանի ուղղությամբ, հայտարարել, թե երբեմնի բռնցքամարտիկ է ու, հավանաբար սեփական խոսքերը գործնականում ապացուցելու «մտադրությամբ», հարվածել թիկնապահի ծնոտին: Սա էլ իր հերթին հրել է տուժածին, եւ քաշքշուկից երկուսն էլ ընկել են զուգարանի թաց հատակին: Մինչ ամբաստանյալը կհասցներ տեղեկանալ, թե ընկած Պողոսյանն ինչ վիճակում է, «զուգարան է մտել բեղերով մի տղամարդ, որին տեսնելովՙ ամբաստանյալը մտածել է, թե նոր քաշքշուկ է սպասվում ու դուրս է փախել զուգարանից»: Թիկնապահներից ոչ մեկը, Հարությունյանի խոսքերով, քաշքշուկին չի մասնակցել: Ինքն էլ ավելի ուշ զեկուցել է կատարվածի մասին:
Սեպտեմբերի 27-ին կատարված դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ ամբաստանյալի ծնոտին, իրոք, հարվածի հետք կա: Երեկ տեղի ունեցավ նաեւ ամբաստանյալի եւ գործով դատակոչված վկա, Պողոսյանի ընկեր Ստեփան Նալբանդյանի առերեսումը. որի ընթացքում որոշ հակասություններ պարզվեցին: Վկան պնդում էր, թե Պողոսյանին ծեծողները մի քանիսն են եղել, ամբաստանյալին էլ դրանց թվում չի նշմարել, չի հիշում: Իսկ Հարությունյանն ասում էր, թե վկան, ըստ ամենայնի, այդ օրը հարբած է եղել, այլապես կհիշեր, որ զուգարանում ինքն ու Պողոսը միայնակ են եղել:
Ի դեպ, վկային, որն այդ օրը նույնպես ենթարկվել է ծեծի, դատաբժշկական փորձաքննությունը «հիշել» է լոկ 20 օր անց, երբ այլեւս չէին երեւում ծեծի հետքերը...
Ա. Բ.