Կադրերի դաստիարակության անտեսված սկզբունքի մասին
Առանց պետական կառավարման մարմինների ու մեխանիզմների ձեւավորման պետություն չի լինում: Դեռեւս երկուսուկես հազարամյակ առաջ գրված «Պետության մասին» աշխատության մեջ Պլուտարքոսն է նկատել, թե պետական պաշտոնյաները տիրակալի համար նույնն են, ինչ որ որմնադրի համարՙ գործիքները: Եթե ուղղալարը ծուռ էՙ պատը ծուռ կշարվի: Ճիշտ այդպես էլ պետությունը հարկ եղած ձեւով չի կայանա, եթե պետական պաշտոնյաների ընտրության, տեղաբաշխման, առաջքաշման կամ իրենց չարդարացրած կադրերից ազատվելու հստակ մեխանիզմներ չեն մշակված: Ժամանակակից ժողովրդավարական երկրներից շատերում ապագա պետական ծառայողների ընտրությունը սկսվում է դեռ... ուսանողական նստարանից: Խոստումնալից, հույսեր ներշնչող ուսանողների հետ որոշ երկրներում նույնիսկ պայմանագրեր են կնքվում, որով երրորդ-չորրորդ կուրսերից պետությունն իր վրա է վերցնում այդպիսիների ուսման հետագա ծախսերը հոգալու պարտավորությունը, պայմանով, որ նրանք բուհն ավարտելուց հետո համաձայնեն առնվազն 5 տարի աշխատել պետական կառավարման համակարգում: Մեր ականջին, ավաղ, սա մի քիչ վայրենի է հնչում, չէ՞: Մեզ համար կատարելապես անըմբռնելի է «համաձայնեն» բառը: Ինչպե՞ս թե, մի՞թե կարող են նաեւ... չհամաձայնել: Մարդուն է՞լ պաշտոն առաջարկեն, ու նա... հրաժարվի: Համենայն դեպս, վերջին տասը տարիներին չեմ հիշում այդպիսի մի դեպք: Ո՚վ ասես, ի՚նչ պաշտոն ասես որ այս ընթացքում չվարեց, թեեւ շատ ու շատ դեպքերում դեռ մինչեւ պաշտոնի նշանակվելն էլ ակնհայտ էր, որ ստանձնած գործը տվյալ մարդու առավել քան համեստ ընդունակություններից վեր է: Եկան, ձախողվեցին, գնացին, տեղից տեղ փոխադրվեցին, շատ-շատերը դեռ հիմա էլ մնում ենՙ իրենք էլ չգիտակցելով, որ պետական մեքենայի անվերջ տեղապտույտի պատճառը իրե՚նք են կամՙ նաեւ իրենք:
Ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ մեզանում պետական պաշտոնը մնում է այդքան հրապուրիչ, ինչո՞ւ գրեթե ոչ մեկը իր մեջ ուժ չի գտնում ազնվորեն խոստովանելու, որ գլուխ չի հանում հանձնարարված գործերից:
Ամենագլխավոր պատճառն այն է, որ պետական իշխանությունը պահպանել է խորհրդային ժառանգության ամենավատթար գիծըՙ եղել եւ մնում է իբրեւ ամենայն բարյաց բաշխիչ: Պաշտոնը մեզանում ոչ միայն հասարակական դիրք է, հարգանք, պատկառանք (ինչը կայացած երկրներում մարդը կարող է վայելել ոչ միայն եւ ոչ այնքան պաշտոն, որքանՙ կարողություն, կապիտալ ունենալու դեպքում), այլեւՙ հենց կարողություն ու կապիտալ դիզելու միջոց: Պետական պաշտոնը մեզանում նախ եւ առաջ կոռուպցիայի հնարավորություն է, շարքային քաղաքացիներին պարտադրվող պարտավորությունների կատարումից խուսափելու, առանց չինովնիկական խոչընդոտների մասնավոր բիզնեսով զբաղվելու միջոց, հազար ու մի այլ բան: Պաշտոնից զրկվելը մեզանում դեռեւս նշանակում է ոչ միայն պատվից ու հարգանքից, այլեւ այս կամ այն կերպ ձեռք բերած նյութական բարիքներից զրկվելու ամենաիրական վտանգ: Ահա այն գլխավոր «շարժիչ ուժը», որը եղել եւ մնում է դեռ երեկ պետական պաշտոններ զբաղեցնող ոչ քիչ այրերիՙ օրվա իշխանությունների հանդեպ ցուցաբերվող երեկվա քծնանքի ու այսօրվա մոլեգին ատելության, փրփրաերախ հայհոյաբանության ներքին զսպանակը: Ժողովուրդն այդպիսիներին քամահրանքով անվանում է «օբիժնիկներ» ռուսական բառով, որը նշանակում էՙ «նեղացածներ», իրավացիորեն չհավատալով այդպիսիների «սկզբունքային ընդդիմադիր կեցվածքին», քանզի պարզից էլ պարզ է, որ ընդդիմության շարքերն անցած նման մարդկանցից շատերի իրական մտահոգության առարկան կա՚մ կորցրածը հետ բերելն է, կա՚մ հափռածը անվտանգ պահելը: Չէ՞ որ ակնհայտ էՙ «արմատական ընդդիմություն» խաղալը այս կամ այն չափով իրոք ապահովագրում է երեկվա արածների համար պատասխան տալու անցանկալի հեռանկարից: Սրա վատն այն է, որ այս կերպ վարկաբեկվում է նաեւ իրական, սկզբունքային-գաղափարական ընդդիմությունը, ձեւավորվում է մի հասարակական հոգեբանություն, թե բոլորն էլ մի սանրի կտավ են, իշխանության են ձգտում ոչ թե իրենց գաղափարներից ելնելով մշակված ծրագրերն իրականացնելու, այլՙ պետական կարկանդակից սեփական կտորը փախցնելու համար: Ցավալի է, սակայն այս մտայնության համար իրական հիմքեր կան: Մեզանում մինչեւ հիմա էլ չեն ձեւավորվել երկրի քաղաքական դաշտի գաղափարական բեւեռները, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները կառուցվում են հիմնականում ոչ թե սկզբունքային մոտեցումների, այլՙ անձնական համակրանքների ու հակակրանքների հիման վրա: Օրինակ, ինձ համար կատարելապես հասկանալի է, երբ ռամկավարները, իբրեւ աջ-լիբերալներ, պաշտպանում են ներկայիս աջ իշխանություններին, սակայն նույնքան անհասկանալի է, երբ աջ գաղափարախոսությունը ներկայացնող այլ քաղաքական ուժեր (խնայեմ եւ անուններ չտամ) ուղղակի կենդանական ատելությամբ են վերաբերվում իշխանության լծակների մոտ կանգնած իրենց գաղափարական «եղբայրներին»: Եթե ձախ-սոցիալիստամետ ուժերի ներկայացուցիչները ժողովրդին խոստանում են իշխանության գալու դեպքում փոխել պետական կառավարման համակարգը, շուկայական հարաբերությունները ենթարկել պետական կանոնակարգման եւ այլն, այսինքնՙ առաջարկում են եվրոպական սոցիալ-դեմոկրատական կառավարման իրենց մոդելը, սա լիովին հասկանալի է, սա իրո՚ք ձախ-ընդդիմադիրների կեցվածք է: Սրա հետ կարելի է չհամաձայնել, վիճել, բայց չնկատել, որ սա գաղափարական դիրքորոշում էՙ չի՚ կարելի: Իսկ ի՞նչ անուն տալ... ա՚ջ ընդդիմադիրներին: Սրանք ի՞նչ են ասում: Ըստ էությանՙ ոչինչ: Ասում ենՙ այս իշխանության փոխարեն մենք ավելի լավ կիրականացնենք... աջ գաղափարախոսությունը: Եղա՞վ: Նախ, այսպես ասողների մեծ մասը երեկ իշխանություն էր կամ այսօրվա իշխանության մասը, եւ տեսանք, թե որքանով «ավելի լավ» էին իրականացնում աջ գաղափարախոսությունը: Երկրորդՙ մի՞թե գումարելիների տեղերը փոխելուց գումարը փոխվում է: Ուրեմնՙ ինչո՞ւ փոխել կամ հանուն ինչի՞ փոխել: Եթե փոխելու բան կաՙ նախ եւ առաջ պետության նկատմամբ վերաբերմո՚ւնքը պիտի փոխել: Ա՞ջ ես, թե՞ ձախ, պիտի հասկանաս, որ պետական իշխանությունը նախ եւ առաջ ժողովրդի՚ համար է, ժողովրդին ծառայելո՚ւ համար է, պետության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը նպաստելո՚ւ համար է, հետեւաբար պետական պաշտոն ունենալը առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն է: Եթե մարդու համար պետությունը բարձրագույն արժեք է, ապա նա, պաշտոն ստանձնելուց առաջ, մի լավ կմտածի, թե կարողանալո՞ւ է պատշաճ մակարդակով կատարել իրեն հանձնարարված գործը, արդարացնել վստահությունը, թե՞ ոչ: Եթե պետությունը մարդու աչքում մնում է իբրեւ «կթու կով», բնականաբար, նրան այս կարգի մտահոգությունները չեն տանջի:
Կադրերի բարոյական դաստիարակության այս ոլորտն է, որ մեզանում, ավաղ, բացարձակապես դուրս է մնացել թե՚ նախորդ, թե՚ ներկա իշխանությունների ուշադրությունից: Կադրերն, այո՚, պետության կայացման ե՚ւ գլխավոր լծակն են, ե՚ւ խոչընդոտը, նայած, թե ինչ սկզբունքով են ընտրվում: Կադրերի նշանակման նախկին «թիմային» եղանակն այժմ փորձ է արվում փոխել մրցութային եղանակով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ դա լինելու է ոչ թե պետական պաշտոնի հավակնորդների գործնական հատկանիշների, այլՙ բարձրաստիճան հովանավորների կամ դրամական միջոցների «մրցույթ»: Եվ մեր պետական մեքենան շարունակելու է տեղապտույտը, Պլուտարքոսի մատնանշած մեր «պատը» ծուռ է շարվելու, մինչեւ որ պետության կայացման անտեսված բարոյական սկզբունքը չգերակայի մյուս բոլո՜ր սկզբունքներից:
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ