ՌԴ ՍԴԾ տնօրեն Կ. Տոցկուն գոհացնում է հայ-ռուսական սահմանապահ համագործակցությունը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Վլ. Ժիրինովսկին վրացական «Փրայմ նյուս» գործակալությանը երեկ տված հարցազրույցումՙ «Համաձա՞յն եք այն հայտարարություններին, որոնց հեղինակները Վրաստանին մեղադրում են չեչենամետ դիրքորոշում ունենալու մեջ» հարցին պատասխանում է. «Հեյդար Ալիեւը կարողացավ հասնել այն բանին, որ չկան կասկածներ, թե ադրբեջանական փողոցներով զբոսնում են չեչեն գրոհայինները: Հայաստանում նույնպես չկան: Միայն Վրաստանում կան չեչեն գրոհայիններՙ մի քանի հազար: Դա ապացուցում է հետախուզությունը, եւ վրացական հատուկ ծառայություններն այդ մասին շատ լավ գիտեն»: Սա իմիջիայլոց:
Երեկ ՌԴ սահմանապահ դաշնային ծառայության (ՍԴԾ) տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկին ՀՀ ազգային անվտանգության նախարար Կարլոս Պետրոսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում նշեց, որ անդրկովկասյան հանրապետությունների տարածքով Չեչնիա են հասնում օտարերկրյա վարձկաններ, տեղափոխվում են զենքեր: «Կարող եմ ընդգծել, որ տվյալների, թե Հայաստանի տարածքով տեղափոխվում են գրոհայիններ, զենք, մենք չենք տիրապետում», ասաց պրն Տոցկին:
ՌԴ ՍԴԾ տնօրենը մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախարար, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վերջինս գեներալ-գնդապետ Կ. Տոցկուն պարգեւատրել է անվանական զենքովՙ նկատի առնելով նրա անձնական մեծ ներդրումը Հայաստանի սահմանների պաշտպանության գործում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի պետական սահմանիՙ ՍԴԾ օպերատիվ խմբի ուժերով պահպանության ապահովման խնդիրները: Երեկ Կ. Տոցկին եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը արձանագրություն են ստորագրել «ՀՀ-ում ՌԴ դաշնային սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի պահպանման ծախսերի հաշվեկշիռը հաստատելու մասին»: Ըստ այդ նախահաշվի, հայաստանյան կողմը ստանձնել է օպերատիվ խմբի ֆինանսավորման 57 տոկոսը, մնացյալ 43-ըՙ ռուսական կողմը: «Հայաստանի ղեկավարությունը տրամադրում է իր չափաբաժինը, կցանկանայի ընդգծել, որ վերջին երկու տարիներին ստանձնած ֆինանսավորման պարտավորությունները կատարում է 100 տոկոսովՙ չթողնելով ֆինանսավորումը մինչեւ տարեվերջ, այլ տրամադրում է չափաբաժիններով ամբողջ տարվա ընթացքում», նշեց Կ. Տոցկին:
Ռուս սահմանապահները Հայաստանի արեւմտյան եւ հարավային սահմանները պաշտպանում են 1924 թվականից: Խորհրդային տարիներին սահմանապահները ենթարկվում էին ՊԱԿ-ին, այժմՙ անմիջականորեն Ռուսաստանի նախագահին: Ներկայումս ՍԴԾ օպերատիվ խումբը հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի ողջ երկայնքով բաժանված է ջոկատներիՙ Գյումրի, Արմավիր, Արտաշատ, Մեղրի: 1992 թ. ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված «ՀՀ տարածքում սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրի համաձայն, Ռուսաստանի սահմանապահ զորքերը համալրվում են հավասար հարաբերակցությամբՙ 50 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ, 50 տոկոսըՙ Ռուսաստանի:
«Ընդհանուր առմամբ սահմանի պաշտպանության հուսալիության մակարդակը հասնում է խորհրդային ժամանակների հուսալիությանը», ասաց Կ. Տոցկին: 2000 թ. ընթացքում գրանցվել է սահմանախախտության 29 դեպք, 2001 թ.ՙ 60: «Այդ խախտումներն այնքան էլ վտանգավոր բնույթ չունեն, սպառնալի չեն», նշեց ՌԴ ՍԴԾ տնօրենըՙ ներկայացնելով 2001 թ. ՌԴ սահմանապահ ծառայության տվյալները, համաձայն որի առգրավվել է մոտ վեց տոննա թմրանյութ, որից 2,5 տոննանՙ հերոին:
Կ. Տոցկին նշեց, որ թեեւ Հայաստանն «այնքան էլ հարուստ պետություն չէ», այնուամենայնիվ, պետական բյուջեից սահմանների պաշտպանության եւ բարելավման նպատակով տրամադրում է միջոցներ: ՌԴ ՍԴԾ տնօրենը հատուկ կարեւորեց ռուս սահմանապահների հանդեպ տեղի բնակչության եւ տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերմունքըՙ դրանք որակելով «բարի հարաբերություններ»:
Ծառայողական գործունեության մեջ դրսեւորած անձնական ցուցանիշների եւ ՌԴ պետական սահմանի պաշտպանության գործում անբասիր ծառայության համար մի շարք զինծառայողներ ՌԴ նախագահ Վ. Պուտինի անունից պարգեւատրվել են «Պետական սահմանի գերազանց պաշտպանության համար» մեդալով: Կ. Տոցկին Կարլոս Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին պարգեւատրել է «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Գեներալ-գնդապետ Տոցկին, անդրադառնալով Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ռազմական զորակազմ տեղակայելու հավանականության մասին մեկնաբանություններին, ասաց, որ չի տեսնում սպառնալիք այդ հանրապետությունների անվտանգությանը, այդ թվումՙ Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մյուս հարեւան հանրապետություններից: