Ստեփանակերտում բնակարանների սեփականաշնորհումը սկսվել էր դեռեւս 1990 թ.-ից: Չնայած ապապետականացման համար նախատեսված բարձր գներին, այդուհանդերձ, 1990-91 թթ. այստեղ սեփականաշնորհվել է 548 բնակարան: Գործընթացը կանգնեցվել է զուտ պատերազմական գործողությունների ծավալման հետեւանքով: Իսկ ահա 1997 թ. ԼՂՀ կառավարության որոշմամբ կազմվել է մայրաքաղաքի բնակֆոնդի ապապետականացման քառամյա ծրագիր, որի վերջնական ժամկետը նշվել է 2001 թ. դեկտեմբերի 31-ը: Անցած տարիներին Ստեփանակերտում սեփականաշնորհվել է եւս 4792 բնակարան կամ ամբողջ բնակֆոնդի 67 տոկոսը: Շուրջ 2000 բնակարաններ դեռեւս մնում են պետական սեկտորի հաշվառման տակ, սակայն քաղաքապետարանի որոշմամբ սեփականաշնորհման գործընթացըՙ կապված ժամկետը լրանալու հետ, կրկին կասեցվել է:
Քաղաքապետարանի բնակարանային եւ կոմունալ շահագործման բաժնի վարիչ Արմեն Հակոբյանի խոսքերով, քաղաքապետարանը սեփականաշնորհումը եւս մեկ տարով երկարաձգելու խնդրանքով դիմել է կառավարությանը: Դժվար թե մեկ տարում հնարավոր լինի ավարտել գործընթացը, թեպետ վերջին տարում, առանձնապես վերջին ամիսներին, նկատվել է սեփականաշնորհման դիմումների աննախադեպ աճ: Եթե 2001 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին քաղաքապետարանը ստացել է նմանատիպ 233 դիմում, ապա միայն վերջին եռամսյակում այդ թիվը կազմել է 263 դիմում:
Ստեփանակերտցիներին, թերեւս, նման հապշտապության է մղում այն հանգամանքը, որ նոր տարվանից պետական բնակարանների բնակվարձը ընդհանուր մակերեսի 1 քմ համար 6-ից դարձել է 8 դրամ, իսկ սեփականաշնորհված բնակարաններինը մնացել է նույնըՙ 4 դրամ: Սեփականաշնորհման գինը Ստեփանակերտում այնքան էլ բարձր չէՙ միջինը 5.000 դրամ: Ապապետականացման գործընթացի հապաղումը, Արմեն Հակոբյանի հավաստմամբ, պայմանավորված է բնակիչների մի մասի բացակայությամբ, առանց որոնց համաձայնության ընտանիքի մյուս անդամները դժվարանում են իրականացնել բնակարանի սեփականաշնորհումը:
Թվում էՙ բնակչության հարաճուն շահագրգռությունը բնակարանների սեփականաշնորհման գործում լավ հնարավորություն է ընձեռում այդ գործընթացը բարեհաջող ավարտելու համար, ուստի ապապետականացման ծրագիրն անբավարար ժամկետով սահմանափակելը, տվյալ դեպքում, արդյունավետ լինել չի կարող:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ