Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը երեկ ավարտեց երկօրյա աշխատանքը, որից հետո հանձնաժողովի համանախագահներՙ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Եվրոպայի ու Եվրասիայի ԱՄՆ օժանդակության համակարգող դեսպան Ուիլյամ Թեյլորը կարճատեւ հանդիպում ունեցան լրագրողների հետ եւ բավականին ժլատ տեղեկություններ հաղորդեցին քննարկումների մասին:
Երկու ելույթ ունեցողները մի զգալի ժամանակահատված ողջունեցին եւ շնորհակալություն հայտնեցին միմյանց, այնուհետեւ խոսեցին արդյունավետ աշխատանքի, դրա ուղղությունների, Հայաստանին հատկացված ամերիկյան օգնության արդյունավետ ծախսման անհրաժեշտության մասին: Կոնգրեսի տրամադրած 90 մլն դոլարը եւ ընդհանրապես Հայաստանում իրագործվող մյուս ծրագրերը, ըստ Վարդան Խաչատրյանի, պետք է ներդաշնակեն աղքատության նվազեցման ծրագրին: Նախարարն ընդգծեց, որ չնայած 9 տոկոս տնտեսական աճին, ստացվող արդյունքը համաչափ չի բաշխվում: Պետք է անել անհրաժեշտը, որպեսզի բեւեռացումը մեղմվի եւ տնտեսական աճը նեղ շրջանակներին չընդգրկի:
Այս պայմանավորվածությունից բացի, ամերիկյան կողմի հետ համաձայնություն արձանագրվեց սառեցնելու հայկական բանկերում այն հաշիվները, որոնք հնարավոր է ուղղվեն ահաբեկչական գործողություններին: Ապա հայկական կողմը պարտավորվեց նաեւ օրենսդրական կարգավորում տալ արտահանման վերահսկման ուժեղացմանը, որը ենթադրում է հնարավորություն չտալ Հայաստանի տարածքով քիմիական կամ զանգվածային ոչնչացման այլ զենք տեղափոխել:
Ամերիկյան կողմը պարտավորվել է օժանդակել հակակոռուպցիոն ծրագրի մշակմանը: Քննարկվել են նաեւ ծխախոտի հումքի ԱՄՆ արտահանելու չափաքանակի ավելացման, եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու, քաղաքացիական, քրեական եւ ընտանեկան գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցերը:
Դեսպան Ուիլյամ Թեյլորը թվարկեց այն ոլորտները, որտեղ ուղղվելու է ամերիկյան օժանդակությունը: Դրանք են էներգետիկան (ատոմային էներգիայի անվտանգություն, բաշխիչ էներգացանցերի կառավարման հանձնում), գյուղատնտեսությունը (ֆերմերային տնտեսություններին աջակցություն, գյուղմթերքների վերամշակում), կրթությունը եւ այլն: Դեսպանը եւս ընդգծեց տնտեսական աճն ամբողջ բնակչության վրա տարածելու անհրաժեշտությունը եւ խոստացավ իր երկրի աջակցությունն այդ հարցում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ