ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այսպիսի արդյունք տվեցին «Արմենտելի» եւ Հայաստանի կառավարության առավել քան 60-օրյա բանակցությունները: Ստորագրված համաձայնագիրը երեկ հաստատվեց ՀՀ կառավարության նիստում: Կառավարության կողմից ստորագրած ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ մանրամասնեց ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նախարարը հիշեցրեց, որ «Արմենտելն» իրավունք ուներ, ըստ նրան տրամադրված թիվ 60 լիցենզիայի, րոպեավճար մտցնել 1999 թ. հունվարի 1-իցՙ 8 դրամ 1 րոպեի համար: Անվճար խոսակցության համար ընկերությունը սահմանել էր ամսական 120 րոպե: Այժմ, ինչպես արդեն նշվեց, 120 րոպեից անվճար խոսակցության ժամանակահատվածը դարձել է 360 րոպե թվային հեռախոսակայանների համարՙ 900 դրամ բաժանորդավճարով: Րոպեավճարը նախատեսվող 8 դրամից իջել է 4 դրամի: Այս կարգը կսկսի գործել արդեն փետրվարի 1-ից եւ, համենայն դեպս, մինչեւ 2002 թ. վերջը սակագների նոր փոփոխություններ չեն լինի: Ինտերնետ կապի համար 1 րոպեն կարժենա 1 դրամ: 360 րոպե անվճար խոսելու հնարավորությունը տրվել է նաեւ իրավաբանական անձանց:
Արդարադատության նախարարը հայտնեց մեկ այլ նորամուծության մասին, որը տալիս է անսահմանափակ խոսակցության իրավունք: Այսինքնՙ բնակիչը հնարավորություն ունի մինչ հերթական ամիսը վճարել 2400 դրամ եւ ստանալ ինչպես հեռախոսային անսահմանափակ խոսակցության, այնպես էլ ինտերնետ կապի հնարավորություն:
Նույն հնարավորությունն ունեն նաեւ իրավաբանական անձինք, սակայն, ավելի բարձր գումար վճարելու միջոցով: 2002 թ. այդ գումարը կկազմի 5100 դրամ, 2003 թ.ՙ 6300 դրամ, 2004 թ.ՙ 7500 դրամ: Սա, փաստորեն, կստիպի հատկապես պետական հաստատություններին կողմնորոշվել իրենց հատկացված միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման հարցում:
«Արմենտելի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ 18 ամսվա ընթացքում ստեղծել հեռահաղորդակցության սակագները որոշող հանձնաժողով, ընտրել համատեղ իրավախորհրդատու, որոնց ծախսերը կհոգան ե՚ւ «Արմենտելը», ե՚ւ ՀՀ կառավարությունը:
Հաջորդ կարեւոր հարցը, որը քննարկվել եւ արդյունավետ ավարտ է ունեցել, վերաբերում է ներդրումներին: Այսպես կոչված պարտադիր փաթեթով «Արմենտելը» պետք է առաջին 2 տարում ներդներ 100 մլն դոլար, հաջորդ 3 տարումՙ նույնպես 100 մլն դոլար, որից հետո, 5 տարվա ընթացքում, եթե «Արմենտելը» տնտեսապես նպատակահարմար գտնիՙ եւս 100 մլն դոլար: Այստեղ կատարված փոփոխությունները հետեւյալն են. 2-րդ 100 մլն դոլարը պետք է ներդրվի ոչ թե 3, այլ 4 տարվա ընթացքում: Իսկ այսպես կոչված 3-րդ այլընտրանքային ներդրումների գումարը կրճատվել է մինչեւ 65 մլն դոլար:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ մի շարք այլ կարեւոր հարցեր կամ չեն քննարկվել, կամ բանակցությունները դրանց շուրջ շարունակվում են: Սակայն ընդհանուր առմամբ նա բանակցությունները հաջող համարեց: Եթե դրանք ձախողվեին, ապա, ըստ նախարարի, կսկսվեր դատական գործընթաց, որից կողմերը խուսափում են:
Այդուհանդերձ, մի շարք սկզբունքային հարցեր լուծում չեն ստացել: Բջջային խոսակցությունների սակագները չեն իջեցվել, որի թանկության մասին բազմիցս ասվել է, միջազգային ելքի կապուղիների վարձակալման հարցը նույնպես չի քննարկվել: Եթե սրանք, ըստ նախարարի, քննարկվելիք հարցեր են, ապա «Արմենտելի» մենաշնորհի հետագա ճակատագրի հարցի քննարկումից ընկերությունը հրաժարվել է: Դա Դավիթ Հարությունյանը բացատրեց նրանով, որ բանակցություններին հրաժարվել է մասնակցել OTE-ն: Իսկ շատ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք հենց նա ունի:
Այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ կառավարությունը հաղթանակ արձանագրեց, Դավիթ Հարությունյանը դրական պատասխանեց: Նրա կարծիքով, սա նյութական հաղթանակ է, եթե նկատի առնվի, թե ինչ կար մինչ այս պայմանավորվածությունները, ինչ կլիներ, եթե բանակցությունները ձախողվեին:
Այնուամենայնիվ, դժվար է համադրել դրականն ու բացասականը եւ որոշել, թե որն է ավելի շատ: Սակայն միանշանակ է, որ «Արմենտելի» խնդիրը դեռեւս հեռու է վերջնական հանգուցալուծումից, դրա շուրջ շարունակվելու են վեճեր բորբոքվել, ինչպես նաեւ չեն դադարելու եւ ամենայն հավանականությամբ նոր թափ են ստանալու քաղաքական շահարկումները: