«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2002-01-23 | #13, 2002-01-24 | #14, 2002-01-25


ԱՆՊԱՇՏՊԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐՆ ՈՒ ՉԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԸ

«Մեր բնակչության մեծ տոկոսը հիվանդ է եւ խուսափում է բժշկի դիմելուց, որովհետեւ վճարունակ չէ», ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը, որը երեկ կլոր սեղան էր հրավիրել Լրագրողների միության շենքումՙ քննարկելու «Հիվանդների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի անհրաժեշտությունն ու բացակայության հետեւանքները: Տիկին Հակոբյանի կարծիքով, մեր հանրապետությունում անժամանակ է ստեղծվել վճարովի բժշկական համակարգը: Վճարովի բուժօգնությունը գործում է քաղաքակիրթ երկրներում, որտեղ քաղաքացիները պաշտպանված են օրենքով, եւ ծառայություն մատուցողը պատասխանատու է իր գործողությունների համար, քաղաքացին վճարում է միայն որակյալ ծառայության դիմաց: Իսկ Հայաստանում ազգաբնակչության մեծ մասը, գտնվելով ծայրահեղ աղքատության մեջ, կարիքից ելնելով հաճախ իր ունեցվածքն է վաճառումՙ հոգալու իր կամ հարազատի բուժման ծախսերըՙ հաճախ չստանալով որակյալ եւ երաշխիքային բուժօգնություն: Ասոցիացիայի նպատակն է ընդունել «Հիվանդի իրավունքների պաշտպանության մասին» նոր օրենք, որովհետեւ ՀՀ սահմանադրության 1996 թ. օրենքը ոչ թե հիվանդի իրավունքների, այլ առողջապահության պահպանման մասին է: Կլոր սեղանին մասնակցում էր Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի փորձագետ Սամվել Հովհաննիսյանը, որի համոզմամբՙ նոր օրենք ընդունելու անհրաժեշտություն չկա, քանի որ արդեն ընդունված օրենքում առկա է հիվանդի իրավունքների պաշտպանության մասին բաժինը, որը գուցե փոփոխության կամ լրացման կարիք ունի: Այս կարծիքը պաշտպանեցին նաեւ մի քանի բժիշկներ: Ցավոք, կլոր սեղանին չէին ներկայացել առողջապահության նախարարությունից հրավիրվածները, որոնց կարծիքն այս խնդրի շուրջ հետաքրքիր կլիներ լսել:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4