«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2002-01-24 | #14, 2002-01-25 | #15, 2002-01-26


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ռուսական ռազմական ներկայությունը Ադրբեջանում կշարունակվի եւս տասը տարի. Գաբալայի ՌՏԿ-ն «վաճառվեց» 70 մլն դոլարով

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Երեկ Կրեմլում տեղի ունեցած Վլ. Պուտին-Հ. Ալիեւ «դեմ առ դեմ» հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «Ռուսաստանի, ինչպես եւ Ադրբեջանի կարծիքով, Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը չկա եւ ոչ մի այլընտրանք»: Պուտինը ղարաբաղյան հակամարտությունը բնորոշել է «ամենասուր» եւ հաստատել, որ Ռուսաստանը «կենսականորեն» շահագրգռված է խնդրի կարգավորմամբ, որովհետեւ ցանկանում է զարգացնել ե՚ւ Հայաստանի, ե՚ւ Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ընդ որում, ինչպես նկատել է Պուտինը, հակամարտությունը պետք է լուծվի «առանց հաղթողներ եւ պարտվածներ տարբաժանման»: Ռուսաստանի առաջնորդը հաստատել է, որ «Ռուսաստանը հակամարտության կարգավորման մասին խոսելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերում»: Ադրբեջանի նախագահը, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում արած հայտարարություններում «ղարաբաղյան կարգավորման բանալին փնտրում է Մոսկվայում», գոհունակություն է արտահայտել այն ուշադրությունից, որն այդ խնդրի կարգավորմանը դարձնում է Ռուսաստանը: Այս անգամ Ալիեւը Մոսկվայի դերը որակել է «կարեւոր, վճռորոշ»:

Ղարաբաղի հարցը գլխավոր թեման է եղել Պուտին-Ալիեւ բանակցություններում, հաղորդում են ռուսական գործակալությունները: «Հայ-ադրբեջանական կարգավորումը կարեւոր է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ Կովկասի համար», նշել է Հ. Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի Ռուսաստան եռօրյա պետական այցը նոր որակ է բերելու ռուս-ադրբեջանական հարաբերություններին: Համենայն դեպս, այդպես են արտահայտվում Մոսկվայի եւ Բաքվի պաշտոնյաները, իսկ ռուսական ԶԼՄ-ները ողողված են Հ. Ալիեւի, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին պատմող հրապարակումներով: Այսուհետ ռուսական ազդեցիկ «Իզվեստիան» պարբերաբար լույս կտեսնի «Իզվեստիա-Ադրբեջան» հավելվածով: Հ. Ալիեւի Մոսկվա այցելության օրը լույս է տեսել հավելվածի առաջին համարը: Ներկայացնենք մի քանի հրապարակումների վերնագրերը. «Մեծ քաղաքականությունՙ բարձրագույն արվեստ», «Մոռացված փախստականներ», «Կովկասում Բաքուն կարող է դառնալ Ռուսաստանի հենարանը»:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին տասը տարիներին եղել են բարդ: Ռուսական մամուլը դրա մեջ մեղադրում է նախկին նախագահ Բ. Ելցինին, որն «ուղղակի տանել չէր կարողանում Հ. Ալիեւին», «բայց այսօր Հ. Ալիեւը կարողացել է մոռանալ ելցինյան Մոսկվայի վիրավորանքները»: 2001 թ. հունվարին, երբ Պուտինը պաշտոնական այց կատարեց Բաքու, ռուս-ադրբեջանական հարաբերություններում «ձնհալ» նկատվեց: «Այսօրվա հանդիպումը եւ ստորագրված փաստաթղթերը տեսանելիորեն վկայում են Վլ. Պուտինի Ադրբեջան այցելության գործնական եւ անցնող տարվա ընթացքում կատարված ամբողջ աշխատանքի արդյունքները: Հենց անցնող տարի սկսվեց ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների նոր փուլը», երեկ հայտարարել է Ալիեւը:

Մոսկովյան բանակցություններում լուծվել է ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, թերեւս, դժվարագույն խնդիրը: Խոսքն Ադրբեջանի հյուսիսում 1985 թ. կառուցված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) մասին է, որի օգնությամբ ռուսները հնարավորություն ունեն վերահսկելու 7.200 կմ շառավիղով օդային տարածքներ: Ելցինի օրոք Բաքուն պահանջում էր վերացնել կայանըՙ պատճառաբանելով, թե վնասում է ադրբեջանցիների առողջությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում Գաբալայի ՌՏԿ-ն ռուսական միակ ռազմական օբյեկտն է: Անկասկած, կայանը վնասակար է ադրբեջանցիների առողջությանը, բայց Բաքվի «փորացավը» դա չէր: ՆԱՏՕ ձգտող Ադրբեջանի համար Գաբալան խոչընդոտ էր: Երեկ Պուտինը եւ Ալիեւը ստորագրել են «Գաբալայի ՌՏԿ-ի կարգավիճակի, սկզբունքների եւ շահագործման պայմանների մասին» համաձայնագիր, ըստ որի կայանը համարվում է Ադրբեջանի սեփականությունը, 10 տարի ժամկետով եւ 70 մլն դոլար գումարի դիմաց վարձակալությամբ տրվում է Ռուսաստանին, կայանի շարժական գույքը համարվում է Ռուսաստանի սեփականությունը: Նախքան Ալիեւի այցելությունը, կողմերը դժվարանում էին փոխզիջումների գնալ: Ռուսական կողմը հայտարարում էր, որ Գաբալայի վարձակալության համար պատրաստ է վճարել տարեկան 2 մլն դոլար եւ շահագործել առնվազն մինչեւ 2020 թ., Բաքուն պահանջում էր 5 մլնՙ պայմանով, որ 3-5 տարում ռուսները հեռանան Ադրբեջանից: Ուշագրավ փոխզիջում է. Մոսկվան վճարում է ավելին, քան նախատեսել էր: Պիտի ենթադրել, որ Բաքուն առժամանակ կմոռանա ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը:

Մեկ այլ վիճահարույցՙ Կասպիցի իրավական կարգավիճակի խնդրում եւս Պուտինն ու Ալիեւը, թվում է, ընդհանուր համաձայնության են եկել: Պուտինը լրագրողներին ասել է, որ «Կասպիցի հարցերում նկատվում է առաջընթաց», եւ մոտ ժամանակներում «ձեռք բերված պայմանավորվածությունները կամրապնդվեն փաստաթղթային ձեւով»: Իր հերթին Ալիեւը նշել է. «Ուրախ էի լսելու, որ Ռուսաստանը եւ Ղազախստանը որոշակիացրել են Կասպիցի հատակով անցնող միջին գծի կոորդինատները»: Ադրբեջանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները Կասպիցի իրավական կարգավիճակի հարցում մոտ են, եթե չասենքՙ նույնական. ջրի ընդհանուր մակերեսը թողնել բոլոր ափամերձ պետությունների օգտագործմանը, իսկ հատակըՙ բաժանել ազգային սեկտորների: Երեկվա հանդիպման ընթացքում Կասպիցի կարգավիճակի մասին համաձայնագիր չի կնքվել: Բաց է մնացել նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կարեւորագույն եւս երկու հարց. Սամուր գետի երկարությամբ սահմանազատման, ինչպես նաեւ Ադրբեջանում ռուսների եւ Ռուսաստանում ադրբեջանցիների կարգավիճակի խնդիրները:

Պուտին-Ալիեւ բանակցություններն անչափ գոհացրել են Ադրբեջանի նախագահին: «Ես բավարարված եմ ամեն ինչով, բանակցությունների առաջին րոպեից մինչեւ այժմ: Մենք կարծիքներ ենք փոխանակել բազում հարցերի շուրջ, տեսակետների լիովին համընկնում ենք տեսնում», լրագրողներին ասել է Ալիեւը: «Եթե Ադրբեջանում ռուսերեն բոլորը խոսեն այնքան լավ, որքան նախագահն է խոսում, մենք բոլորս երջանիկ կլինենք», հաճոյախոսել է Պուտինը, որին հաջորդել է Ալիեւի հաճոյախոսությունը. «Ադրբեջանում բացել ենք Պուշկինի արձանը, մեզ դաստիարակել են Պուշկինի բանաստեղծություններով, մենք Պուշկին անգիր գիտենք»:

Ալիեւը հանդիպել է նաեւ Մոսկվայի քաղաքագլուխ Լուժկովին, հարցուփորձ արել մայրաքաղաքի թատրոններից, ուշ երեկոյանՙ վարչապետ Մ. Կասյանովին:

Լրատվական գործակալությունները չեն հիշատակումՙ արդյոք Պուտինն ու Ալիեւը քննարկե՞լ են Ադրբեջանում իշխանությունը խաղաղ ճանապարհով Իլհամ Ալիեւին փոխանցելու հարցը: Գաղտնիք չէ, որ ոչ միայն ղարաբաղյան կարգավորման բանալին է Մոսկվայում, այլեւ Հեյդարից Իլհամին գահը փոխանցելու բանալին: Այդ հարցերի քննարկման ժամանակը Պուտինն ու Ալիեւը կգտնեն: Ռուսաստանի նախագահն ադրբեջանցի իր գործընկերոջն ամռան սկզբին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4