«Արմենտելի» մենաշնորհը մնաց անսասան
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այսպիսով, 60-օրյա բանակցություններն «Արմենտելի» եւ Հայաստանի կառավարության միջեւ ավարտվեցին, բնակչությանը հուզող ամենակարեւոր հարցիՙ րոպեավճարի որոշումն ընդունվեց: Կողմերը փոխադարձ համաձայնության եկան նաեւ ինտերնետ կապի սակագների, ներդրումների, սակագները որոշող հանձնաժողովի կազմավորման մասին: Դրա հետ մեկտեղ, փաստորեն, չքննարկվեցին կարեւորագույն մի շարք հարցեր եւ մասնավորապես «Արմենտելի» մենաշնորհի հարցը: Վերջինիս անփոփոխ մնալը շարունակելու է ժամանակ առ ժամանակ բարդություններ առաջացնել կապի այս կամ այն ծառայության ոլորտում: Սակայն նախ անդրադառնանք ձեռք բերված պայմանավորվածություններին եւ փորձենք ներկայացնել դրանց դրական եւ բացասական կողմերը:
Որ պայմանավորվածությունը թեկուզ սահմանափակ հարցերի վերաբերյալ ձեռք բերվեց, ընդհանուր առմամբ դրական իրադարձություն էր: Վերհիշենք, թե ինչպիսին էր կացությունը մինչ բանակցությունները: Փոխադարձ մեղադրանքներ, կողմերի հակադիր որոշումներ, որի հետեւանքով իրենց պարտավորությունների մեջ չկողմնորոշվող բաժանորդներ, կապի համակարգի անորոշ ապագա: Այս խնդիրներն այլեւս չկան: «Արմենտելն» ու կառավարությունն իրար չեն մեղադրում կամ հակադրվում, բնակիչներն արդեն գիտեն, թե երբ եւ որքան պետք է վճարեն, իսկ համակարգի համար որոշակի պատկեր է հստակեցվել: Կարելի էր ենթադրել, թե խափանումներն այստեղ ինչ հարվածներ կհասցնեին տնտեսության մյուս ճյուղերին, ներդրումների հոսքին եւ ընդհանրապես երկրի վարկանիշին:
Մյուս կողմիցՙ դիտարկենք, թե ինչ էին ասում կողմերը մինչեւ բանակցությունները, եւ որքանով են այդ մոտեցումները համապատասխանում ձեռք բերված պայմանավորվածությանը: Կառավարությունը կտրականապես դեմ էր րոպեավճարին, իսկ «Արմենտելը» հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից այն գործում էՙ 120 րոպե անվճար, այնուհետեւ 1 րոպեի համար 8 դրամ սակագնով: Այս առումով կարող ենք փաստել, որ ընդունված համաձայնագիրն իսկապես փոխզիջումային է, եւ կողմերը հրաժարվել են իրենց նախնական կոշտ դիրքորոշումներից:
Կարծում ենք, որ հատկապես բնակչության համար դրական էր նաեւ հաստատագրված վճարով անսահմանափակ խոսելու հնարավորության ընձեռումը: Հիշեցնենք, որ նման տարբերակ «Արմենտելին» տրված լիցենզիայով նախատեսված չէր: Այսքանով սակայն դրական գործոնները հայկական կողմի համար սահմանափակվում են:
Անգամ ինտերնետ կապի սակագների իջեցումը չի կարելի միանշանակ դրական համարել, որովհետեւ դրանք դեռեւս շարունակում են բարձր լինել միջազգային գներից, իսկ որակական բարեփոխությունները դեռեւս տեսանելի չեն:
Ներդրումների վերաբերյալ որոշումը կառավարության արած միակողմանի զիջում էր: Հունական կողմը հնարավորություն ստացավ մեկ տարի հետաձգել 2-րդ 100 մլն դոլարի ներդրման ժամկետը, իսկ երրորդ հնարավոր 100 մլն դոլարը դարձավ հնարավոր 65 մլն դոլար:
Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց համար պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, ապա այդ փաստն արդեն իսկ վկայում է հայկական կողմի թույլ դիրքերի մասին: Որո՞նք են դրանք:
Բջջային կապի որակը շարունակում է անհուսալի մնալ, իսկ խոսակցության սակագները գոնե առայժմ չնվազեցին: Միջազգային ելքի համար կապուղիների վարձակալության սակագների հարցը մնաց առկախ: Սա այն գործոններից է, որը զսպող ազդեցություն է ունենում մեր երկրի համար գերակայող ճյուղ հայտարարված ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման վրա: Դեռեւս ճշտման ենթակա է «Արմենտելի» կարեւոր պարտավորություններից մեկըՙ 800 գյուղի թվային հեռախոսակապով ապահովելը: Ըստ արդարադատության նախարարի, թե ի՞նչ է դա նշանակում, պետք է հստակեցվի 90-օրյա նոր բանակցությունների ընթացքում:
Վերջապես գլխավորըՙ «Արմենտելի» մենաշնորհի հարցը, որը հունական կողմը հրաժարվեց քննարկել: Դա մնում է հարցերի հարցը, արհեստականորեն առաջացող բոլոր խոչընդոտների գլխավոր պատճառը: OTE-ն ամուր է կառչած այդ մենաշնորհից եւ ամենայն հավանականությամբ չի զիջի, եթե որեւէ լուրջ սայթաքում կամ բացթողում չունենա իր պարտավորությունների մեջ, ինչն ուժեղ խաղաքարտ կդառնա հայկական կողմի համար: Այն փաստը, որ OTE-ն հրաժարվեց մասնակցել բանակցություններին, լրացուցիչ վկայություն է, որ հունական ընկերությունը վստահ է զգում իրեն եւ մտադիր չէ այս հարցը քննարկել անգամ: Միակ հնարավորությունը, որ մնում է Հայաստանին, մենաշնորհի չարաշահումն արգելող օրենսդրական դրույթները, որոնք ամրագրված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում, կենսագործելն է:
Եվ թերեւս ամենատրամաբանական հարցըՙ Հայաստանի կառավարությունը հասա՞վ հնարավորինս առավելագույն արդյունքի: Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ: Դրական կամ բացասական գնահատական հնարավոր կլինի տալ այն դեպքում, երբ կունենանք բոլոր հետաձգված եւ քննարկման ենթակա հարցերի լուծումները: Այդուհանդերձ, հաստատապես կարելի է ասել հետեւյալըՙ ներկայիս կառավարությունը եւ ամբողջ բնակչությունը բախվում են «Արմենտելի» վաճառքի պայմանագրի հետեւանքներին: Ունենալով ոչ շահավետ պայմանագիրՙ չի կարելի շահավետ պայմաններ ակնկալել կամ մեզ ձեռնտու զիջումներ ստանալ: