«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2002-01-24 | #14, 2002-01-25 | #15, 2002-01-26


«ԴԱՎԻԴՈՖՆ» ԸՆԴԴԵՄ «ՍԻԳԱՐՈՆԻ»

Հայկական ընկերությունը լուրջ մրցակից է դարձել

Գերմանական «Ռեմսմա» ընկերությունը, որն աշխարհում հայտնի է «Դավիդոֆ» ծխախոտների արտադրությամբ, դատական հայց է ներկայացրել ընդդեմ հայկական էլիտար ծխախոտ արտադրող «Սիգարոն» ընկերության: Դատական առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 21-ին Ամստերդամում, եւ, ամենայն հավանականությամբ, փետրվարի առաջին կեսին կընդունվի վճիռ: Այս գործընթացի եւ «Ռեմսմայի» հետ ծագած խնդիրների մասին հանգամանալից տեղեկություն հաղորդելու նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել «Սիգարոն» ընկերության տնօրեն Կարեն Ադոնցը:

Տնօրենը կարծիք հայտնեց, որ եվրոպական երկրներում գործող այս ոլորտի օրենսդրությունը խոչընդոտում է զարգացող երկրներին այդ շուկաներ մտնելու: Նա բնական համարեց, որ ճանաչված ընկերությունները պետք է պաշտպանեն իրենց ապրանքանշանները, բայց տվյալ դեպքում խնդիրն այլ է: «Ռեմսման», որն աշխարհի 4-րդ խոշորագույն ծխախոտ արտադրող ընկերությունն էՙ 3 մլրդ դոլար ապրանքաշրջանառությամբ, հանձին «Սիգարոնի» վտանգավոր մրցակից է տեսնում: Այդ ընկերությունը հատկապես «Սիգարոնի» դեմ ակտիվ է հանդես գալիս այնտեղ, որտեղ մեծ ազդեցություն ունի:

Կարեն Ադոնցն անառողջ մրցակցության նշաններ համարեց այն փաստերը, որ «Սիգարոնի» մատակարար երկու ընկերություններ նամակով դիմել են իրեն, թե ստիպված են դադարեցնել «Սիգարոնի» պատվերների կատարումը: Նրանք դա պատճառաբանել են «Ռեմսմայի» հետ կոնֆլիկտից խուսափելու նպատակահարմարությամբ:

Իսկ կոնկրետ ի՞նչ է վիճարկում գերմանական ընկերությունը: Առաջինըՙ «Սիգարոնի» ութանիստ տուփերը, որոնք դարձյալ արտադրում է գերմանական «Ֆոկե» ընկերությունը: Տնօրենը հայտնեց, որ իրենք այդ տուփերի ստացման պայմանագիր ունեն «Ֆոկե» ընկերության հետ: Վերջինս նաեւ «Ռեմսմայի» տուփերի մատակարարն է, եւ նրա հետ կնքած պայմանագրում գործում է մի դրույթ, ըստ որի «Ռեմսման» չի առարկի, եթե նման տուփեր «Ֆոկեն» մատակարարի նաեւ այլ ընկերության: Այդ փաստաթուղթը ներկայացվել է դատարան: Ընդհանրապես, Կարեն Ադոնցի հավաստմամբ, իրենք դատին ներկայացել են լավ պատրաստված եւ լավագույն փաստաբաններով: Նա նաեւ ավելացրեց, որ կան ութանիստ տուփերով ծխախոտ արտադրող ավստրիական, անգլիական եւ այլ ընկերություններ:

Հաջորդը գույներն են: «Սիգարոնի» տուփերը սեւ եւ սպիտակ են: Իսկ «Դավիդոֆը», բացի վերոնշյալ գույներից ունի նաեւ այլՙ կարմիր, կանաչ, ոսկեգույն տուփերով ծխախոտներ, որոնք ներկայացվեցին ասուլիսի մասնակիցներին: Սեւը եւ սպիտակը դասական գույներ են: Ուստի, ինչպես նշեց Կարեն Ադոնցը, որեւէ մեկն իրավունք չունի գույների մենաշնորհ ունենալու:

Մեկ այլ վիճարկման ենթակա գործոնը տառաձեւերն են: Ընդհանրապես, այս տեսակի ծխախոտների շուկայում գոյություն ունեն 3 տեսակի տառաձեւեր: «Ռեմսման» ոչ թե տառաձեւերի, այլ «Դավիդոֆ» ապրանքանշանի իրավունք ունի: Հետեւաբար տառերի մենաշնորհ եւս չի կարող լինել: Ավելին, «Սիգարոնի» C տառն ավելի ընդգծված է, եւ այս առումով շփոթություն սպառողների մեջ չի ստեղծվի: Շփոթություն այլ դեպքերում նույնպես չի կարող առաջանալ: Օրինակՙ անգլիական «Դյուպոնի» տուփը «Դավիդոֆից» տարբերվում է ընդամենը մեկ գծով: Իսկ «Սիգարոնը» տարբերվում է նաեւ ավելի մեծ տուփով, ծխախոտի չափի եւ կառուցվածքի տարբերությամբ, մասնավորապես ավելի երկար ֆիլտրով: Կա գնային տարբերություն: Արտաքին շուկաներում «Սիգարոնն» ամենուր վաճառվում է «Դավիդոֆից» 60-70 տոկոսով թանկ:

Ի վերջո, «Սիգարոնին» շահավետ չէ «Դավիդոֆի» հետ շփոթությունը: «Սիգարոնը», ըստ Կարեն Ադոնցի, ունի բացառիկ որակ, որը լրջորեն է ընդունվում զարգացած երկրներում: Հետեւաբար ձգտում է ունենալ իր սպառողները: Պարզապես զարգացած երկրներում գործում է այն մտածողությունը, որ նման արտադրանք զարգացող երկիրը չի կարող արտադրել:

«Ազգի» այն հարցին, թե ի՞նչ կանի ընկերությունը, դատարանիՙ հօգուտ «Ռեմսմայի» որոշման դեպքում, Կարեն Ադոնցը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է դատարանի որոշման պատճառաբանությունից: Եթե թույլ լինի, իրենք կշարունակեն պայքարել: Սակայն տնօրենը համոզմունք հայտնեց, որ իրենք դիզայնը փոխելու խնդիր չունեն:

Ասուլիսի վերջում ընկերության տնօրենը լրացուցիչ տեղեկություններ հաղորդեց «Սիգարոնի» մասին: Ստեղծվել է 1999 թ. մարտին: Արտադրանքի 60-70 տոկոսն արտահանվում է: Անցյալ տարի արտադրության ծավալներն ավելացել են 25 տոկոսով, արտահանմանըՙ 15 տոկոսով:

Արտահանումը հատկապես մեծ հաջողությամբ է ընթանում Հարավ-արեւելյան Ասիայի զարգացած երկրներումՙ Թայվան, Հոնկոնգ, Թաիլանդ: Բացի այդ, «Սիգարոն» ծխախոտներն արտահանվում են ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Ավստրալիա: Ընկերությունը հնարավորություն ունի տարեկան արտադրելու մինչեւ 50 մլն դոլարի, իսկ արտադրողականությունը րոպեում 7 հազ. հատիկ ծխախոտ է:

«Ներկայացնելով եւ գովազդելով մեր արտադրանքը, մենք գովազդում ենք Հայաստանը», այս խոսքերով մամուլի ասուլիսը եզրափակեց «Սիգարոնի» տնօրենը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4