Պրահայում լույս տեսնող «Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի անցած տարվա 9-10 համարները (որ խմբագրությունը ստացել է վերջերս) հիմնականում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների 1700-ամյակի առիթով տոնական միջոցառումներով հագեցած հայաստանյան իրականության արձագանքներն են: Դուդուկի միջազգային փառատոն Գյումրիում, մնջախաղի փառատոն Երեւանում, «Պողիկտոսի» բացօթյա բեմադրություն Զվարթնոցում, Լա Սկալայի երեւանյան համերգ, Շառլ Ազնավուրի այցելություն, Թարգմանչաց տոն, եվրոպացի գրողների, Էդգար Հիլզենրաթի այցեր, Հայ կինոյի շաբաթ, Ռուսաստանի հայերի միության մշակութային օրեր, Արմեն Ջիգարխանյանի հյուրախաղեր եւ այլն:
Մշակութային այս լայնածավալ հրավառության մեջ ծնվում է հարցը «Օրերի» խմբագրականում. «Իսկ արդյոք բարձրարժեք արվեստի կարիքն ունե՞նք մենք»: Իհարկե, այս ողջ շքերթը աշխարհին ինչ-որ բան ապացուցելու համար չէր, պարզապես 1700 տարիների ընթացքում կուտակված քրիստոնեական արժեքներին հավելել էր պետք մեր այսօրվա հոգեւոր, մշակութային ձեռքբերումները եւ մեր քրիստոնեական կենսակերպը (եթե ունենք այն, որովհետեւ ամենուր հակառակն ենք ապացուցում), իսկ բարձրարժեք արվեստի կարիքը բոլոր ժամանակներում էլ սակավաթիվ մարդիկ են ունեցել, եւ մեզանում հիմա էլ այդպես է: Իսկ Միլանի Լա Սկալայի երեւանյան համերգը իր բացառիկությամբ չդիտենք իբրեւ սոսկ «հաճելի վրիպակ» (Արծվի Բախչինյանի հարցականին ի պատասխան), այլ ընդունենք իբրեւ հարգանքի արտահայտություն աշխարհում քրիստոնեական ամենահին մշակույթ կրող մի ժողովրդի նկատմամբ:
Օրերի այս համարն առանձնահատուկ է մշակութային հագեցվածությամբ, ընդ որում ամսագրում յուրօրինակ մշակութային թղթածրարով ընթերցողին են ներկայանում տոնական օրերին հայաստանյան բեմերից դուրս մնացած, բայց արտերկրում հայ արվեստին ու մշակույթին ծառայող շատ տաղանդավոր արվեստագետներ: Հանդեսի էջերը թերթելիս մեկ անգամ եւս հպարտություն ենք ունենում արձագանքելու, որ 2001-ի Ֆրանսիայի լավագույն դերասանը հայազգի Սիմոն Աբգարյանն է, որ անցած տարի ֆրանսիական թատերական «Մոլիեր» բարձրագույն պարգեւի մրցանակաբաշխության ժամանակ հինգ մրցանակի արժանացած Ռիշար Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» պիեսի գլխավոր հերոսիՙ Արամի դերակատարման համար արժանացավ լավագույն դերասանի մրցանակին:
Հետաքրքիր է Անուշ Գալստյանի հարցազրույցը 1991-ին իբրեւ պարուսույց ԱՄՆ հրավիրված հանարհայտ արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հետ, որն այսօր «Վաշինգտոն-բալե» խմբի բեմադրիչներից է եւ այն կարծիքին է, որ «թվում է, թե արվեստը պետք չէ, բայց մարդիկ ենթագիտակցորեն զգում են դրա կարեւորությունը: Կարծում եմ, արվեստը ֆիլտրն է: Երբ Աստված վերեւից նայում է մեր գործերին, տեսնում է դաժանություններ, ապա կողքինՙ արվեստը, որ բերում է հավասարակշռություն, ներդաշնակություն»:
«Օրերի» մշակութային թղթածրարում Անահիտ Հովսեփյանը ներկայացնում է «50-ամյա տարեգրությունից 12 տարի առաջ վերադարձած եւ կրկին վտարանդիՙ 1989-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր նշանակված Լորիս Ճգնավորյանի գործունեությունը հայաստանյան մշակութային կյանքում, ներառյալ նրա Գյումրի ուխտագնացությունը, մինչեւ մաեստրոյի «անձայն» հեռանալը հայրենիքից, որի մասին եղած զանազան թաքուն եւ անթաքույց խոսակցություններից ոչ մեկը «գաղտնիության քողն իրականում չպատռեց», քանի որ վերին ատյանները ե՚ւ ինքըՙ մաեստրոն, լռում են այդ մասին: Այժմ Վիեննայում ապրող եւ տարբեր երկրների նվագախմբերի հետ աշխատող մաեստրոն ասում է. «Իմ գործը ծառ տնկելն էր... շա՜տ-շա՜տ շնորհակալ եմ, որ առիթ տվեցին ծառայելու: Հայրենիք գալովՙ հորս պատգամը կատարեցի»:
Երգչուհի Հասմիկ Պապյանի հետ իր բացառիկ հարցազրույցում Անահիտ Հովսեփյանը ներկայացնում է տաղանդաշատ հայուհու հաջողությունները եվրոպական բեմերումՙ արտիստիկ շքեղությունների եւ փառքի մեջ, մասնավորապես անդրադառնում է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում առաջին անգամ համաշխարհային բեմ բարձրացած «Արշակ Երկրորդ»-ում Պապյանի Օլիմպիայի եւ Միչիգանի (ԱՄՆ) թատրոնում Անուշի դերակատարումներին:
Սեղմ, հակիրճ, բայց բնորոշ մեկնաբանություն է տրված երեւանյան հյուրախաղերի ընթացքում տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանի «Խաղում ենք 1700» բեմադրությանը, որ յուրօրինակ սինթեզ էր սատիրայով հագեցած թեթեւ էստրադային ժանրի եւ աստվածաշնչյան (Նոր Կտակարանի) թեմաներով կառուցված եւ լուրջ խորհրդածությունների տեղիք տվող, իրար հակադրվող առեղծվածներիՙ մարդկային նախասկզբիՙ ծննդի եւ շարունակվող կյանքի զավեշտի...
«Օրերը» անդրադառնում է նաեւ Շառլ Ազնավուրի հայաստանյան այցելությանը: Առանձին ներկայացված են չեխական մամուլի անդրադարձներն այս երկրում ապրող հայ արվեստագետների մասին (նկարիչՙ Հովիկ Մուրադյան, ռեստավրատոր Կարինե Արթունի) եւ բազմազան այլ նյութերՙ մարզական, մշակութային, քաղաքականՙ ինչպես Լիլիթ Գրիգորյանի թղթակցությունը Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու հայաստանյան այցի առիթով, երբ նախագահը հայտարարեց, թե «այսօր աշխարհում ոչ ոք չի կարող ժխտել, որ Ցեղասպանությունը եղել է»: Սոցիալականՙ տեղեկություն երեւանյան տարբեր ֆիրմաների մասին, որոնց գործունեության արդյունքում ըստ էության մարմնավաճառության տարվող հայ կանայք հաճախ վաճառվում են ստրկության, անհետ կորչում, կամ վերադառնում սարսափելի տպավորություններով, ոմանք էլՙ շատ գումարով:
Ամսագիրը տպագրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ԼՂՀ կառավարության, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կոչը եվրոպահայությանըՙ նրանց ուշադրությունը հրավիրելով 2002 թ. մայիսի 9-ին կատարվելիք իրադարձությանը: Այդ օրը Եվրոպայի բոլոր հայ համայնքներում նախատեսված է անցկացնել զանազան միջոցառումներ եւ գոյացած հասույթը տրամադրել Արցախին:
Հետաքրքիր են Հարութ Սասունյանի «Հաշտեցման հանձնաժողովի վերջը մո՞տ է» թղթակցության դիտարկումները, որտեղ թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը համարվում է իբրեւ թուրքական չարակամ մտադրությունՙ «ականահարելու» Հայկական ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհով մեկ ՀՀ-ի ստեղծումը շեփորահարելով»:
Հետաքրքրական եւ բովանդակալից նյութերով հագեցած «Օրերի» այս համարը հաճելի անակնկալ է ընթերցողին շապիկի ձեւավորումով հանդերձՙ կրակագույն ֆոնին Հասմիկ Պապյանի ներշնչված նկարով, միայն չգիտես ինչու էջի ներքեւում են հայտնվել Ռիկարդո Մուտին, Լորիս Ճգնավորյանը, Սիմոն Աբգարյանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ