«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2002-01-30 | #18, 2002-01-31 | #19, 2002-02-01


«ԻՐԱՔԸ ՍՈՎՈՐ Է ԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌՄԲԱՀԱՐՈՒՄՆԵՐԻՆ»

Ասում է Հայաստանում Իրաքի դեսպան Աբաս ալ Բադրին

«Ահաբեկչության դեմ մեր պատերազմը դեռ նոր է սկսվել», ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում ասաց նախագահ Ջորջ Բուշը: ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների (կարդալ Իսրայելի - Թ. Հ.) համար, ըստ Բուշի, առանձնակի վտանգ են ներկայացնում ԿԺԴՀ-ն, Իրանը եւ Իրաքը, որոնք «իրենց դաշնակից ահաբեկիչների հետ կազմում են համաշխարհային չարիքի առանցքը»: ԱՄՆ-ի նախագահն իր ելույթում, որը 77 անգամ ընդհատվեց բուռն, երկարատեւ ծափահարություններով, նշեց, թե ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Իրաքի վարչակարգերը կարող են զանգվածային բնաջնջման զենք ստեղծել եւ հանձնել ահաբեկիչներին, վերջիններս էլ կարող են հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների (կարդալ Իսրայելի - Թ. Հ.) վրա կամ ահաբեկել ԱՄՆ-ին:

«Մեզ համար Բուշի հայտարարությունը նորույթ չէ, իսկ Իրաքը որեւէ կապ չունի ահաբեկչության հետ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները ժամանակին ամեն օր Իրաքում զանգվածային բնաջնջման զենք էին փնտրում: Մի քանի տարի փնտրում էին, ոչինչ չգտան: Ինչ էին անումՙ լրտեսությո՞ւն: ԱՄՆ-ը արաբական եւ իսլամական երկրների դեմ վարում է թշնամական քաղաքականություն: Կարծում եմ, դա սիոնիզմի եւ հրեաների դրդումների արդյունքն է: Բուշի թիկունքում հրեական լոբբին է: ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ ճապոնացի ժողովրդի դեմ Հիրոսիմայում եւ Նագասակիում օգտագործել է զանգվածային բնաջնջան զենք», «Ազգի» հետ զրույցում ասաց Հայաստանում Իրաքի դեսպան Աբաս ալ Բադրին:

Մեր այն հարցին, թե ինչքա՞ն են հավանական ԱՄՆ-իՙ Իրաքին զանգվածային ռմբահարումներ հասցնելու մասին խոսակցությունները, իրաքցի դիվանագետը պատասխանեց. «ԱՄՆ-ը տասը տարի շարունակ ռմբահարում է Իրաքը, ամեն շաբաթ: Շարունակվում է Իրաքի տնտեսական շրջափակումը, դրա եւ ռմբահարումների հետեւանքով հազարավոր զոհեր են լինում: Եթե խոսքը լայնածավալ ռմբահարումների մասին է, ապա դրանց էլ ենք սովոր, եւ սա էլ նորություն չէ: Իրաքը կարող է միայն պաշտպանվել, պաշտպանել ժողովրդին: Մենք ամերիկյան նոր ռմբահարումներին պատրաստ ենք»:

Անցնող տարեվերջին, երբ Երեւան ժամանեց ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը, հայաստանյան լրատվամիջոցներում հայտնվեցին լուրեր, թե իբր Ռամսֆելդը ՀՀ իշխանություններին առաջարկել է անհրաժեշտության դեպքում թույլատրել ԱՄՆ օդուժին Հայաստանից հարվածել Իրաքին: «Մենք նման տեղեկություններ չունենք, բայց, կարծում ենք, ամերիկացիներն Իրաքը ռմբահարելու համար չեն օգտագործի Հայաստանի հողը», ասաց Իրաքի դեսպանը:

ԱՄՆ-ն Իրաքը ռմբահարելու իր պատճառաբանություններն է բերումՙ Իրաքը զանգվածային բնաջնջման զենք է ստեղծում, ճնշում է երկրի հարավում բնակվող շիաներին եւ հյուսիսի քրդերին, նրանց դեմ օգտագործում քիմիական նյութեր, թունավորում, խախտում մարդու իրավունքները եւ այլն: Մերՙ «Վերջին շրջանում շատ է խոսվում Իրաքի հյուսիսային երեք նահանգներում անկախ Քուրդիստան ստեղծելու ամերիկյան մտադրությունների մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Իրաքի նորՙ զանգվածային ռմբահարումների ենթարկվելուց հետո ստեղծվի անկախ Քուրդիստան», հարցին դեսպան Բադրին պատասխանեց. «Իրաքն առաջին պետությունն է, որ դեռ 25 տարի առաջ իր երկրի քրդերին տվեց իրավունքներ: Իրաքին սահմանակից այլ երկրներում (Իրան, Սիրիա, Թուրքիա, որտեղ առկա է քրդական հոծ զանգված - Թ. Հ.) քրդերը նման իրավունքներ չունեն: Մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ը Իրաքի քրդերին լավություն է անում: Ոչ էլ ուզում է նրանց անկախ պետականությունը: Արդեն մի քանի տարի Իրաքը չի վերահսկում երկրի քրդական շրջանները: Ամերիկացիներն այդ շրջանում ստեղծել են «մարդասիրական» գոտի: Մինչ այսօր քրդերը ոչ մի օգնություն չեն ստացել, նրանք ԱՄՆ-ի հսկողության կարիքը չունեն: Ինչո՞ւ չեն թույլ տալիս քրդերին ստեղծել իրենց պետությունը: Որովհետեւ ԱՄՆ-ը չի ուզում: Նա խաբում է քուրդ ժողովրդին: ԱՄՆ-ն ինքն է ամբողջ աշխարհում արհեստականորեն ստեղծում հակասություններ պետությունների եւ ժողովուրդների միջեւ»:

«Ի՞նչն է պատճառը, որ Իրաքը բարդություններ ունի իր բոլոր հարեւանների հետ, թեեւ Իրանի հետ հարաբերությունների բարելավման միտումներն ակնհայտ են», հարցին պրն Բադրին պատասխանեց. «Մեզ շրջապատող պետությունների հետ հարաբերությունները վատ էին: Իրաքը կարողացավ բարելավել եւ զարգացնել դրանք: Հորդանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի հետ մենք այսօր ունենք լավ հարաբերություններ: Նույնը վերաբերում է Պարսից ծոցի պետություններին, բացի Քուվեյթից: Եթե ԱՄՆ-ը թույլ տա Անկարային սեփական որոշումներով առաջնորդվել, ապա Իրաք-Թուրքիա հարաբերությունները կայուն եւ բարիդրացիական կլինեն: Իրանի հետ ութ տարի պատերազմի մեջ էինք: Մի քանի օր առաջ Թեհրանում էր Իրաքի արտգործնախարարը: Մենք ցանկություն ունենք բոլոր ոլորտներում զարգացնելու Իրանի հետ հարաբերությունները»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4