Գրեթե ամեն օր առիթ չի պակասում համոզվելու, որ հայերս իսկապես անսովոր ժողովուրդ ենք... 1987 թվականից սկսած, երբ ձեռնամուխ եղա «Հայերը համաշխարհային կինոարվեստում» թեմայով նյութերի ժողովմանը, մեկը մյուսից հետաքրքրական ծանոթ-անծանոթ տվյալներ կուտակվեցին, որ արտացոլում են 1000-ի չափ հայ եւ հայազգի անձանց ամենատարբեր մասնակցությունն աշխարհի 30-ից ավելի երկրների կինոյի գործինՙ բեմադրիչներից մինչեւ ամենաանշան պաշտոնը կատարողները...
Ամենահետաքրքրական, անշուշտ, էկրանին իրենց հայկական արտաքինը կամ գոնե ազգանունը ցոլացնող դերասաններն են, որոնցով համաշխարհային հանդիսատեսը ճանաչում է հային... Տեսել ենք, լսել ենք, գիտենք անզուգական Շերիլին Սարգսյանինՙ իր թեեւ վիրահատած, սակայն դարձյալ հայկական քթով, բրազիլական հեռուստասերիալներում փայլած պաթետիկ ոճով խաղացող հայորդի դերասաններին, եգիպտական մելոդրամներում սրտաճմլող հայազգի կինոաստղիկներին... Սակայն ո՞ւմ մտքով կանցներ հայկական դեմք ու անուն տեսնել ոչ ավել, ոչ պակաս... չինական էկրանին: Եվ այն էլ մեկի, որ մեզ հետ ապրում է նույն քաղաքում...
Բոլորովին պատահաբար ծանոթացա Լիանա Եդիգարյանիՙ երեւանցի այդ հմայիչ, ժպտերես աղջկա հետ, որին առաջինը հայաստանցիներից բախտ վիճակվեց ուսանել Չինաստանում: Գիտեինք, որ բարձրագույն կրթության բնագավառում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հաստատված համագործակցության շնորհիվ այսօր չինական տարբեր համալսարաններում ուսանում են երկու տասնյակի հասնող հայաստանցի երիտասարդներ: Իսկ Չինաստանում ուսանած առաջին հայաստանցուն վիճակվեց աչքի ընկնող դերեր կատարել չինական հեռուստակինոյում...
- Մանկուց երազել եմ Չինաստան մեկնել եւ չինարեն սովորել,- պատմում է Լիանան:- Միաժամանակ շատ էի ոգեւորված Բրյուս Լիի կինոնկարներով եւ ցանկանում էի նաեւ դերասանությամբ զբաղվել: Դպրոցում հաճախել եմ թատերական խմբակ: Ավարտելուց հետո մեկ տարի անց հնարավորություն ստեղծվեց մեկնել Պեկին, որտեղ չորս տարի սովորեցի չինական մշակույթի եւ լեզվի համալսարանում: Երբեւէ չէի կարող պատկերացնել, որ բոլոր ցանկություններս միաժամանակ կիրականանան: Չինաստան ժամանելուցս արդեն ինն օր անց ինձ նկարահանման առաջարկներ արեցին: Եվ չինարեն լեզվի ուսուցմանը զուգահեռ մասնակցեցի թատերական ներկայացումների եւ բազմաթիվ չինական կինոնկարների նկարահանմանը, որոնց կոնկրետ թիվը ես էլ չգիտեմ, քանի որ մեծ մասամբ զանգվածային տեսարաններում էր եւ դրվագային դերերում: Օր է եղել, որ երեք տարբեր ֆիլմերում եմ նկարահանվել...
Սակայն վեց հեռուստատեսային ֆիլմաշարերում Լիանան հանդես է եկել գլխավոր դերերում: Դրանք ենՙ Գերմանիայի արքայադուստր Ֆելիսիա («Չինական դինաստիայի սուրհանդակը»), Քեթի («Արտակարգ գործ»), ամերիկուհի («Ջուն Գուան Ցուն փողոցը»), հոլանդուհի («Տայվանցի հերոս Ջըն Չըն Գուն»), Ջեսի («Հնաոճ կայսրը»): Իսկ «Մեծ ձեռք» ֆիլմում նկարահանվել է հոլիվուդյան հռչակավոր դերասան Դոնալդ Սաթըրլենդի հետՙ կատարելով նրա ընթերակայի դերը: Նրա ամենամեծ դերը Ջենին էՙ բեմադրիչ Բայ Խոնի «Վաղ թառամած ծաղիկը» (2001) հեռուստաշարում: Այստեղ Լիանայի հերոսուհին մի գեղեցիկ ամերիկուհի է, որ ամուսնանում է չինացու հետ եւ տեղափոխվելով ամուսնու հայրենիքը բախվում 1940-ականների Չինաստանի պահպանողական իրականությանը: 20 մասանի ֆիլմաշարի վերջում տարիքն առած Ջենիին մարմնավորել է Սըչուանի համալսարանի ռուսաց լեզվի դասախոս, ծնունդով մոսկվացի Սուսաննա Մալինինան: «Նա տեսքով բավական նման էր ինձ, գուցե այն պատճառով, որ նրա պապիկը հայ է եղել», ասաց Լիանան:
«Չինարենի իր հրաշալի իմացությամբ Լիանան ներկայացնում է դերակատարման արտահայտման ոճ, կարողանում է իր դերերով պատկերել տվյալ երկրի աղջիկների (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան եւ այլն) կերպարներ», գրել է չինական ամսագրերից մեկը:
Այս կինոնկարներից բացի Եդիգարյանը նկարահանվել է ուշուի մի հատուկ ծրագրում: Օրը երեք անգամ չինական CC TV հեռուստակայանը ցուցադրել է «Պա գուա ջան» կոչվող ուշուի տարատեսակի մի հատուկ ծրագրում, որի ընթացքում Լիանան կատարել է իր չինացի մարզչի ցուցմունքները:
Հետաքրքրական է, որ ի տարբերություն արեւմուտքցի ուսանողների, Չինաստանում սովորող եւ աշխատող հայերն ու նախկին խորհրդային հանրապետություններից եկածները հաճույքով ընդառաջում են չին կինոգործիչների հրավերներինՙ եվրոպացիների դերերով հանդես գալու չինական կինոնկարների զանգվածային տեսարաններումՙ թե իրենց էկրանին տեսնելու բերկրանքը վայելելու եւ թե ազատ ժամանակ ինչ-որ չափով որոշ գումար աշխատելու համար: Հատկանշական է նաեւ, որ եթե եվրոպական եւ ամերիկյան ֆիլմերում հայերը կատարել են մերձավորարեւելցիների դերեր, ապա չինական ֆիլմերում հանդես են գալիս եվրոպացիների դերերով:
Մի շարք կինոնկարներում փոքր դերով հանդես է եկել նաեւ Լիանայի կրտսեր քույրըՙ Մարինա Եդիգարյանը: Հեռուստակինոյից բացի Լիանան եւ Մարինան հանդես են եկել գովազդներում, հեռուստաշոուներումՙ որպես կոնֆերանսյե, երգչուհի եւ ասմունքող, չինական եւ հայկական երգերի կատարումներով մասնակցել են բազմաթիվ միջոցառումների... Այժմ Մարինան չինական լեզվի եւ մշակույթի համալսարանի ասպիրանտ է եւ միաժամանակ հաջողությամբ հանդես է գալիս չինական ձին-ձյույ օպերայում: Չինական մամուլը բազմիցս գրել է Եդիգարյան քույրերի մասին անվանելով նրանց «Յամենիյա ձիեմեյ խուա», այսինքնՙ «հայ ծաղիկ քույրիկներ»...
- Մենք Չինաստանում առիթի դեպքում ներկայացնում ենք հայ մշակույթը, հաճախ բեմ ենք դուրս եկել հայկական տարազով, պատմել մեր ժողովրդի, մեր արվեստի մասին: Մասնակցում ենք բոլոր հայկական միջոցառումներին, որոնք հազվադեպ են, իհարկե... Ահա մեկ ամիս է, ինչ վերադարձել եմ Չինաստանից, սակայն արդեն չորրորդ անգամն է մեր տուն են զանգահարում չինացի կինոբեմադրիչները - նոր դերեր են առաջարկում...
Ահա այսպես է, Հայաստանում չկան պայմաններ ինքնարտահայտվելու, չկա կինոարտադրություն, հեռուստակինո, դրա համար էլ մեր շնորհալիները մինչեւ Չինմաչին են հասնում ու զարդարում օտար բեմերը եւ էկրանները... Ես, որ մեծ բավականություն ստացա Լիանայի հետ զրուցելով, նրա մասնակցությամբ մի կինոնկար հատվածաբար դիտելով, լսելով նրա չինարեն երգելը, նաեւ տեսնելով հրաշալի ասեղնագործությունները, մեծապես ցանկանում եմ, որ նման շնորհազարդ հայուհին նաեւ հայ թատրոնին ու կինոյին պատկանելու հնարավորություն ունենա...
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ