«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2002-01-31 | #19, 2002-02-01 | #20, 2002-02-02


ՖԻԼԱՐԵՏ ԲԵՐԻԿՅԱՆԸ, ՕՍՄԱՆՑԻՆԵՐԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում, հոկտեմբերի 27-ի հանձնաժողովի քննարկումների ժամանակ, պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանը, ըստ մեր կողմից չստուգված տեղեկությունների, իր գործընկերներին ասել է. «Պետք չէ նման հարցեր քննարկել այն թերթերի լրագրողների մոտ, որոնք ֆինանսավորվում են Օսմանյան կայսրության կողմից: Մեկ էլ տեսարՙ լուրերը տարան»: Հաջորդ օրը, բնականաբար, միայն երկու թերթՙ «Հայկական ժամանակն» ու «Առավոտը», իրենց վրա վերցրին պատգամավորի «պատմագիտական» այդ սայթաքումը մի լավ ձեռ առնելու պարտականությունը: Օսմանցիների կողմից ֆինանսավորվելու միտքը նրանց շա՜տ էր դուր եկել եւ, միաժամանակ, առիթը շատ հարմար էր Ֆիլարետ Բերիկյանին պատմագիտական դասեր տալու: «Հայկական ժամանակը» հիշեցրեց, որ «պարոն Ֆիլարետին չէր խանգարի իմանալ, որ Օսմանյան կայսրությունը վերացել է 1909 թ.-ին, երբ իշխանության եկան երիտթուրքերը», իսկ «Առավոտը» խայթեց, որ «Օսմանյան կայսրությունը 1908 թ.-ից այլեւս գոյություն չունի»:

Մեր տպավորությամբ, այս դասերը բնավ պիտի չօգնեն պարոն Ֆիլարետին, եւ նրա պատմական գիտելիքները այսուհետեւ առավել խառնաշփոթ վիճակ պիտի ունենան, քանի որ Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց ո՚չ 1909 եւ ոչ էլ 1908 թվերին: Գործնականորեն այդ կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց 1918-ինՙ Մուդրոսի կապիտուլյացիոն զինադադարի պայմանագրով, իսկ իրավաբանորենՙ 1923 թ., Լոզանի պայմանագրի արդյունքներով, երբ փաստորեն օրինականացվեց Օսմանյան կայսրության քայքայումը եւ ճանաչվեց արդի հանրապետական Թուրքիան իր սահմաններով:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4