«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2002-01-31 | #19, 2002-02-01 | #20, 2002-02-02


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՔԱՄՈՒՑ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՏՈՒԺԵԼ

Հունվարի 31-ի հետկեսօրին Ստեփանակերտում հանկարծակի մոլեգնած քամին թեպետ լուրջ նյութական վնասներ չի հասցրել մայրաքաղաքին, այդուհանդերձ, որոշ քաղաքացիներ ֆիզիկապես տուժել են դրանից:

Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակի տարածքում տեղակայված այսպես կոչված աշխատանքային բորսան էլ հենց դարձել է մոլեգնած քամու թիրախը: Օրապահիկ վարձատրությամբ աշխատանքի հրավերների սպասող մի խումբ գործազուրկներ քամուց պատսպարվելու նպատակով ծվարել էին Մաշտոցի փողոցին հարող բարձրահարկ շենքի տակ, երբ հանկարծ նույն շենքին ամրացված 4,5x3 մետրի չափերով գովազդային վահանակը պոկվելով ընկել է նրանց գլխին:

Ալկոհոլային խմիչքներ արտադրող տեղական GVS ընկերության գովազդային այս վահանակըՙ պատրաստված հիմնականում մետաղե կոնստրուկցիաներից, այստեղ տեղադրվել էր վերջերս: Հինգ քաղաքացիներ, գործազուրկների խավից, ստացել են մարմնական վնասվածքներ: Նրանցից մեկը կենտրոնական հոսպիտալում ենթարկվել է գլխի վիրահատության, երկու հոգի տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց, իսկ մյուս երկուսը, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, գնացել են տուն:

Ստեփանակերտի քաղաքային դատախազությունը փաստի առնչությամբ հավաքված նյութերով կատարում է ստուգում:

Կ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4