Արժե նրա լիազորությունները երկարաձգել առնվազն երկու տարով...
Ադրբեջանի խորհրդարանի գարնանային նստաշրջանն սկսվեց սենսացիայով: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից պատգամավոր Էլդար Իբրահիմովն առաջարկեց երկրի սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել եւ Ադրբեջանի նախագահի լիազորությունները հինգից հասցնել յոթ տարվա: Իբրահիմովն իր առաջարկությունը հիմնավորեց Ղազախստանում եւ Ուզբեկստանում վերջերս անցկացված նմանօրինակ նախաձեռնություններով: Եթե Ադրբեջանի խորհրդարանը ձայների 2/3-ով հավանություն տա Է. Իբրահիմովի առաջարկությանը, ապա երկրում տեղի կունենա համաժողովրդական հանրաքվե:
Հանրաքվեի ճանապարհով անօրինականությունն օրինականացնելու բավարար փորձ Ադրբեջանն ունի: Տակավին 1993 թ. օգոստոսի 29-ին, երբ Ադրբեջանի օրինական նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն արդեն հեռացել էր Բաքվից եւ իր համախոհների հետ քաղաքական գործունեություն էր ծավալում Նախիջեւանի Քելեքի գյուղում, երկրի փաստացի ղեկավար Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ անցկացվեց Աբուլֆազ Էլչիբեյին «վստահություն հայտնելու մասին» հանրաքվեն: Քվեարկության մասնակիցների 90 տոկոսից ավելին անվստահություն հայտնեց Էլչիբեյին, որը 1992 թ. հունիսին 80 տոկոսից ավելի ձայներով ընտրվել էր Ադրբեջանի օրինական նախագահ: Փաստորեն, այդ հանրաքվեով փորձ արվեց քողարկել Հ. Ալիեւի եւ իր երիտասարդ համախոհ Ս. Հուսեյնովի պետական հեղաշրջումը: Այլեւս կարեւոր չէր, Ա. Էլչիբեյը հրաժարական կտա, թե ոչ: 1993 թ. հոկտեմբերի 3-ին Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Աբուլֆազ Էլչիբեյին անվստահություն հայտնելու հարցով հանրաքվեում «փայլուն» հաղթանակ տանելուց հետո Ադրբեջանի փաստացի նախագահ Հ. Ալիեւը ստացավ ձայների շուրջ 90 տոկոսը:
Ի դեպ, Էլդար Իբրահիմովը մեկ այլ առաջարկ արեցՙ Միլի մեջլիսի պատգամավորների լիազորությունները հինգից դարձնել վեց տարի: Պետք է նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանում ձայների 2/3 ապահովելը որեւէ դժվարություն չի առաջացնում. պատգամավորների գերակշռող մեծամասնությունն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից է կամ «անկախ»: Եթե, իրոք, անցկացվի հանրաքվե, ապա վստահաբար Հ. Ալիեւն իշխանության ղեկին կմնա մինչեւ 2005 թվականը: Այդ ժամանակ Ալիեւը կլինի 82 տարեկան: Սա մի ժամանակահատված է, երբ Հ. Ալիեւն ի վիճակի կլինի նախապատրաստական ձեռնարկումներով ապահովել իր Իլհամին իշխանության բերելու մտադրությունները:
Պատգամավոր Էլդար Իբրահիմովը նախագահի լիազորությունները հինգից յոթ տարի դարձնելու առաջարկության արդարացվածությունը հիմնավորեց նաեւ նրանով, որ Ադրբեջանին ճակատագրական հարցերում, ինչպիսին ԼՂ հակամարտության կարգավորումն է, անհրաժեշտ է կայունություն: Պետք է հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանամետ մամուլի ձեւավորած հասարակական կարծիքը, թե Հ. Ալիեւի 1993 թ. իշխանության գալով ղարաբաղյան ճակատում Ադրբեջանը կարողացավ հաջողությունների հասնել, չի համապատասխանում պատմությանը: Հակառակըՙ հենց Ալիեւի իշխանության տարիներին Ադրբեջանը կրեց պարտություններ մեկը մյուսի հետեւից: Այսպես, եթե Էլչիբեյի օրոք Ադրբեջանը կորցրեց Քելբաջարի շրջանը, բայց մինչ այդ ադրբեջանցիներն «ազատագրել» էին Մարդակերտի շրջանը, ապա Հ. Ալիեւի իշխանության տարիներին Ադրբեջանը կորցրեց միանգամից հինգ շրջանՙ Աղդամի եւ Ֆիզուլու մի մասը, Ղուբաթլուն, Ջաբրայիլը եւ Զանգելանը: Մութալիբովի իշխանության տարիներին ղարաբաղյան ուժերը ազատագրել էին Լաչինն ու Շուշին:
Նյու Յորքում գտնվող Հ. Ալիեւը դեռեւս չի արձագանքել պատգամավոր Է. Իբրահիմովի սենսացիոն առաջարկությանը: Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահը ԱՄՆ-ում կմնա մինչեւ փետրվարի 10-ը, այդ ընթացքում կայցելի Քլիվլենդՙ անցնելու բժշկական հերթական ստուգում: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո 79-ամյա Ալիեւը հանգստանալու քիչ ժամանակ կունենա:
Արդեն փետրվարի 18-20-ը նախատեսված է Հ. Ալիեւի 1997 թ. հետաձգվող պաշտոնական այցելությունն Իրան: Այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, ըստ նախնական տվյալների, կստորագրվի 10 փաստաթուղթ, այդ թվումՙ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ «Բարեկամության եւ համագործակցության մասին» նոր պայմանագիր: Հ. Ալիեւի նախորդ պաշտոնական այցն Իրան տեղի է ունեցել 1993 թ.:
Հունիսի 9-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրավերով Հ. Ալիեւը ոչ պաշտոնական այց կկատարի Ռուսաստան: Սանկտ Պետերբուրգում այդ օրը կբացվի գրող Նիզամու արձանըՙ մասնակցությամբ Ալիեւի եւ Պուտինի: Ադրբեջանում ՌԴ դեսպան Ն. Ռյաբովն ասել է, որ երկու պետությունների առաջնորդները կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հեռանկարները, երկկողմ հարաբերությունները եւ Կասպիցի իրավական կարգավիճակի խնդիրը:
Հիշեցնենք նաեւ, որ մարտի 1-ին Հ. Ալիեւը Ղազախստանում կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին: Նախատեսվում է նաեւ Քոչարյան-Ալիեւ հանդիպում:
Հեյդար Ալիեւը նախանձելի դիվանագիտական գործունեություն է ծավալում: Արժե նրա լիազորությունները երկարաձգել երկու տարով:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ