Եղիշեի անվան մրցանակն Արցախում ամենահեղինակավորն է համարվում ոչ միայն այն բանի համար, որ սահմանվել է ԼՂՀ կառավարության կողմից, այլեւ ծավալային առումով: 10 տարի առաջ, երբ ծնունդ առավ այս մրցույթը, Ղարաբաղում ծանր ռազմաքաղաքական իրավիճակ էր տիրում: Երկրամասում կատարվող հերոսական անցքերը, բնականաբար, իրենց գեղարվեստական ու փաստավավերագրական արտացոլումն էին գտնում ստեղծագործող խավի ոգորումներում: Արցախի գրողների միության առաջարկությունըՙ հայտարարել մրցույթ արցախյան գոյապայքարն արտացոլող գեղարվեստական գործերի գծով, կառավարությունն ըմբռնումով ընդունեց: Առաջին մրցանակներն ընդգրկում էին երեք նոմինացիաներՙ գրականություն, հրապարակախոսություն, պատմագրություն: Պատահական չէր նաեւ անվանումը. ձեռնարկման հեղինակներն աղերսներ գտան Արցախյան գոյամարտի ու Վարդանանց պատերազմի միջեւ: Եվ նոր տարեգրությանը եղիշեյան շունչ տալու համար մրցանակաբաշխությունն անվանվեց հայ մեծ պատմիչ Եղիշեի անունով:
Տարեցտարի փոխվեցին մրցանակային գումարի չափերը, ավելացավ նոմինացիաների քանակը: Ներկայումս մրցանակաբաշխությունը ներառում է տասը ստեղծագործական ոլորտներՙ նույնքան մրցանակներով, յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար գումարային ֆոնդով: Աճել է նաեւ մրցանակի հավակնողների թիվըՙ ավելի կարեւորելով այս նախաձեռնության նշանակությունը:
Մրցանակաբաշխության հանձնախմբի նախագահ, Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի խոսքերովՙ կարեւորը լոկ այն չէ, որ տարեցտարի ավելանում է դիմորդների թիվը, այլեւՙ որ ներկայացված գործերն աստիճանաբար առավել բարձրարժեք մակարդակ են ձեռք բերում: Դրա առհավատչյան այս վերջինՙ հոբելյանական մրցույթի արդյունքներն են, որը հաստատեց նաեւ ԼՂՀ կառավարությունը հունվարի 30-ի իր հերթական նիստում:
Արցախի ամենահեղինակավոր մրցանակի 2001 թ. դափնեկիրները Ղարաբաղում եւ Հայաստանում ճանաչված գրողներ են, գիտության եւ մշակույթի գործիչներ:
Սկսվել է նաեւ 2002 թ. մրցույթի նյութերի ընդունումը դարձյալ նույն բնագավառների համարՙ գրականություն, պատմություն, գիտություն (հումանիտար թեքումով) եւ արվեստՙ դրանցից արտածվող ոլորտներով: Եվ, ինչպես եղել է 10 տարի շարունակ, ցանկացողները կարող են նյութերը հանձնել անփոփոխ հասցեովՙ Ստեփանակերտ, Արցախի գրողների միություն:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ