Ինչը, սակայն, չի բխում Հայաստանի տնտեսական եւ անվտանգության շահերից
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունում Իրանի Իսլամական հեղափոխության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին հայտնել է ԻԻՀ կառավարության պատրաստակամությունըՙ ինտենսիվորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ երկու պետությունների միջեւ մուտքի այցագրային կարգը վերացնելու կամ մուտքի այցագրերի համար տրվող գումարները եւ քաղաքացիների երթեւեկության ծախսերը նվազեցնելու ուղղությամբ:
Այն ժամանակից, երբ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում շրջանառության մեջ դրվեց Լաչինը Մեղրիով փոխանակելու տարբերակը, պաշտոնական Թեհրանը մի քանի անգամ դիմել է Երեւանինՙ հայ-իրանական սահմանային հատվածը առավել թափանցիկ դարձնելու, այցագրային կարգը դյուրացնելու, ընդհուպՙ այցագրերը վերացնելու առաջարկով: 2001 թ. դեկտեմբերին նախագահ Քոչարյանի Իրան պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում էր այդ հարցը դնել քննարկման, սակայն հայկական կողմի ջանքերով օրակարգ չի մտցվել:
Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանային (45 կմ ընդհանուր սահման Արաքս գետի երկայնքով) հատվածն առավել թափանցիկ դարձնելու, երկու պետությունների միջեւ մուտքի այցագրային կարգը վերացնելու պաշտոնական Թեհրանի առաջարկը չի բխում Հայաստանի տնտեսական, առավել եւսՙ անվտանգության շահերից:
Հայ-իրանական սահմանը հատող յուրաքանչյուր հինգ ավտոմեքենայից չորսը իրանական կողմից է, գրեթե նույն հարաբերակցությունն է զբոսաշրջիկների, առեւտրով զբաղվող անձանց առումով: Սահմանը հատող յուրաքանչյուր ավտոմեքենայի դիմաց ուղղակիորեն Հայաստանի բյուջե է մտնում 200 ԱՄՆ դոլար, այցագրի արժեքը 50 դոլար է: Նկատենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատունը Հայաստանի դեսպանատներից միակն է, որ աշխատում է շահույթով: Նույնիսկ հայ-իրանական տնտեսական հարաբերակցությունը հավասարեցնելու դեպքում Հայաստանի շահերից չի բխում այցագրային կարգի վերացումը, քանի որ կան անվտանգության խնդիրներ, որոնց լուծումն այսօրվա Հայաստանի ուժերից վեր է: Խոսքը թմրանյութերի մաքսանենգության մասին է: Իրանն ունի փորձ, ֆինանսական միջոցներ, թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի ավանդույթներ, կարողանում է վերահսկել (ոչ միշտ հաջողությամբ) իրանա-աֆղանական եւ իրանա-թուրքական սահմանը: Հայաստանը կարո՞ղ է թմրանյութի մաքսանենգության դեմ պայքարել:
Ի դեպ, վերջերս Բաքու ժամանած ԻԻՀ ներքգործնախարար Մուսավի Լարին այցագրային կարգը վերացնելու առաջարկ է արել Ադրբեջանին: Բաքուն չարձագանքեց, ինչը դիվանագիտական պրակտիկայում նշանակում է առաջարկության մերժում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ