Երկարատեւ «պատերազմից», խելագար ու փոթորկոտ վեճերից հետո րոպեավճարն այսուհետ մեր կյանքի ուղեկիցն է: Նա եկավ, հաղթական ու փառահեղ բազմեց մեր հեռախոսների վրա ու մեր հայացքն անթարթ պահեց ժամացույցի սլաքներինՙ հաշվելու մեր խոսքերի «արժեքը»: Այո՚, այլեւս ստիպված ենք ու պարտադրված խորհելու արագախոսության մասին, որպեսզի րոպեներ խնայենք երբեմն-երբեմն մի կուշտ խոսելու համար:
Չնայած րոպեավճարի ահ ու սարսափին, մեր քաղաքացիները շարունակում են հեռախոսով խոսել հին սովորության համաձայնՙ «Ալլո... հըմմ... Բարեւ ձեզՙ... հըմմ... Մի րոպե... Հա՜...»: Մեկ րոպեն դառնում է երկու, երեք... մինչեւ 13, իսկ ասելիքդ ու պահանջվող հարցիդ պատասխանը չես հասցնում ստանալ: Ժամանակը չէ՞, որ մեր խոսքը դարձնենք սեղմ ու հակիրճ եւ ինչո՞ւ չէ, մի քիչ էլ արագ: Այլապես այսպես քնած ու ալարկոտ րոպեավճարին չենք դիմանալու ու անվերջ բողոքելու ենք: Չկարծեք, թե կողմ եմ րոպեավճարի կիրառմանըՙ սոցիալական ծանր պայմաններում ապրող մեր ժողովրդի համար, բնավ, սակայն կողմ եմ ռիթմիկ ու առողջ կյանքով ապրելուն, որից այնպես հետ ենք վարժվել...
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ