«Փախստականների միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը երեկ կլոր սեղան էր հրավիրել լրագրողների միությունում քննարկելու «Քարոզարշավՙ ի նպաստ փախստականների բնակարանային շահերի պաշտպանության» ծրագրի նպատակներն ու խնդիրները: Ծրագիրն իրագործվում է Հայաստանի համաշխարհային ուսուցում հասարակական կազմակերպությունների հզորացման ծրագրի (ՀԿՀԾ) ֆինանսական աջակցության դրամաշնորհի միջոցներով: Ծրագրի նպատակն է արդյունավետ քարոզարշավ ծավալելու միջոցով նպաստել ՀՀ բնակարանային օրենսդրության, բարեփոխման գործընթացների արագացմանըՙ ի նպաստ փախստականների բնակարանային ապահովվածության, բնակարանային սեփականության իրավունքների իրականացման եւ օրինական շահերի պաշտպանության: 1994 թ. առ այսօր ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, այլ դոնոր կազմակերպությունների ՀՀ պետական բյուջեի միջոցներով փախստականների համար կառուցվել է ավելի քան 3000 բնակարան: ՀՀ գործող օրենսդրության համաձայն, պայմանագրի գործունեության հնգամյա ժամկետը լրանալուց հետո բնակարանների սեփականության իրավունքը պետք է անցներ փախստականներին: Անցած տարիների ընթացքում փոխվել է ՀՀ օրենսդրական դաշտը, եւ կնքված պայմանագրերը փաստացի զրկվել են իրավական հիմքերից, իսկ նման կարգով բնակարան ստացած փախստականներըՙ սեփականացնելու իրավունքից:
Ստեղծված իրավիճակի պատճառով փախստականների միջավայրում ոչ միայն չի թուլանում, այլեւ ավելի է ուժեղանում սոցիալական, հասարակական-քաղաքական լարվածությունը: Խիստ դանդաղ են իրականացվում նրանց ինտեգրացումը եւ հպատակագրումը: Կազմակերպությունը գտնում է, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի օրենսդրական ճանապարհով: Ներկա ծրագրի նպատակն է նպաստել փախստականների առջեւ ծառացած բնակարանային պրոբլեմի լուծմանը, նրանց ինտեգրացման եւ հպատակագրման արագացմանը եւ այդ ոլորտների նկատմամբ բարենպաստ քաղաքականության ձեւավորմանը:
Ռ. Պ.