«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2002-02-06 | #23, 2002-02-07 | #24, 2002-02-08


ԲՅՈՒՋԵՆ ՌԻՍԿԱՅԻՆ Է, ԲԱՅՑ ԿԱՏԱՐԵԼԻ, ՔԱՆԻ ՈՐ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է

ԼՂՀ խորհրդարանը փետրվարի 6-ին գումարեց ընթացիկ տարվա իր անդրանիկ լիագումար նիստը: Օրակարգային 12 հարցերից, թերեւս, կարելի է առանձնացնել երկուսըՙ 2002 թ. պետբյուջեի եւ ԼՂՀ գերագույն եւ առաջին ատյանի դատարանների նախագահների ու դատավորների նշանակման հարցերը:

Նիստը նախագահողՙ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Օլեգ Եսայանն առաջարկեց նախ քննարկել սոցիալ-տնտեսական ուղղվածության օրինագծերում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրակարգային հարցերը, որոնք հինգն էին: Համապատասխան գերատեսչությունների ղեկավարների առաջարկած լրացումներին ու փոփոխություններին պատգամավորները չառարկեցին: Դրա փոխարեն սկզբունքային տարաձայնություններ ի հայտ եկան 2002 թ. բյուջեի օրենքի նախագիծը քննարկելիս:

Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացրեց ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Նա իր գոհունակությունն արտահայտեց օրինագծի շահագրգիռ քննարկումների համար, որոնք մինչ այդ իրականացվել էին ԱԺ մշտական հանձնաժողովներումՙ նախարարությունների ու գերատեսչությունների հետ սերտ համագործակցության պայմաններում:

Ըստ զեկուցողի, 2001 թ. պետական եւ համայնքային բյուջեների սեփական եկամուտները, նախնական տվյալներով, ընդհանուր առմամբ կազմել են 2382,9 մլն դրամ: Հարկային եկամուտների եւ տուրքերի 2001 թ. փաստացի մուտքերը կազմել են 1785,8 մլն դրամ: Դրանց տեսակարար կշիռը կազմել է 74,9 տոկոս:

2001 թ. պետբյուջեի մուտքերը կազմել են 2090,7 մլն դրամ: Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն է ուղղվել ՀՀ-ից ստացված 9000,0 մլն միջպետական վարկը եւ պետական գույքի մասնավորեցումից ստացված 9,1 մլն դրամը:

ԼՂՀ 2001 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 11118,2 մլն դրամ կամ 90 տոկոսը: Համայնքային բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 662,8 մլն դրամ կամ 82,5 տոկոս:

Ս. Թեւոսյանի խոսքերով, 2002 թ. ԼՂՀ պետբյուջեի փաթեթն ընդգրկում է կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ու հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները եւ պետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներն առաջիկա երեք տարիների համար: Գլխավոր ֆինանսիստը ներկայացրեց 2002 թ. մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ կանխատեսումների, ընթացիկ տարում համախառն ներքին արդյունքի իրական աճը կկազմի 4,24 տոկոս: Տարվա ընթացքում ՀՆԱ-ի դեֆլյատորը նախատեսվում է 3 տոկոս: Դրամի միջին փոխարժեքը տարվա ընթացքում կձեւավորվի մեկ դոլարը 563 դրամի հարաբերակցությամբ:

2002 թ. համախառն թողարկման ծավալն ակնկալվում է շուրջ 50,1 մլրդ դրամի չափով:

ԼՂՀ-ում բոլոր աղբյուրների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների ծավալը զգալիորեն կգերազանցի նախորդ տարվա մակարդակը:

Ընթացիկ տարվա բյուջեն, իր ծախսային մասով, հիմնականում ուղղված է սոցիալական ոլորտՙ կազմելով բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալի 68,5 տոկոսը:

Այսպիսով, համաձայն կառավարության ներկայացրած համախմբված բյուջեի, 2002 թ. եկամուտները կազմում են 2839,4 մլն դրամ, ծախսային մասըՙ 12352,3 մլն դրամ, դեֆիցիտըՙ 9512,9 մլն դրամ: Դեֆիցիտն ակնկալվում է ծածկել ՀՀ-ից ստացվող միջպետական վարկի միջոցների հաշվինՙ 9000,0 մլն դրամի չափով:

ԼՂՀ ֆինանսների նախարարի զեկուցումը միանշանակ չընդունվեց պատգամավորների կողմից: Այստեղ արդեն ի հայտ եկան խմբակցային տարաձայնություններ: Խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Մայոր Դանիելյանը, ԺԱՄ խմբակցությունից, 2002 թ. պետբյուջեն որակեց խիստ իրատեսականՙ հնարավոր համարելով դրա կատարումը մինչեւ 94 տոկոսով: Դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին բյուջեի կատարման առավելագույն տոկոսը չի գերազանցել 87 տոկոսը: Նա նշեց, որ հունվարի 10-ից տարբեր ձեւաչափերով քննարկումներ են կատարվել հանձնաժողովներում, որոնց մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը: Մ. Դանիելյանի միակ դիտողությունն այն էր, որ կառավարությունը գալիք տարվա բյուջեն քննարկման է ներկայացրել քիչ ուշացումով:

2002 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ իր անձնական տեսակետն արտահայտեց նաեւ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը: Իբրեւ մասնագիտությամբ տնտեսագետ, նա դրական գնահատեց այն մոտեցումները, որոնցով առաջնորդվել են բյուջեի նախագիծը կազմողները: ԱԺ նախագահը շահեկան համարեց խորհրդարան-կառավարություն համագործակցությունը:

Ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասից 900,0 մլն կրճատելը վկայում է կառավարության իրատեսական ծրագրի մասին, որը ելնում է երկրում առկա տնտեսական իրավիճակից, նշեց խորհրդարանի նախագահըՙ կոչ անելով գործընկերներին քվեարկել նույն տեսքով բյուջեն ընդունելու օգտին:

Ինչպես նախորդ տարի էր, այս անգամ եւս ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը բացասական կեցվածք ընդունեց առաջարկված ֆինանսական փաստաթղթի նկատմամբ: Խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը 13 կետից բաղկացած առաջարկություններ ներկայացրեց խորհրդարանին, ըստ որոնց 2002 թ. պետբյուջեն ճիշտ չի արտացոլում տնտեսական քաղաքականության ուղղությունները:

Իրարամերժ տեսակետներից ձեւավորվեցին բյուջեի հանդեպ թեր ու դեմ դիրքորոշումները: Եվ անգամ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հիմնարար մեկնաբանությունները, որոնք նա ներկայացրեց պատգամավորներին, ՀՅԴ խմբակցության անդամներին հետ չպահեցին զուտ սկզբունքային դիրքորոշումից:

Քվեարկությանը մասնակցած 32 պատգամավորներից 22-ը քվեարկեց պետբյուջեի նախագիծն ամբողջությամբ ընդունելու օգտին, 8 հոգի դեմ եղավ, երկուսըՙ ձեռնպահ:

2002 թ. ԼՂՀ պետական բյուջեն ընդունելուց հետո հայտարարվեց ընդմիջում: Հետկեսօրին պատգամավորները ձեռնամուխ եղան օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

Դատաիրավական բարեփոխումների ու հանրապետությունում ռազմական դրության ռեժիմը երկարաձգելու օրինագծերի քննարկումը շատ սահուն անցավ: Ընդունվեցին ԼՂՀ-ում վաղուց հասունացած նոր քաղաքացիական դատավարության ու քրեական դատավարության օրենսգրքերը կիրարկման դնելու օրենքները:

Օրակարգային վերջինՙ ԼՂՀ գերագույն եւ առաջին ատյանի դատարանների նախագահների ու դատավորների նշանակման հարցը քննարկվեց փակ դռների հետեւում:

Նոր օրենքի համաձայն, դատական համակարգը ԼՂՀ-ում նախատեսում է 7 հոգուց բաղկացած առաջին ատյանի դատարան եւ նույն թվակազմով գերագույն դատարան, որին վերապահված են սահմանադրական, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների գործառույթներ:

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում վերջին պահին «Ազգի» թղթակցին տեղեկացրին, որ ամբողջությամբ հաստատվել է ներկայացված դատավորների ցուցակը: ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ է նշանակվել մինչ այդ ԳԴ փոխնախագահ Վլադիմիր Հովսեփյանը, իսկ առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակվեց Սեյրան Ամիրյանը: Վերջինս ԼՂՀ գլխավոր դատախազության քննչական բաժնի պետն էր:

Նոր դատավորները, ընդունված կարգի համաձայն, իրենց պարտականությունների կատարմանը պիտի անցնեն փետրվարի 15-ից:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4