Էլեկտրոնային փոստով ստացված լրատվությունը տեղեկացնում է, որ «Ֆրեզնո բի» թերթի փետրվարի 2-ի համարում Մաթյու Քրիմերը գրել է Ֆրեզնոյում նոր թանգարան բացելու հայերի մտադրության մասին: «Վեց միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ «Հայկական ժառանգության թանգարանը» քաղաքի կենտրոնական մասում պատմելու է այցելուներին մեր ակունքների, ներկայի եւ մեր ապագան բարելավելու ուղղությամբ տարված աշխատանքների մասին», ասել է «Հայկական տեխնոլոգիական խմբի» գործադիր տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը: Ըստ լրատվության, պետական ֆոնդերից արդեն իսկ հատկացված է 200 հազար դոլար, որը բավական է ծրագիրը «տեղից շարժելու» համար: Հայկական համագումարի անդամներից Մայք Բրիգզն իր գոհունակությունն է հայտնել այն առնչությամբ, որ արվեստի բնագավառում պետության նյութական հատկացումների մի մասը տրամադրվելու է Ֆրեզնոյին եւ ոչ Լոս Անջելեսի շրջանին: «Տարիներ շարունակ Ֆրեզնոն անտեսվել էր», նշել է նա:
Թանգարանը, որ կառուցվելու է Վենտուրա պողոտայի մոտ, լինելու էՙ ըստ տեղեկատվության, երիտասարդների համար ուսուցողական կենտրոն, որտեղ, բացի հայոց պատմության վերաբերյալ ցուցանմուշներից, ներկայացվելու են նաեւ կիրառական, տեսողական եւ կատարողական արվեստների վերաբերյալ միջոցառումներ, անցկացվելու են սեմինար-դասախոսություններ:
Հ. Ծ.