«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2002-02-07 | #24, 2002-02-08 | #25, 2002-02-09


ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

Վարդգես Համազասպյանի գրքի շնորհանդեսը

Վարդգես Համազասպյանի «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Հայաստանը» համապարփակ ուսումնասիրությունը լույս ընծայվեց վերջերսՙ «Տիգրան Մեծ» հրատարակչատանը, հեղինակի որդուՙ Եղիշե Համազասպյանի ջանքերով: Գրքի հրատարակչական աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաեւ «Ազգ» օրաթերթը: ՀԲԸՄ-ի գործունեության մասին արժեքավոր այս հրատարակությունը Վարդգես Համազասպյանիՙ տարիների կատարած մանրակրկիտ ուսումնասիրությունների ու պրպտումների արդյունքն է: ՀԲԸՄ-ի հիմնադրման, գործունեության եւ Հայաստանում նրա կատարած իրագործումների մասին վկայություններ տալով, հեղինակը հենվել է արժանահավատ բազմաթիվ աղբյուրների, փաստագրական նյութերի վրա:

Բայց քանի որ ձեռագիրը պահպանված չէր, բազմաթիվ դժվարություններ ծագեցին հրատարակչական աշխատանքների հետ կապված: «Ավա՜ղ, արդեն չէր պահպանվել հեղինակի ձեռագիրը, իսկ մեքենագիր օրինակն ուղղագրական, աղբյուրագիտական եւ այլ տիպի սխալներով լեցուն էր: Այսուհանդերձ արվեց ինչ-որ հնարավոր էր, գիտակցելով, որ շատ սխալներ կան հատկապես մեջբերումները բնագրի հետ համեմատելու անկարելիության պատճառով», գրում է գրքի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Վարդգես Համազասպյանի «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Հայաստանը» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքում ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը խոսելով գրքի պատմական, ճանաչողական նշանակության մասին, այն արժեքավոր համարեց հատկապես ապագա պատմաբանների համարՙ սփյուռք-Հայաստան հարաբերություններն ուսումնասիրելու առումով:

Վարդգես Համազասպյանի գործունեության, նրա մարդկային նկարագրի, նորընծա գրքի մասին ելույթներ ունեցան «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, «Գ. Մոմջյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռոմեն Կոզմոյանը, հասարակագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարլեն Դալլաքյանը, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, Մեսրոպ արք. Աշճյանը:

Իր խոսքում Հակոբ Ավետիքյանը նշեց, որ վերջին տարիներին ՀԲԸՄ-ի եւ ընդհանրապես սփյուռքահայ կառույցների մասին լույս տեսած բազմաթիվ հրատարակությունների շարքում այս գիրքն առանձնանում է իր մանրամասն ու արժեքավոր տեղեկություններով: Քննական աշխատության հավակնություն չունենալովՙ այն նկարագրական բնույթ չունի, գիտական է, ՀԲԸՄ-ի մասին տրված տեղեկությունները խորն են, համակողմանիորեն լուսաբանված, ընդգծված է հատկապես կազմակերպության վերկուսակցականությունը, իսկ գաղափարախոսության մեջՙ հայրենասիրությունը: Կազմակերպություն, որի ղեկավարներից են եղել Պողոս Նուբար փաշան, Գալուստ Գյուլբենկյանը, Արշակ Կարագյոզյանը, Ալեք Մանուկյանը, որոնք իրենց գործունեության մեջ ամենակարեւորը համարել են զորակցությունը Հայաստանին: «Քիչ մարդիկ կան, ովքեր այդքան անխառն սիրով են մոտեցել սփյուռքահայ իրականությանը, որքան Վարդգես Համազասպյանը: Այս գիրքն այդ գուրգուրանքի դրսեւորումն է», ասաց Հակոբ Ավետիքյանը:

Հիշողությունների հեռվից հետաքրքրական եւ բնորոշող պատառիկներ ներկայացրեց Ռոմեն Կոզմոյանը: Իսկ Կարլեն Դալլաքյանը, ողջունելով հավաքը, օրվա խորհուրդը տեսավ նախորդ սերունդների վաստակը գնահատելու եւ հիշելու մեջ: Վերաիմաստավորելով Վարդգես Համազասպյանի անցած ճանապարհը եւ գործունեությունըՙ բանախոսը գտավ, որ Համազասպյանի պատմական առաքելությունը սփյուռքահայության հետ կապերի ամրապնդումն ու զարգացումն էր, որ նա կատարեց սփյուռքահայության հետ կապերի կոմիտեում աշխատելու տարիներին: «Ճիշտ գտնված անձ ճիշտ տեղի համար: Գրքի գնահատական չէ, որ տրվում է այսօր, այլ երախտագիտության խոսքն է ասված մեր նախորդ սերունդներին, թերեւս մի քիչ ուշացած»:

Համապարփակ էր Ս. Կապուտիկյանի խոսքըՙ հագեցած հայրենասեր պետական-հասարակական գործչի առաքելության, գործունեության գնահատանքներով:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4