«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2002-02-08 | #25, 2002-02-09 | #26, 2002-02-12


ԱՊՐԻԼԻ 22-ԻՑ ԵՐԵՎԱՆ-ՊՐԱՀԱ ՈՒՂԻՂ ԹՌԻՉՔՆԵՐ

Այսուհետ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ օդային կապը կապահովվի միջկառավարական նախնական պայմանագրով, որի նախաստորագրումը տեղի ունեցավ փետրվարի 7-ին Չեխիայի տրանսպորտի եւ կապի նախարարությունում։ Վերջնական պայմանագիրը կստորագրվի երկու երկրների խորհրդարանների վավերացումներից հետո։ Մինչ այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ թռիչքները սկսելու վերաբերյալ։ Առաջին թռիչքը տեղի կունենա ապրիլի 22-ին, որն առայժմ կիրականացնի «Չեխական ավիաուղիները» ամեն շաբաթՙ մշտական չարթերային կարգավիճակով։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը, չեխականիցՙ տրանսպորտի եւ կապի փոխնախարարը։ Թույլատրվում է երկու երկրների միջեւ ուղեւորների եւ բեռների փոխադրում, ինչպես նաեւ երկու երկրների տարածքում հայկական եւ չեխական ինքնաթիռների վայրէջք եւ բարձրացում։ Ինչպես «Օրեր» համաեվրոպական ամսագրին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, Երեւան-Պրահա օդային կամուրջը կարեւոր է ոչ միայն Կենտրոնական Եվրոպայի հետ կապի առումով, այլեւ հետաքրքիրՙ տարանցիկ թռիչքների, այդ թվում ԱՄՆ արեւելյան ափ եւ Կանադաՙ Նյու Յորք, Ֆիլադելֆիա եւ Մոնրեալ կատարելիք չվերթերի առումով։ Հետագայում Պրահա-Երեւան շաբաթական թռիչքների թիվը կհասցվի չորսի։

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, հատուկ «Ազգի» համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4