Հայաստանի դրոշը 5 րոպե ծածանվեց Պրաժսկի Հրադում
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, հատուկ «Ազգի» համար
Փետրվարի 12-ին Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը Պրաժսկի Հրադի իր նստավայրում ընդունեց Չեխիայում Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանի հավատարմագրերը։ Դեսպանին ուղեկցում էին նրա տիկինը եւ Ավստրիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Խեչոյանը։ Նախագահ Քոչարյանի հրամանագրով Ջիվան Թաբիբյանը, որ Հայաստանը ներկայացնում է նաեւ Ավստրիայում, ԵԱՀԿ-ում, Հունգարիայում, Սլովակիայում եւ Վիեննայում գործող այլ միջազգային կազմակերպություններում, դեռեւս 2001-ի մարտի 30-ին էր նշանակվել Չեխիայում ՀՀ դեսպան, սակայն Վացլավ Հավելի հիվանդության պատճառով հավատարմագրերն անցած տարի այդպես էլ չհանձնվեցին։ Մեզ հետ զրույցում դեսպան Թաբիբյանը հաստատեց, որ թեեւ Չեխիայի ու Հայաստանի հարաբերություններն արդեն իսկ գոյություն ունեն երեք մակարդակներում, սակայն այսօրվանից դրանք նոր թափ կստանան։ Ըստ դեսպանիՙ Չեխիայի հետ կապված են ոչ միայն քաղաքական ու տնտեսական հարցեր, այլեւ այստեղ բնակվող 6 հազարից ավելի հայերի խնդիրները։ Այդ իմաստով, այսուհետ ավելի հեշտ կլինի պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները Չեխիայի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա, դեսպանի ասելով, արդեն իսկ չեխական կողմը նախատեսել է չեխ գործարարների մի խումբ տանել Հայաստանՙ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը խթանելու։
Իսկ դեսպան Թաբիբյանը ծրագրում է մեկ տարվա ընթացքում արեւելաեվրոպական երկրների համար Պրահայում կազմակերպել Հայաստանի արդյունաբերական ապրանքների ցուցահանդես։ Դեսպանի ասելով, մեզ համար Պրահան ամենախոստումնալի տեղն է։ Իհարկե, լավ կլիներ, որ առանձին դեսպանություն ունենայինք Չեխիայում, բայց Հայաստանի ֆինանսական հնարավորությունները դեռեւս նման հնարավորություն չեն տալիս։ Միաժամանակ դեսպանը նշեց, որ արդեն իսկ միջազգային կազմակերպություններում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Չեխիայի հետ, եւ կարեւոր քվեարկությունների ժամանակ Չեխիայի աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է։ Վերջում ավելացնենք, որ դեսպան Թաբիբյանից զատ, նախագահ Հավելն ընդունեց նաեւ Գվինեայի, Պակիստանի, Հորդանանի, Դոմինիկյան Հանրապետության եւ Մավրիկյան Հանրապետության դեսպաններին, որոնց նստավայրերը նույնպես եվրոպական տարբեր երկրներում են։