Հարգարժան դեսպան.
Ցավում եմ, որ առաջին անգամ ճեպազրույց ունենալով հայկական հեռուստատեսությամբ կրկնեցիք Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսի հանրածանոթ խոսքերըՙ Հայոց ցեղասպանությունը անվանելով «ողբերգություն, որով պատմաբանները պիտի զբաղվեն»։ Այդպիսով դուք վիրավորեցիք ոչ միայն Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, այլեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած աշխարհի 14 երկրների պառլամենտներին։ Օսմանյան Թուրքիայի հրեշավոր ոճրագործությունը, որին զոհ դարձան 1,5 միլիոն հայեր, իսկ հրաշքով փրկվածները զրկվեցին դրախտային հայրենիքիցՙ Արեւմտյան Հայաստանից, սոսկ ողբերգությո՞ւն է...
Նույնիսկ հորդորեցիք չհամեմատել Հոլոքոսթի հետ։ Այո՛, չենք համեմատում, քանի որ հրեաները Հոլոքոսթից հետո հայրենիք կերտեցին, իսկ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերը դեգերեցին աշխարհումՙ իրենց սրտում ու մտքում ամուր պահելով Արարատ սուրբ լեռան գերված պատկերն ու կիսված հայրենիքի կարոտը։
Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը 2001 թ. ապրիլի 24-ինՙ Ցեղասպանության 86-րդ ամյակին նվիրված սգո հանդեսում ասաց. «Ինձ հաճախ այցելում են հրեաներ, որոնք շեշտում են Հոլոքոսթի բացառիկությունը, իսկ ես նրանց ասում եմՙ բերեք մի վկայություն, որ հրեա հղի կանանց փորը պատռել են թրով, հանել մանկանն ու սրախողխող պահել մոր աչքի առջեւ, որ հանճարեղ մտավորականների ու բանաստեղծների գլուխը ջարդել են քարերով, որ...»։
Իսրայելի արտգործնախարարի եւ ձեր կարծիքով պատմաբանները պիտի քննարկեն այս հարցը, ներեցեք, ո՞ր պատմաբանները։ Պատմաբանները վաղուց են Ցեղասպանության փաստերն ու վկայությունները ներկայացրել աշխարհին, իսկ դրանց ձեր իրազեկ չլինելը կամ այդպիսին ձեւանալը այլ խնդիր է։ Գուցե հրեա՞ պատմաբաններին նկատի ունեք։ Հիշեցնեմ, հրեա պատմաբան Յաիր Ահարոնի խոսքերն ասված 2000 թ. Վաշինգտոնում. «Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կառավարության կողմից նույնն է, թե Գերմանիան ժխտեր հրեական Հոլոքոսթը»։ Զարմանալի է, որ դուք չեք դիտում Իսրայելի հեռուստատեսության «Նորություններ» հաղորդման ապրիլի 24-ի թողարկումները, որտեղ ելույթ ունեցող հրեա պատմաբանները Իսրայելից պահանջում են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ոչ թե ողբերգությունը։ Երբ «Մերեց» կուսակցության նախագահ եւ կրթության նախկին նախարար Յոսի Սարիթը 2000 թ. առաջարկեց դպրոցներում դասավանդել Հայոց ցեղասպանությունը, Իսրայելում Թուրքիայի դեսպանատունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Նույն Յոսի Սարիթն ու իր համախոհները չդադարեցին պայքարել եւ 2001 թ. ապրիլի 23-ին մասնակցեցին Յաֆայում եւ Թել Ավիվում (Ռաբինի հրապարակում) կայացած Երուսաղեմի հայերի բողոքի ցույցերինՙ պահանջելով Իսրայելի կառավարությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հենց այդ ժամանակ էլ հնչեցին Շիմոն Պերեսի հայտնի խոսքերըՙ «Դա պատմաբանների գործն է եւ ոչ թե պառլամենտի», առաջացնելով հայերի մեծ զայրույթը։
Երկու տարի ապրելով Երուսաղեմում, շփվել եմ հրեական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ, տիրապետել եմ եբրայերենին, տեղյակ եմ Իսրայելի հասարակական-քաղաքական կյանքին եւ գիտեմ, որ ազատ ու համարձակ մտավորականները չեն ժխտում Հայոց ցեղասպանությունն ու չեն վիրավորում մեր նվիրական զգացմունքները։ Իսկ Ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կառավարության քաղաքականության եւ ինչու չէ, նաեւ բարոյականության խնդիրն է։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայոց ցեղասպանության մասին կարող եք կարդալՙ www.armenian-genocide.org