Իսրայելը Հայաստանում ձեւավորում է հակահրեական տրամադրություններ
Փետրվարի 11-ին Իրանում նշվեց իսլամական հեղափոխության 23-րդ տարեդարձը։ Հայաստանում Իրանի դեսպանատունը տոնի առիթով նույն օրը կազմակերպեց ընդունելություն, ինչը լայնորեն լուսաբանվեց հայաստանյան ԶԼՄ-ներով։ Փետրվարի 11-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան այլ իրադարձություններ, որոնցից երկուսին մեր ԶԼՄ-ները կամ չանդրադարձան, կամ անդրադարձան մասամբ։ «Ա1+» հեռուստաընկերությունը լայնորեն լուսաբանեց Ռոմեն Եպիսկոպոսյանի «Ազգային համակարգեր» գրքի շնորհանդեսը։ Կարճ ասած, այս գրքում հարցականի տակ է դրվում հրեական Հոլոքոսթի փաստը։ Տեղեկատվության ավարտին «Ա1+»-ը ստուդիայում հյուրընկալեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանին։ Վերջինս, ի թիվս հայաստանաբնակ այլ հրեաների, ներկա էր գտնվել Ռոմեն Եպիսկոպոսյանի գրքի շնորհանդեսին։
Տկն Վարժապետյանը նկատեց, որ Հայաստանում հակահրեական տրամադրություններն առկա են, ճիշտ էՙ բնակչության նեղ շրջանում։ Ցավոք, անդրադարձ չեղավ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս են նման տրամադրություններ ձեւավորվում։
Մեր կարծիքով, Հայաստանում հակահրեական տրամադրություններ ձեւավորվում են պաշտոնական Թել Ավիվիՙ Հայոց ցեղասպանության փաստը հետեւողականորեն ժխտելու պատճառով։ Ժամանակին անդրադարձել ենք Վրաստանում եւ Հայաստանում Իսրայելի դեսպանության երկրորդ քարտուղար Հարի Քլեյմանի «Երեւան» հյուրանոցում անցկացրած բրիֆինգում հայտնած սադրիչ հայտարարություններին («Դիվանագիտական ցինիզմ», «Ազգ», 21 դեկտեմբեր, 2001 թ.)։ «Իսրայելը ճանաչում է հայ ժողովրդի կրած տառապանքները, այնուամենայնիվ, կարծում ենք, Հայոց ցեղասպանության հարցի քննարկումն այս փուլում պետք է սկսեն պատմաբանները եւ ճշտեն, թե հստակ ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ է տեղի ունեցել։ Կարծում եմ, այսօրվա դրությամբ դժվար թե օգտակար լինի այս հարցը խառնել քաղաքականությանը։ Ավելի լավ է դա մնա որպես կարեւոր, բայց ակադեմիական հարց», ասել էր իսրայելցի դիվանագետը, ինչը գրեթե հավասարազոր է ավելի քան մեկ տասնյակ պետությունների ընդունած Հայոց ցեղասպանության փաստը հերքելուն։
Փետրվարի 8-ին Վրաստանում եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենը Երեւանում, ըստ էության, ժխտեց Հայոց ցեղասպանության փաստըՙ հրաժարվելով որեւէ զուգահեռ անցկացնել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ։ «Հոլոքոսթը եզակի երեւույթ է, քանի որ եղել է միշտ ծրագրված եւ նպատակ է ունեցել ոչնչացնել ամբողջ ազգը։ Այս փուլում չարժե որեւէ բան համեմատել Հոլոքոսթի հետ», ասել է տկն Կոհենը։
Ինչպես Հոլոքոսթը, Հայոց ցեղասպանությունը նույնպես եղել է ծրագրված, եւ Օսմանյան Թուրքիան նպատակ է ունեցել ոչնչացնել ամբողջ ազգըՙ Արեւմտյան Հայաստանի եւ այնուհետեւՙ Արեւելահայաստանի հայությանը։ Հրեական ողջակիզման զոհ է դարձել 6 մլն, Հայոց եղեռնինՙ 1,5 մլն մարդ։ Ազգային ողբերգության մեծությունը երբեւէ չի չափվում մարդկային զոհերի թվով։ 1994 թ. Ռուանդայի ցեղասպանությունը խլեց մոտ 800 հազար մարդու կյանք։
Իսրայելցի դիվանագետները, եթե չեն ցանկանում Հայոց ցեղասպանությունը մերժելով Հայաստանում ձեւավորել հակահրեական տրամադրություններ, ապա կարող են դիվանագիտորեն շրջանցել Ցեղասպանության մասին հարցերը։ Ուրեմն, Հայոց ցեղասպանությունը մերժելը պաշտոնական Իսրայելի դիրքորոշումն է։ Սա, անշուշտ, չի նշանակում, թե մենքՙ հայերս, պետք է մերժենք Հոլոքոսթը։ Նմանապեսՙ Հայաստանի պետությունը։ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Արմինֆո» գործակալությանը ցավ է արտահայտել տկն Կոհենի հայտարարության առիթով, զարմանք հայտնելով, որ Հոլոքոսթ ապրած ազգի քաղաքական ղեկավարությունն ընդունում է նման դիրքորոշում։
Ուշադրություն դարձնենք հետեւյալ զուգադիպությանը. Հարի Քլեյմանը եւ Ռիվկա Կոհենը Երեւան այցելեցին համապատասխանաբար Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի Իրան պաշտոնական այցի եւ Հայաստանում Իրանի դեսպանատանը կազմակերպված տոնի նախօրեին։ Զարմանալի է ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանիՙ Ռ. Կոհենին տված խոստումը, որ հայ-իրանական հարաբերությունները կզարգանան տնտեսական, առեւտրական, բայց ոչ անվտանգության մակարդակում։
Ի դեպ, փետրվարի 11-ին Հայ արիական-ցեղապաշտական դաշինքի գերագույն խորհրդիՙ «Ազգին» ուղարկած հայտարարության մեջ, Ռոմեն Եպիսկոպոսյանի «Ազգային համակարգեր» գրքի ոգուն հարազատ, փաստորեն, կասկածի տակ էր դրվել Հոլոքոսթի փաստը։ Հենց այդ պատճառով «Ազգը» չտպագրեց այդ հայտարարությունը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ