«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2002-02-09 | #26, 2002-02-12 | #27, 2002-02-13


ՄԱՀԱՊԱՏԻԺ ԿԻՐԱՌԵԼ-ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԲԱՆԱՎԵՃԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

Ապրիլին Եվրախորհուրդն անդրադառնալու է այս կազմակերպությանն անդամագրվելիս մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Դրանցից մեկը «Մարդու հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիայի վավերացմանն է վերաբերում, որի 6-րդ հոդվածը պահանջում է մահապատժի վերացում։ Եվրախորհուրդն այս հարցում բացառություն չի ընդունում, ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, որին մեր խորհրդարանական խմբակցություններից մի քանիսը դատափետում են հոկտեմբերի 27-ի գործով այժմ դատվող ոճրագործների հարցում բացառություն անելու համաձայնության չհասնելու համար։ Այսինքն, կողմ ենք մահապատժի վերացմանը, սակայն կոնկրետ այս ոճրագործների նկատմամբ այդ պատիժը պիտի կիրառենք։

Նման հարցադրմանը դժվար է համաձայնել։ Նախ, ամեն վերք տիրոջն է ցավ տալիս, եւ ոչ ոք չի կարող ասել, թե հոկտեմբերի 27-ի ոճիրը տուժողների, նույնիսկ ողջ հասարակության համար ավելի՛ ցավագին էր, քան, ասենք, գազանաբար բռնաբարված եւ սպանված որեւէ անչափահաս աղջնակի մահը նրա ծնողների համար։ Ոճիրը ոճիր է, անկախ հասարակական հնչեղությունից, պետության դեմ գործված լինելու իրողությունից, որն այս պարագայում հանցանքը առավել ծանրացնող հանգամանք է, բայցՙ ո՛չ ավելին։ Երկրորդՙ ընդհանրապես կողմ լինելով բացառիկ դեպքերում մահապատիժ կիրառելը պահպանելուն, կոնկրետ հոկտեմբերի 27-ի գործով դատվող մարդասպանների նկատմամբ դրա գործադրման նպատակահարմարության վերաբերյալ վերապահումներ ունեմ։

Այս գործն իր հասարակական հնչեղությամբ իրոք բացառիկ է, այս ոճիրը տեւականորեն հարցականի տակ էր դրել մեր երկրի քաղաքական կայունությունը, նույնիսկ սպառնալիք էր ստեղծել պետականության գոյության համար։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ոճրագործության կատարման պահից իսկ դարձավ ամեն կարգի քաղաքական շահարկումների առարկա, որոնք չեն դադարում մինչեւ հիմա։ Ժամանակ առ ժամանակ այդ շահարկումներն ուժեղանում են, նպատակ ունենալով ստեղծել հավելյալ լարվածություն։ Վերջին շաբաթներին այդ միտումը կրկին աչք է ծակում։ Ամեն կարգի քաղաքական ու կիսաքաղաքական գործիչներ, կայացած ու չկայացած լրագրողներ, կարծես ինչ-որ չարության մի կենտրոնից հատուկ հրահանգավորված, փորձում են կրկին շիկացնել երկրի ներքաղաքական մթնոլորտը։ Ասածներն ի՞նչ է։

ա) Այս իշխանությունները հովանավորում են ոճրագործներին, հետեւաբար սրանց օրոք ոճրագործությունը չի բացահայտվի։

բ) Այս իշխանությունները մեղսակից են ոճրագործությանը, քանի որ հոկտեմբերի 27-ից հետո «ո՞ւմ դիրքերն ուժեղացան»։

Երկու պնդումն էլ հիվանդ երեւակայության զառացանք է, եթե ոչ ավելի լուրջ ու չարամիտ դիտավորության արտահայտություն։ Կարելի է բուն դատավարության ընթացքից, նույնիսկ իշխանությունների դեմ ուղղված հրապարակումներից բազմաթիվ փաստարկներ բերել, որոնք հանդիսանում են դրանց հեղինակների մերկապարանոց պնդումների ակնհայտ հերքումը, բայց դա շատ տեղ կզբաղեցներ։ Ուստի փորձենք տրամաբանել ըստ էության։

1. Եթե այս իշխանությունները հովանավորում են ոճրագործներին, ապա դա միայն մեկ արտահայտություն կարող է ունենալՙ խոստացել են, որ կպահպանեն նրանց արգահատելի կյանքը։ Չէ՞ որ ներկա նախագահին քիչ չեն քարկոծել, որ նա առիթներով ասել է, թե քանի ինքը նախագահ էՙ մահապատժի իրականացում թույլ չի տա։ Ինչո՞ւ է այս հայտարարությունը սվիններով ընդունվում բոլոր նրանց կողմից, ովքեր անվերապահորեն մահապատիժ են պահանջում մարդասպանների համար։ Ավելի տրամաբանական չի՞ լինի նախաձեռնությունը խլել իրենց ատելի նախագահից եւ վավերացնելով վերոհիշյալ կոնվենցիան, այսինքն օրենքով արգելելով մահապատիժը, վերացնել ոճրագործների ենթադրյալ կախվածությունը նույն նախագահից։ Չէ՞ որ ակնհայտ էՙ մահվան սարսափի տակ ոճրագործները իշխանությունների դեմ որեւէ ամենաաննշան ցուցմունք չեն տա, հույսը դնելով իրենց կյանքը պահպանելու ենթադրյալ խոստման վրա։ Չէ՞ որ եթե նախագահն այս ոճրի հետ որեւէ ամենաաննշան առնչություն ունենար, հենց ինքը պիտի շահագրգռված լիներ մահապատիժը կիրառելով հետքերը թաքցնելու մեջ։ Իսկ քանի որ նա այդպիսի շահագրգռություն չունի, հապա պարզ չէ՞, որ հետքերը թաքցնելու խնդիր չունի, ձեռքերը մաքուր են։ Այլապես անհասկանալի էՙ ո՞վ է իսկապես շահագրգռված այս գործի լիակատար եւ ամբողջական բացահայտմամբՙ մահապատիժ պահանջողնե՞րը, թե՞ մահապատժի հակառակորդները։ Վերջին հաշվով, «այս իշխանությունների օրոք գործը չի բացահայտվի» կարգախոսի հեղինակները չեն կարող չիմանալ, որ ցանկացած իշխանություն անցողիկ է, եւ եթե դեռ բացահայտվելու բան կա, ապա մահապատիժ կիրառելովՙ հարցը մեկընդմիշտ կփակվի, չկիրառելովՙ բաց կմնա։

2. Ինչ վերաբերում է «ո՞ւմ իշխանությունն ամրապնդվեց հոկտեմբերի 27-ից հետո» թափանցիկ ակնարկով հարցադրմանը, ապա սրան դեռ 2 տարի առաջ շատ դիպուկ պատասխանել է Վազգեն Մանուկյանը. «Անձրեւն էլ է գյուղացուն օգուտ, բայց դա չի նշանակում, որ անձրեւը գյուղացին է կազմակերպել»։ Անցյալ սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգությունից հետո Ջորջ Բուշի իշխանությունն էլ աներեւակայելի չափով ամրապնդվեց, բայց ԱՄՆ-ում հազիվ թե գտնվի որեւէ խելագար, որ ենթադրի, թե աշխարհը ցնցած այդ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը... Ջորջ Բուշն էր։

Ասել կուզեմ, մենք այժմ կանգնած ենք ոչ միայն վերոհիշյալ կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու, այլեւ կոնկրետ այս գործով բարոյական ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ։ Կա՛մ մահապատիժը կիրառում ենք, որին այս ոճրագործները լիովին արժանի են, բայց այդ դեպքում մեկընդմիշտ վերջ ենք տալիս քաղաքական շահագործումներին, կա՛մ, եթե շահարկումները շարունակելու ենք, մահապատիժ չենք կիրառում։

Մտածելու բան, ըստ իս, կա՛, հապճեպ եզրակացությունների տեղը չէ։ Ոճրագործներին խստագույնս պատժելու զգացումները միանգամայն հասկանալի են, բայց ո՞րն է ավելի կարեւորՙ ճշմարտության լիակատար ու ամբողջակական բացահայտո՞ւմը, թե՞... արդար վրեժխնդրությունը։ Իսկ միգուցե ճշմարիտն այն է, որ բոլորը հասկացել են, թե այլեւս բացահայտելու բան չկա՞։ Այդ դեպքում ինչի՞ են ձգտում հոկտեմբերի 27-ի ոճրագործների նկատմամբ այդ պատիժը կիրառելու կողմնակիցները։ Արդյոք ո՞չ այն բանին, որ հարցը ընդմիշտ մնա անորոշ, այդ կերպ ոչ քչերին ազատելով... ներկա իշխանություններին անհիմն անվանարկելու համար թեկուզեւ ապագայում հասարակությանը պատասխան տալու տհաճ հեռանկարից։ Արդյոք դա չէ՞ մահապատիժ կիրառել-չկիրառելու մասին ներկա բանավեճի թաքուն ենթատեքստը։

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4