Հեյդար Ալիեւի Թեհրան պաշտոնական այցը կրկին հարցականի տակ
Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցելությունը հարեւան Իրան նախատեսված էր 1997 թ.։ Սակայն ադրբեջանա-իրանական փոխհարաբերություններում առկա տասնյակ հակասությունների պատճառով Հ. Ալիեւին այդպես էլ հնարավորություն չի տրվում Թեհրան մուտքի «այցագիր» ստանալու։ 1993 թ., երբ Հ. Ալիեւն ու 34-ամյա Սուրաթ Հուսեյնովը ռուսական զենքի սպառնալիքով Բաքվից հալածեցին ժողովրդական ճանապարհով ընտրված նախագահ Աբ. Էլչիբեյին եւ զավթեցին իշխանությունը, Ալիեւը նույն տարվա աշնանը կեղծիքներով ընտրվեց Ադրբեջանի նախագահ, առաջին պաշտոնական այցը կատարեց հենց Թեհրան։ Պատահական չենք օգտագործում Թեհրան անունը, որովհետեւ Ալիեւիՙ ադրբեջանաբնակ Թավրիզ քաղաք այցելելու ցանկությանն Իրանի իշխանությունները կտրականապես դեմ արտահայտվեցին հայտնի պատճառներով։ Պաշտոնական Թեհրանը չի թույլատրում Ադրբեջանին Թավրիզում բացել հյուպատոսություն, մինչդեռ այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել տասը տարի առաջ։
2002 թ. հունվարի 23-ին Բաքու ժամանեց Իրանի ՆԳՆ ղեկավար Ա. Մուսավաթի Լարին. վերջինս Հ. Ալիեւին փոխանցեց նախագահ Խաթամիի բարեկամական ուղերձը, տեղեկացնելով, որ Թեհրանը փետրվարի երկրորդ տասնօրյակում սպասում է Ալիեւի պաշտոնական այցին։ Հունվարի 30-ին Ալիեւը մեկնեց Նյու Յորքՙ մասնակցելու տնտեսական ֆորումի ամենամյա նիստին։ Արդեն երկու շաբաթ Ադրբեջանի նախագահն ԱՄՆ-ում է եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնա Բաքու։ «Ես տեղյակ չեմ, թե դեռ որքան Ալիեւը կմնա Քլիվլենդում։ Ներկայումս բժիշկները շարունակում են զննել նրան», «Թուրան» գործակալության հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը։ Դեսպանը դժվարացել է պատասխանելՙ Քլիվլենդի կլինիկայից Ալիեւը կմեկնի Վաշինգտո՞ն, թե՞ կվերադառնա Բաքու։ Նյու Յորքի տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսված էին Ադրբեջանի ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների քաղաքական եւ տնտեսական գործիչների հետ։ Համենայն դեպս, մինչ այսօր Ալիեւը բարձր մակարդակի որեւէ հանդիպում չի ունեցել, իսկ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի եւ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթաջի հետ նախապես ծրագրված հանդիպումները տեղի չեն ունեցելՙ համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիեւը խուսափել է բանակցել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Լավ, ի՞նչ է անում Ալիեւը Քլիվլենդում։ Հասկանալի է, հենց այս քաղաքի կլինիկայում է վիրահատվել Ադրբեջանի առաջնորդի սիրտը, եւ բնական է վիրահատող բժիշկների բժշկական հետազոտությունը։ «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրներ, հաղորդում է, որ Հ. Ալիեւն ԱՄՆ-ում կմնա մինչեւ փետրվարի 20-ը։ Նույն աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ղեկավարի այսքան երկար հետազոտությունը ոչ մի կերպ կապված չէ առողջության վատթարացման հետ. առկա են արտաքին քաղաքական բնույթի լուրջ պատճառներ, որոնք ստիպում են Ալիեւին որոշակի ժամանակով մնալ ստվերում։
Բաքվի «Զերկալո» թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ալիեւը պետք է պաշտոնական այց կատարի Թեհրան։ Վերջերս արտգործնախարար Վ. Գուլիեւն ասել էր, որ ստորագրվելիք բոլոր պայմանագրերը համաձայնեցված են, այսինքնՙ Իրան այցելությունը հերթական անգամ հետաձգելու պատճառ չկա։ «Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված վիճակը, այս պահին Ալիեւի այցը Իրան կլինի ոչ միայն անցանկալի, այլեւ ուղղակի անհնար», գրում է «Զերկալոն»։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահի Կոնգրեսի ելույթին, որում Բուշը Իրանը, Իրաքը եւ ԿԺԴՀ-ն համարեց «չարիքի առանցք», ակնարկելով, որ չեն բացառվում այդ պետությունների նկատմամբ հակաահաբեկչական գործողությունները։ Այսինքնՙ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակից Ադրբեջանի նախագահը պաշտոնական այց է կատարում ԱՄՆ-ի կարծիքով միջազգային ահաբեկչությունը պետականորեն ֆինանսավորող Իրան։ 79-ամյա Ալիեւը կունենա՞ այդքան քաջություն։ Դժվար թե։ Առանց այն էլ Վաշինգտոնը ոգեւորված չէ Ալիեւի մոսկովյան պետական այցով, առավել եւսՙ այցի ընթացքում ձեռք բերված պայմանագրերով։ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը տասը տարի ժամկետով Մոսկվային փոխանցելը, թվում է, այնքան էլ էժան չի նստի Բաքվի վրա։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Օ. Իզգին Ադրբեջանի մայրաքաղաքում օրերս հայտարարեց, որ Գաբալան ռուսներին հանձնելը հակասում է Թուրքիայի շահերին։ Թարգմանաբարՙ հակասում է նաեւ ԱՄՆ-ի շահերին, որի անդրկովկասյան քաղաքականությունն իրականացվում է հիմնականում Թուրքիայով։
«Զերկալո» թերթը Հ. Ալիեւիՙ Քլիվլենդում այսքան երկար ժամանակով հետազոտվելը բացատրում է Ադրբեջանի նախագահի Իրան այցելությունից խուսափելու ցանկությամբ։ Ուշագրավ է Բաքվում Իրանի դեսպանության մեկնաբանությունը։ Իրանցի դիվանագետները նշում էին, որ Հ. Ալիեւը Թեհրան կայցելի փետրվարի 18¬20-ին։ Երեկ դեսպանության մամլո ծառայության ղեկավար Ի. Ջելալին «Թուրան» գործակալությանն ասել է, որ Հ. Ալիեւի Իրան պաշտոնական այցի ծրագրում որեւէ փոփոխություն չի մտցվել, եւ կկայանա փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում։
Չպետք է բացառել, որ Թեհրանը եւս Հ. Ալիեւի Քլիվլենդում այդքան երկար ժամանակով բժշկական հետազոտությունը պայմանավորում է Իրան պաշտոնական այցից խուսափելու հաշվարկներով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում Իրանի դեսպանության «լավատեսությանը», ապա սա եւս հաշվարկված է. Թեհրանը այսուհետ կարող է շարունակել Բաքվին մեղադրել ամերիկա-սիոնիստական շահերին ծառայելու մեջ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ