Այս նշանաբանն է կրում «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության գովազդային հոլովակը, որը վերջին ամիսներին պարբերաբար եթեր է արձակվում Արցախի հեռուստատեսությամբ։ Իսկ ահա փետրվարի 12-ին ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանի հրավիրած մամուլի ասուլիսը լույս սփռեց այն բոլոր ենթադրությունների վրա, որոնք շրջանառվում էին ԼՂՀ կապի համակարգի ճակատագրի շուրջ։
Պարոն Իրիկյանը մամուլի ասուլիսին մենակ չէր եկել, նրան ուղեկցում էին ԼՂՀ վարչապետի խորհրդական Առնոլդ Աբրահամյանը եւ «Արցախկապ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ռոբերտ Մկրտչյանը։ «Ղարաբաղ-Տելեկոմի» գլխավոր տնօրենն իր խոսքն սկսեց ղարաբաղցիներին ուղղված մի ընդարձակ կոչով, որով երախտագիտություն հայտնելով հանրապետության իշխանություններին ակտիվ աջակցության համար, փորձեց հիմնավորել լիբանանյան PMF ֆիրմայի ձեռնարկման նպատակահարմարությունը։
Ռ. Իրիկյանի խոսքերով, իմանալով հանդերձ, որ ԼՂՀ-ն չճանաչված երկիր է եւ ներդրումների համար ռիսկի գոտի, այնուհանդերձ, իրենք ուսումնասիրել են Արցախի բանկային եւ հարկային համակարգերը եւ ֆիրմայի համար շահավետ պայմաններ հայտնաբերել տեղում։ Ավելինՙ ուրիշ շատ երկրների համեմատ ԼՂՀ-ն ավելի խոստումնալից է ու ապահով քրեածին իրավիճակի առումով։ Հենց այս հանգամանքն է, թերեւս, հաշվի առնվել, որ պարոն Իրիկյանը որոշել է ընտանիքով բնավորվել Ղարաբաղում։
Գործնական առումով «Ղարաբաղ-Տելեկոմը» մտադիր է ոչ միայն բարելավել ԼՂՀ-ում գործող հեռախոսացանցը եւ համապատասխանեցնել միջազգային նորմերին, այլեւ կատարել մի շարք նորարարություններ, ներմուծել եւ կատարելագործել բջջային հեռահաղորդակցության ցանցը, ինտերնետը, փեյջինգը, աուդիո եւ վիդեո ցանցերը, ֆաքսը, ինչպես նաեւՙ ապահովել տարբեր այլ ծառայություններ։ Վերջնական նպատակն է Ղարաբաղում ստեղծել հեռահաղորդակցության մի կատարյալ ցանց, որը կսփռվի հանրապետության ողջ տարածքում, ընդ որումՙ ցածր սակագներով։
Ռալֆ Իրիկյանի ելույթ-կոչը նաեւ հայրենասիրական ընդգծված երանգներ էր պարունակում։ Մասնավորապես նա նշեց, որ լիբանանահայերը Ղարաբաղն անվանում են կովկասյան ամրոցՙ նման Այնճարի ամրոցին, որը Լիբանանում, հատկապես Բեքաայի հովտում հայերի գոյատեւման խորհրդանիշն է։ Այս տեսանկյունով «Ղարաբաղ-Տելեկոմը» մի միջոց է ուժեղ պահելու այդ ամրոցը, աջակցելու երկրի տնտեսական աճին։
Ասուլիսում տրված հարցերը տարաբնույթ էին։ Դրանք բոլորն էլ, սակայն, առնչվում էին հեռահաղորդակցությանը։ Ի մասնավորի նշվեց, որ ԼՂՀ կառավարության կողմից 2001 թ. նոյեմբերին տրված լիցենզիան «Ղարաբաղ-Տելեկոմին» հնարավորություն է տալիս Արցախում գործունեություն ծավալել 30 տարի ժամկետով։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում «Արմենտելի» դառը փորձը, ԼՂՀ կառավարությունը մենաշնորհային արտոնություն չի վերապահել «Ղարաբաղ-Տելեկոմին»։ Րոպեավճար տեսանելի ապագայում Արցախում չի՛ կիրառվելու, իսկ GSM բջջային կապի րոպեավճարը կազմելու է ընդամենը 54 դրամ («Արմենտելի» սակագնից շուրջ 50 տոկոսով ցածր)։ Արտաքին հեռախոսակապն իրականացվելու է առայժմ «Արմենտելի» միջոցով, բայց եթե վերջինս հետայսու հրաժարվի անցյալ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունից, ապա «Ղարաբաղ-Տելեկոմը» նոր գործընկերներ կգտնի մինչեւ իր ցանցի լիարժեք գործելը։ Թանկ չէ նաեւ բջջային հեռախոսի բաժանորդագինըՙ ամսական 2520 դրամ (համեմատության համար նշենք, որ «Արմենտելի» սահմանած բաժանորդագրական վարձը կազմում է 18 ԱՄՆ դոլար)։
Պարոն Իրիկյանի ներկայացրած այս ցուցանիշները թելադրեցին նաեւ հետեւյալ հարցը. արդյոք «Ղարաբաղ-Տելեկոմը» նպատակ ունի՞ Հայաստանի Հանրապետությունում ստեղծելու իր բաժանորդական ցանցը։ «Ազգի» թղթակցի հարցը վերն ասվածի շարունակությունն էրՙ «Ղարաբաղ-Տելեկոմը» պատրաստվո՞ւմ է գնել «Արմենտելի» բաժնետոմսերի վաճառվելիք 20 տոկոսը։
Ի պատասխան Ռ. Իրիկյանը նշեց, որ իրենք այդպիսի առաջարկություն չեն ստացել, բայց գաղափարն ինքնին խորհրդածելու տեղիք է տալիս։
«Ազգի» թղթակցի հաջորդ հարցը վերաբերում էր ներդրումների չափին։ Մոտավոր հաշվարկներով, Արցախի կապի համակարգն արդիականացնելու համար անհրաժեշտ է 23¬27 միլիոն դոլար. ֆիրմայի գրպանն ի զորո՞ւ է այսչափ ներդրումներ կատարելու։
Պարոն Իրիկյանը նշեց, որ իրենք կառաջնորդվեն շուկայի պահանջարկով։ Ներդրումների գագաթնակետ չի նախատեսվում, իսկ թե կոնկրետ ինչքա՞ն գումար կներդրվի, ցույց կտա ժամանակը։ Ընթացիկ տարվա համար, օրինակ, նախատեսված է նվազագույնը 10 միլիոն դոլար, իսկ հաջորդ տարվա համարՙ 5 մլն դոլար...
Այսօրվա դրությամբ Ստեփանակերտում հեռախոսի տեղադրման համար հերթագրված է 6.000 քաղաքացի (բաժանորդների թիվը մայրաքաղաքում 9800 է). արդյոք «Ղարաբաղ-Տելեկոմը» հնարավորություն ունի՞ բավարարելու բոլոր հերթագրվածներին։ Դարձյալ «Ազգի» թղթակցի տված հարցին պարոն Իրիկյանը դրական պատասխանեց, ավելացնելով, որ դա ժամանակի խնդիր է, իսկ ամենակարեւորն այն է, որ սովորական հեռախոսի տեղադրման սակագները բնավ չեն փոխվի։
«Ղարաբաղ-Տելեկոմի» գլխավոր տնօրենը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ շրջանների հետ կենտրոնի կապին ու համակարգում աշխատատեղերի պահպանման հարցերին։ Առաջին հարցի վերաբերյալ նա տեղեկացրեց, որ հանրապետության բոլոր շրջաններում էլ կգործի բջջային հեռախոսացանցը, իսկ սովորական հեռախոսակապն ապահովելու համար նոր տեխնոլոգիաների հետ առայժմ կօգտագործվեն նաեւ հին սարքավորումները։ Դա կտեւի այնքան ժամանակ, մինչեւ կարդիականացվեն գործարկվող բոլոր տեխնոլոգիաները։
Կապայինների գործազրկություն տեղի չի ունենա։ Ընդհակառակը, նոր ցանցերի տեղադրմամբ կավելանան նաեւ աշխատատեղերը։ Իսկ դա կլինի շատ մոտ ապագայում։
Այսօր պատմական օր է ԼՂՀ կայացման ճանապարհին, որովհետեւ այսօր կհնչեցնենք առաջին բջջային զանգն Արցախում, իբրեւ ամփոփում նշեց Ռալֆ Իրիկյանը։ Նա առաջարկեց ասուլիսին ներկա լրագրողներինՙ իր բջջայինով կապվել ցանկացած երկրի հետ ու անվճար խոսել։ Այդ սիրալիր առաջարկից շոյված ու փոքր-ինչ շփոթահար լրագրողները չկարողացան արտասահմանում ապրող որեւէ հարազատի կամ մտերիմի հեռախոսահամար հիշել։
Միայն ՀՀ հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի արցախյան նորաթուխ թղթակիցը հոժարեց Ռ. Իրիկյանի բջջային հեռախոսով կապվել ծրագրի տնօրենության հետ եւ ավետել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջին բջջային զանգը հնչեցնելու մասին։
Մի՛շտ հասանելի. այս նշանաբանով «Արցախ-Տելեկոմը» փորձում է Արցախն ամբողջ աշխարհին հասանելի ու հասկանալի դարձնել։ Հուսանքՙ կհաջողվի։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ