Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության չորսօրյա այցը Ղարաբաղ նպատակ ունի եվրոպական չափանիշների համատեքստում դիտարկելու ԼՂՀ-ում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացները, ծանոթանալու ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման դրվածքին։ Ճանաչողական այս այցը միաժամանակ նպատակ ունի խորհրդատվություններ անցկացնելու ԼՂՀ-ում օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ։
Այս մասին Ստեփանակերտում հայտարարելով, պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որին ուղեկցում էին նույն հանձնաժողովի անդամներ, փոխնախագահ Արմեն Ռոստոմյանը, Գագիկ Մանուկյանը եւ ԱԺ փորձագետ-մասնագետներ, նշեց, որ այս ամենն արվում է ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբիՙ ապրիլի սկզբներին տարածաշրջան կատարելիք այցի նախօրյակին։ Ըստ Հ. Հովհաննիսյանի, այդ խմբում ընդգրկված կլինեն նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ։ Դիտարկման հանձնախումբը նախ կայցելի Հայաստան, այնուհետեւՙ Արցախ։
Հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղարաբաղյան այցն անցած օրերին խիստ հագեցած էր։ Փետրվարի 12-ին պատվիրակությունը ԼՂՀ խորհրդարանում հանդիպեց ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի եւ ապա խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին երկու հայկական պետությունների խորհրդարանների համագործակցության խնդիրներ։
Հաջորդ օրը պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարների հետ։ Այցելեց Վ. Սարգսյանի անվան մոտոհրաձգային գունդ, Ստեփանակերտի ՆԳ վարչություն եւ քննչական մեկուսարան, իսկ Շուշիում ԼՂՀ սոցապ նախարար Լ. Ղուլյանի ուղեկցությամբ հանդիպեց Ադրբեջանից բռնագաղթած փախստականների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին։
Երեկ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ արդարադատության պետվարչության պետ Ռ. Հայրապետյանի եւ գլխավոր դատախազ Մ. Ղուկասյանի հետ, որոնց հետ քննարկեց իրավական ոլորտին առնչվող հարցեր։
Կարեւորելով հասարակական կազմակերպությունների դերը ժողովրդավարության ապահովման գործումՙ Հ. Հովհաննիսյանի ղեկավարած պատվիրակությունը մեկժամյա հանդիպում ունեցավ նաեւ ԼՂՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետՙ ծանոթանալով այդ կազմակերպությունների գործունեությանն առնչվող հիմնախնդիրներին։
ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ ունեցած հանդիպումից հետո, որտեղ քննարկվեցին մի շարք գործնական խնդիրներ, օրվա վերջին պատվիրակությանն ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Քննարկվեցին նաեւ կենսական նշանակություն ունեցող այնպիսի հարցեր, որոնք ներառում էին ինչպես քաղաքական ու օրենսդրական, այնպես էլ հասարակական հարաբերությունների բնագավառները։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ