«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2002-02-14 | #29, 2002-02-15 | #30, 2002-02-16


ԻՍՐԱՅԵԼԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՑ ԵՎ... ԽՈՐՀՈՒՄ

Իսրայելական բանակի վերջին ռազմական գործողությունները Պաղեստինի Գազայի հատվածում արժանացել են Իսրայելի անվտանգության նախարարության եւ կառավարության խիստ քննադատությանն ու դժգոհությանը, քանի որ ռազմական դանդաղ ու ձգձգված գործողությունների հետեւանքով փախուստի են դիմել «Համասի» բազմաթիվ ակտիվիստներ։ Նրանք պնդում են, որ բանակը նույն դանդաղկոտությամբ է գործել Պաղեստինի Կալկիլիա, Ջանին, Ռաֆիախ եւ Խան Յոնես քաղաքներում։ Այդուհանդերձ, «Ցահալի» վերջին հարձակումից Գազայի հատվածում զոհվել են 8 պաղեստինցի ոստիկաններ եւ ձերբակալվել ահաբեկչության մեջ 18 կասկածվողներ։

Մյուս կողմից, Իսրայելի «Հաարեց» թերթում առաջին անգամ տպագրվել է «Մորտինոսի փաստաթուղթը», որում ամփոփված են Եվրամիության դիտորդ Միգել Մորտինոսի գլխավորած իսրայելա-պաղեստինյան բանակցությունների արդյունքները։ Թաբայում մեկ տարի առաջ տեղի ունեցած այդ համաժողովում կողմերը որոշակի համաձայնության էին եկել կարեւորագույն հարցերիՙ Երուսաղեմի, փախստականների եւ անվտանգության վերաբերյալ։ Համաժողովում Իսրայելի ներկայացուցիչներն էին նախկին արտգործնախարար Շլոմո բեն Ամին եւ արդարադատության նախկին նախարար Յոսի Բեյլինը։ Այդ բանակցություններն ընդհատվեցին Պաղեստինի Թուլքարմ քաղաքում երկու իսրայելցիների սպանության պատճառով։ «Հաարեց» թերթին Յոսի Բեյլինն ասել է. «Թաբայի համաժողովում մեծ հաջողության էինք հասել, սակայն պաղեստինցիների արարքից ձախողվեց»։ Նա ավելացրել է, որ Պաղեստինի վարչակազմի հետ ունեցած իր մշտական բանակցությունների շնորհիվ հաջողվել է վերացնել եւս մի քանի տարակարծություններ, որոնք լուծում չէին ստացել այդ համաժողովում։ «Ազգն» անդրադարձել էր Իսրայելի եւ Պաղեստինի «Խաղաղության կոալիցիաների» անդամների հանդիպմանը, որը կայացավ Գերմանիայումՙ արտգործնախարար Յոշկա Ֆիշերի նախաձեռնությամբ։ Իսրայելի պատվիրակության կազմում ընդգրկված էին ընդդիմության նախագահ Յոսի Սարիթն ու արդարադատության նախկին նախարար Յոսի Բեյլինը, որոնք քննարկեցին պետական փոխըմբռնման նոր փաստաթուղթՙ հիմնվելով Թաբայի համաժողովի արդյունքների վրա։ Ըստ այդմ, Երուսաղեմը կհայտարարվի «բաց քաղաք», իսկ Արեւելյան Երուսաղեմը կանվանվի «Ալ Կոդս» եւ կդառնա Պաղեստինի մայրաքաղաքը, մոտակա 5 տարիների ընթացքում Իսրայելը կընդունի 40 հազար պաղեստինցի փախստականների եւ ամբողջությամբ կազատի Գազայի հատվածը։ Իսկ Հին Երուսաղեմի բաժանումը կկատարվի ըստ Մ. Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի առաջարկած տարբերակի, որն, ի դեպ, վիճահարույց տարբերակ է քրիստոնեական եւ հայկական թաղամասերի համար։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4