«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2002-02-15 | #30, 2002-02-16 | #31, 2002-02-19


ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՄԻԼՊԵՏԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

ԼՂՀ իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Մարդակերտի շրջանի ներքին գործերի բաժնի նախկին պետ Արկադի Շիրինյանի (Խոլոստոյ) եւ վերջինիս վարորդ Սմբատ Առաքելյանի դեմ մահափորձը։

Ըստ նախաքննական տվյալների, 1998 թ. օգոստոսի 31-ի առավոտյան, վերջիններս Կոճողոտ-Դրմբոն ճանապարհահատվածի «Ղրանանց մոստ» կոչվող տեղամասում անհայտ անձանց կողմից ենթարկվել էին գնդակոծության։ Ա. Շիրինյանը ստացել էր ավելի քան 10 հրազենային վնասվածք։ Չէր տուժել նրա վարորդը, որին էլ հաջողվել էր գնդակոծությունից վնասված ջիպով դեպքի վայրից հանել իր պետին։ Ծանր վիրավորված Ա. Շիրինյանի կյանքը հիվանդանոցում փրկել էին բժիշկները։

Քննությամբ պարզվել է, որ մահափորձը կատարել են նույն շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչներ Համբարձում Ադամյանը (ծնված 1966 թ.) եւ Իսակ Հայրիյանը (ծնված 1968 թ.)։ Վերջինս ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ կալանավայրերից մեկում պատիժ է կրում այլ հանցագործության համար։ Իսկ Համբարձում Ադամյանը կալանավորված է եւ պահվում է Ստեփանակերտի քննչական մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու անձանց դիտավորյալ սպանության փորձի եւ ապօրինի զինապահության հատկանիշներով։

Կալանավորվել են նաեւ հանցագործությանն օժանդակողներն ու թաքցնողներըՙ 4 հոգի, որոնց անուններն առայժմ չեն նշվում։

Առգրավվել են իրեղեն ապացույց համարվող 2 ինքնաձիգներՙ փամփուշտներով։ Նշանակվել է փորձաքննություն։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ԼՂՀ դատախազության քննչական բաժինը։

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4