«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2002-02-16 | #31, 2002-02-19 | #32, 2002-02-20


14 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԼՂԻՄ ՄԱՐԶԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՂՁԸ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

14 տարի առաջՙ փետրվարի 20-ին, ժամը 20-ն անց 20 րոպեին սկսվեց ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանը։

Առաջին անգամ խորհրդային երկրի պատմության մեջ միութենական ինքնավար սուբյեկտի գերագույն մարմինը խախտեց գոյություն ունեցող տաբուն. ազգերի ինքնորոշման խնդիրը միայն պլակատային կարգախոս չէ։ Այս ճշմարտությունը Կրեմլի աչքը խոթվեց, այն էլ մի փոքրիկ ինքնավար մարզի ժողովրդի կողմից, որին միութենական ղեկավարությունն ի զորու չեղավ սահմանադրորեն պատասխանել։ Գործի դրվեց «տանկերի քաղաքականությունը»ՙ փորձելով թրթուրների տակ ճզմել ազատության ու անկախության ձգտումը։

Թե ինչ եղավ դրանից հետո, ինքներս ականատես եղանքՙ վկաները դառնալով հայ ժողովրդի պատմության մի փուլի հերոսական տարեգրության։ Վերադառնանք, սակայն, փետրվարի 20-ի հիշարժան իրադարձություններին, որոնք վերջին տասնամյակի ռազմաքաղաքական իրողությունների ֆոնի վրա, մեր իսկ մեղքով, կարծես թե փոքր-ինչ խամրել են։ Մինչդեռ եթե քաղաքական տրամաբանությամբ մոտենանք այսօրվա իրողություններին, փետրվարի 20-ը բեկումնային օր էր ղարաբաղյան շարժման ողջ ընթացքում։

Նստաշրջանի նախապատրաստումն ինքնին մեծ փորձություն էր շարժման ջատագովների համար։ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ անում էր խոչընդոտելու նստաշրջանի կայացմանը։ Համապատասխան մարմիններից ստույգ տեղեկություն ստանալով մարզխորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու ծրագրի մասինՙ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը նախ ձեռնամուխ եղավ շանտաժին։ Փետրվարի 14-ին Ստեփանակերտ տեղափոխվեց 12 միավորից բաղկացած տանկային մի շարասյունՙ ի նախազգուշացումն նստաշրջանի կազմակերպիչների։ Իսկ Ստեփանակերտի փողոցներում խորհրդային զինվորների առատությունը զուտ չարագուշակ տրամադրություն էր փորձում ստեղծել ժողովրդի մեջ։ Ոչինչ, սակայն, չկարողացավ խանգարել ժողովրդական ոգու ընդվզմանը։ Յուրօրինակ շտաբի վերածված «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության շենքը, իսկ ավելի կոնկրետՙ թերթի գրականության եւ արվեստի բաժնի վարիչ Գուրգեն Գաբրիելյանի աշխատասենյակն այդ օրերին մեղվափեթակ էր հիշեցնում։ ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավորներն այստեղ էին գրանցվում նստաշրջանին մասնակցելու համար։ Պատգամավորները շրջաններից եւ գյուղերից Ստեփանակերտ էին գալիս ոտքով, տասնյակ կիլոմետրեր կտրելով ձոր ու կածաններով, որովհետեւ մարզի ղեկավարները Ադրբեջանի իշխանությունների պարտադրանքով ու օժանդակությամբ փակել էին Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները։

Նստաշրջանի գումարմանը խոչընդոտում էին հենց իրենքՙ մարզգործկոմի ղեկավարները։ Գործկոմի նախագահ Վլադիմիր Օսիպովը թաքնվել էր կուսմարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովի աշխատասենյակում, իսկ վերջինիս տեղակալ Շմավոն Պետրոսյանը ջանք չէր խնայում կասեցնելու պատգամավորների նախաձեռնությունըՙ պատճառ բռնելով քվորումի բացակայությունը։ Անգամ պատգամավորների երկու երրորդի գրավոր համաձայնությունը հիմք չդարձավ գործկոմի փոխնախագահի համար։ Շ. Պետրոսյանը պահանջեց յուրաքանչյուր պատգամավորի գրավոր համաձայնությունը։ Պահանջվող 70-ի փոխարեն ներկայացվեց 90 պատգամավորի գրավոր համաձայնություն։ Շուտով նստաշրջանի ներկայացած ժողովրդի ընտրյալների թիվը հասավ 112-ի։ Ոչինչ չէր խանգարում արդեն նստաշրջանն անցկացնելու համար։ Հարկավոր էր, սակայն, համաժողովրդական հարգանք վայելող ու խիստ սկզբունքային մի անձնավորություն, որը կարողանար ԽՄԿԿ կենտկոմի պատասխանատու աշխատակից Վ. Յաշչինի, Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Բ. Բաղիրովի, կուսակցության ղարաբաղյան ղեկավար Բ. Կեւորկովի մասնակցության պայմաններում նստաշրջանի աշխատանքները տանել պատշաճ հունով։ Պարզ էր, որ Մոսկվայի ու Բաքվի բարձրաստիճան էմիսարներն այդ օրը Ստեփանակերտ էին ժամանել ամեն գնով նստաշրջանը տապալելու նպատակով։

Նախաձեռնող խումբը պատգամավորների թվից առանձնացրեց Ղարաբաղի գրողների միության առաջնորդ Վարդան Հակոբյանին, որի գլխավորությամբ մտավորականների պատվիրակությունը փետրվարի սկզբներին մեկնել էր Մոսկվաՙ Ղարաբաղի ժողովրդի ազատության ձայնը Կրեմլի խուլ ականջներին հասցնելու։ Արցախյան ազգային-ազատագրական շարժման նվիրյալՙ գրող-պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի արժանի հետեւորդ Վարդան Հակոբյանը սրբությամբ կատարեց իրեն վստահված այդ պատմական առաքելությունը։

Պահը վճռական էր։ Նստաշրջանի մասնակիցներից յուրաքանչյուրը քաջ գիտակցում էր, որ ռուս-ադրբեջանական քաղաքական մամլիչի ճնշումներին ընդդիմանալը նշանակում էր ոչ միայն անձնական կարիերայի, այլեւ անձի ֆիզիկական վտանգում։ Դա էր ցուցանել յոթանասունամյա խորհրդային «ինտերնացիոնալիզմը»։ Միեւնույն ժամանակ, պարզ էր նաեւ մի բան. եթե այդ օրը նրանց չհաջողվի ժողովրդի կամքն ամրագրել մարզխորհրդի նստաշրջանի որոշմամբ, ապա կբեկվի ժողովրդի հավատը, որին էլ կհետեւեն շարժման ակտիվիստների նկատմամբ անլուր հալածանքները։

Պահը ճակատագրական էր։ Եվ դա զգում էր նաեւ հրապարակում խռնված ժողովուրդը, որը «Հայաստան» ու «Միացում» էր մռնչումՙ պահանջելով նստաշրջանը։

Նստաշրջանից առաջ մոսկովյան էմիսարն ու Բաղիրովը փորձեցին պատգամավորներին կաշառել քաղցր խոստումներով։ Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի տաք հույսերին, սակայն, սառը ջուր լցրեց Վարդան Հակոբյանի խրոխտ ձայնըՙ ուղղված նաեւ մյուս անկոչ «հյուրերին».

¬ Դուք մի խանգարեք մեզ, թողեք հանգիստ կատարենք մեր գործը։

Տեսնելով, որ դահլիճը միաձայն պաշտպանում է Վ. Հակոբյանի այս պահանջը, Բ. Բաղիրովն իր շքախմբի հետ լքեց մարզգործկոմի շենքը։ Դրանից հետո օրինական կարգով նստաշրջանն սկսեց իր աշխատանքը։ Վ. Հակոբյանի պահանջով նստաշրջանի նախագահ ընտրվեց պատգամավոր, ԼՂԻՄ մարզգործկոմի ժողկրթբաժնի վարիչ Վիգեն Հայրապետյանը։

Զեկուցմամբ հանդես եկավ Վարդան Հակոբյանը, ապա ելույթներ ունեցան 44 պատգամավորներՙ միանշանակ արտահայտվելով ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու անհրաժեշտության մասին։

Քննարկվող հարցին նստաշրջանի վերաբերմունքը միաձայն դրական էր, ուստի մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին ոչինչ չէր մնում անելու, քան կցվելու նստաշրջանի որոշումներն օրենսդրորեն ճիշտ ձեւակերպելու գործին։

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բարձրագույն մարմինն այդ օրը հաստատակամորեն վավերացրեց արցախահայության դարավոր իղձըՙ վերամիավորվել մայր Հայաստանի հետ։ Վավերացրեցՙ դիմագրավելով բոլոր փորձությունները, փշրելով խորհրդային ծնունդ առած ապազգային կարծրատիպերը, ճանապարհ բացելով նաեւ ազատաբաղձ մյուս փոքր ժողովուրդներիՙ մինչ այդ զսպված մղումների առաջ։

ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական որոշումը ցնծությամբ ընդունեց հրապարակում հավաքված ժողովուրդը։ Ոգեւորությունն այնքան մեծ էր, որ նստաշրջանի կազմակերպիչները որոշեցին ձեռքերի վրա հրապարակ դուրս բերել օրվա հերոսինՙ Վարդան Հակոբյանին։ Սակայն վերջինս համեստորեն հրաժարվեց նման մեծարումից, քանզի համոզված էր, որ հերոսացման ու մեծարման համար նոր պայքարի հրապարակներ են ի հայտ գալու դեռ։ Ծնվելու են նոր ու իսկական հերոսներ, որոնք իրենց ուսերի վրա կրելու են համազգային մեծ գաղափարներ։ Եվ այդպես էլ եղավ։ Կա ու կլինի միշտ։ Եվ այդ մեծ երթի սկիզբը նույնՙ փետրվարի 20-ի հրապարակն է մնալուՙ ալեկոծված ու վճռական, պատրաստ իր ազատության ճանապարհը փակող բոլոր պատնեշները խորտակելու։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4