«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2002-02-19 | #32, 2002-02-20 | #33, 2002-02-21


«ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆՔ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ»

Երեկ հայտնեց Անդրանիկ Մարգարյանը

Երեկ խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Դրանցից առաջինը վերաբերում էր Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովի պաշտոնանկության մասին տեղեկություններին եւ հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ «Գույքՙ պարտքի դիմաց» բանաձեւով պայմանավորվածությանը.

¬ Ռուսական կողմից դեռեւս չենք ստացել հաղորդագրություն նրա այդ պաշտոնից ազատվելու մասին։ Այսինքնՙ նա դեռեւս միջկառավարական հանձնաժողովի համանախագահներից մեկն է։ Երկրորդՙ պայմանավորվածությունները կապված չեն Կլեբանովի անձի հետ։ Գոյություն ունեն երկու երկրների նախագահների պայմանավորվածություններ։ Վերջերս ռուսական կողմի աշխատանքային խումբը Երեւանում էր։ Կատարվեցին ուսումնասիրություններ։ Սպասում ենք արդյունքներին։

¬ Ինչպե՞ս եք գնահատում «Արմենտելի» պարտավորություններն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները։

¬ Կարծիքս արդեն արտահայտել են ե՛ւ կապի ու տրանսպորտի, ե՛ւ արդարադատության նախարարները։ Ինձ մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն։ Նյութերն ուղարկվել են Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին, «Արմենտելին» եւ OTE-ին։ Սպասում ենք վերջիններիս պատասխաններին։ Երբ դրանք ստանանք, կամփոփենք եւ մեր գործողություններում ավելի հստակ կլինենք։ Բոլոր դեպքերում մենք գտնում ենք, որ հանձնաժողովի ներկայացրած տեղեկատվությունը հավաստի է, որոշակի խախտումներ տեղի են ունեցել եւ դրանց մենք, որպես 10 տոկոսի բաժնետեր, պետք է որոշակի պատասխաններ տանք։ Իսկ տակտիկան կորոշենք, երբ բոլոր պատասխանները ստանանք այդ ընկերություններից։

¬ «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենքի վերաբերյալ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է։

¬ Ոչ կառավարությունն է լրատվամիջոցներին ճնշում, ոչ էլ լրատվամիջոցները պետք է կառավարությանը ճնշեն։ Մենք գործընկերներ ենք։ Եթե ինչ-ինչ հարցեր կան, որոնք լրատվամիջոցների ներկայացուցիչներին չեն բավարարում, ապա մենք պատրաստ ենք դրանք քննարկել։ Արդեն օրենքի նախագիծն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողովին։ Սպասում ենք պատասխանին։ Մենք գիտենք ձեր կարծիքը։ Ազգային ժողովի հետ պայմանավորվել ենք, որ պատգամավորական լսումներ անցկացվեն։ Դրանց արդյունքներից հետո պատրաստ ենք համատեղ աշխատել եւ օրենքն ընդունել։ Պետք է հստակ իմանանք, որ օրենքն անհրաժեշտ է։ Սա 2 դրական եզրակացություն ստացած նախագծերի միացումից է ստեղծվել, ինչը չի նշանակում, որ նոր նախագծի նկատմամբ եզրակացությունը նույնպես դրական կլինի։ Անհրաժեշտություն կա եւս մեկ փորձաքննություն անցկացնելու։

¬ Ինչպե՞ս եք մեկնաբանում Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, որտեղ նա լրագրողներին համեմատում է հանցագործների հետ։

¬ Մի աղավաղեք։ Նա երբեք չի համեմատել լրագրողներին քրեական հանցագործների հետ։ Խոսքն օրենքի նկատմամբ շահագրգիռ կողմերի մասին է։

¬ Դուք պարզաբանումներ պահանջե՞լ եք այս կամ այն առանձնատունը կառուցած պաշտոնյաներից։

¬ Պարզաբանումներ եղել են։ Որոշ մասը տվել է հիմնավորումներ, թե ինչպես է կառուցել, եւ նրանց հայտարարագրերում այդ միջոցները նշված են։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4