Չսրենք հայ-վրացական հարաբերությունները
Լրատվական խողովակներով Թբիլիսիից ստացվող տեղեկությունները մտահոգիչ են։ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը երեկ մտադիր էր փակ նիստում քննարկել Ջավախքի շրջանում ստեղծված իրավիճակը, որտեղ համահավաք բնակվում են ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներ։ «Վրաստանի քաղաքացիներ» տերմինը խիստ պայմանական է, քանի որ ջավախքահայության բացարձակ մեծամասնությունը չունի նույնիսկ վրացական անձնագիր։
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Գեորգի Բարամիձեն «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է, որ Ջավախքի շրջանում ստեղծված իրավիճակը քննարկելու ընթացքում հիմնական շեշտը կդրվի խնդիրների վրա, որոնք կարող են երեւան գալ Ախալքալաքի ռուսական 62-րդ ռազմակայանը դուրս բերելուց հետո։
«Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Թբիլիսիի «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը, հաղորդում է, որ «Ջավախք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Սամցխե-Ջավախքի երկրամասին ինքնավարություն տալու առաջարկ են արել։ Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը «Ռուսթավի-2»¬ի եթերից ասել է, որ Ջավախքին ինքնավարություն տալը հնարավորություններ կստեղծի բարելավել շրջանի տնտեսական վիճակը։ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի երեկ նախատեսված նիստը պետք է պայմանավորել նաեւ Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարիՙ Ջավախքին ինքնավարություն տալու հայտարարությամբ։ Սադրիչ հայտարարություն է արել խորհրդարանի «21-րդ դար» խմբակցության ղեկավար Վախթանգ Բոչորիշվիլին։ Պատգամավորն առաջարկել է խորհրդարան հրավիրել պետնախարարին, ԱԳՆ ղեկավարին, օրինապահ մարմինների ղեկավարներին եւ փակ դռների հետեւում քննարկել առկա տեղեկատվությունը, ամրագրել դիրքորոշում եւ ներկայացնել պետության նախագահին։ Բոչորիշվիլին կարծիք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը վերահսկում է Վրաստանի հայ համայնքին, եւ Ջավախքին ինքնավարություն տալու առաջարկությունները չեն արվում առանց Երեւանի գիտության։
Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հստակ է. Ջավախքի եւ ջավախքահայության խնդիրները Վրաստանի ներքին գործն են։ Սթափ է արտահայտվել խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, ընդգծելով, որ վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում համոզվել էՙ Հայաստանը չափազանց կարեւորում է Վրաստանի հետ բնականոն հարաբերությունները, Ջավախքի լարված իրադրությունը չի շահագրգռում հայկական իշխանություններին։ Բուրջանաձեն դեմ է արտահայտվել Ջավախքի հարցով նիստ հրավիրելուն, ընդգծելով, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները չեն համապատասխանում Ջավախքի բնակչության ընդհանուր տրամադրություններին եւ Ախալքալաքում «եղանակ չեն ստեղծում»։
Միգուցե Ախալքալաքում կան շրջանակներ, որոնք փափագում են Ջավախքի ինքնավարությունը։ Միգուցե Հայաստանում էլ կան նման շրջանակներ։ Վրաստանում հաստատ կան շրջանակներ, որոնք ցանկանում են անընդհատ Ջավախքի ինքնավարությունը շահարկելով հասնել ներքաղաքական որոշակի նպատակների։ Այո՛, Ջավախքում Թբիլիսիի իշխանությունների ազդեցությունը, մայրաքաղաքից ստացվող հրահանգները ձեւական են։ Բայց սրանում մեղք չունեն ո՛չ ջավախքահայերը, առավել եւսՙ ո՛չ պաշտոնական Երեւանը։
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներից Վան Բայբուրդյանը «Փրայմ նյուս» գործակալությանն ասել է. «Ինքնավարության մասին խոսում են Վրաստանի արեւմուտքումՙ Սամեգրելոյում, բայց դա խուճապ չի առաջացնում։ Հայաստանի իշխանությունները, քաղաքական կուսակցությունների 99 տոկոսը վճռականորեն քննադատում են նմանօրինակ հայտարարությունները, որոնք որեւէ լավ բան չեն բերի ո՛չ Վրաստանին, ո՛չ Հայաստանին»։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ