Ասում է ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան
Մարգարյանը, մինչդեռ վրացի քաղաքական որոշ գործիչներ, լրատվամիջոցներ ոչնչից մեծ աղմուկ են բարձրացնում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ինձ համար անհասկանալի էր Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի փակ նիստը, որտեղ քննարկվել է Ջավախքում ստեղծված իրավիճակը։ Վերջին օրերին, վերջին ամիսներին որեւէ արտառոց պատահար չի եղել, էական բան չի փոխվել, ինչ-ինչ սուր հարցեր չեն դրվել, որից Ջավախքում մեծանա լարվածությունը», «Ազգի» հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը։
Վրաստանի Սամցխե-Ջավախեթի երկրամասում նախագահ Էդ. Շեւարդնաձեի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլին «Սակինֆորմ» գործակալությանը տեղեկացրել է, որ երկրամասում իրավիճակը կայուն է, իսկ վերջերս հնչած ինքնավարության գաղափարը տեղի բնակիչների շրջանում ժողովրդականություն չի վայելում։ Բնակչությանը հուզում են խնդիրներ, որոնք առկա են Վրաստանի մյուս շրջաններում, ինչ վերաբերում է վերոնշյալ գաղափարին, այն «նետվել է սադրիչ նպատակներով», ասել է Մոսիաշվիլին։
Թե ինչ ուժեր են «սադրիչ նպատակներ» հետապնդում, Մոսիաշվիլին չի մասնավորեցրել։ Ջավախահայությունը եւ երկրամասի մյուս ազգությունները կարծես ազատվեցին նախագահ Շեւարդնաձեի նախկին լիազոր ներկայացուցիչ, հայատյաց եւ մարդատյաց Գիգլա Բարամիձեից, որը ստորադասներին դաժանաբար ծեծողի համբավ ուներ։ Սակայն Մոսիաշվիլու նշանակումով, թվում է, Ջավախքում չեն լուծվի տեղի սոցիալական բազում խնդիրները։ Ավելին, Մոսիաշվիլու նշանակմանը համընկավ Ջավախքի շուրջ վրացի հատկապես ընդդիմադիր գործիչների եւ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը։
«Մոտ երկու շաբաթ առաջ Վրաստան ժամանեց ԵԱՀԿ ազգամիջյան հարաբերությունների գծով կոմիսարը, այցելեց Ջավախք, Ախալքալաքում հանդիպումներ ունեցավ տեղի ղեկավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում, բազում խնդիրների հետ մեկտեղ, նշվել է տարածաշրջանի տեղական ինքնակառավարման կարգավիճակի հարցը։ «Ջավախք» ժողովրդական շարժման եւ «Վիրք» կազմակերպությունների ներկայացուցիչներն ասել են, որ սոցիալականից բացի խնդիր ունենք տեղական ինքնակառավարման աստիճանը բարձրացնելու, որովհետեւ չենք մասնակցում շրջանի կառավարմանը։ Հաջորդ օրը զանգահարել են «Ռուսթավի-2» հեռուստատեսությունից, «Վիրքի» համանախագահ Դավիթ Ռստակյանին հարցրելՙ Դուք ինքնավարության խնդիր դրե՞լ եք։ Ռստակյանը պատասխանել էՙ ուզում ենք կարգավիճակը բարձրացնել, անունը մեզ համար կարեւոր չէ։ «Ռուսթավի-2»-ը այդ ամենը ներկայացրել է որպես ջավախահայության ինքնավարության պահանջ, հաղորդաշարեր են պատրաստվել, մամուլում արձագանքել, ապա խորհրդարանը փակ նիստ է գումարել», մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը։
Պրն Մարգարյանը լավ գիտի Ջավախքը, հետեւում է իրադարձություններին, ասում է. «Անգամ Գամսախուրդիայի նախագահության ժամանակ Ջավախքում անջատողական ձգտումներ չեն նկատվել, որեւէ մեկն ինքնավարության հարց չէր դրել։ Ջավախահայության պահանջը հետեւյալն է. եթե ձեւավորվում է տեղական իշխանություն, ապա տեղի ազգաբնակչությունը պետք է մասնակցի, պահպանվի նրա շահը։ Երբ Ջավախքի բնակչությունը ցանկանում է իր հարցերը լուծել, մասնակցել այդ տարածաշրջանի կառավարմանը, ապա, բնականաբար, դա չի կարող լինել անջատողականություն։ Երբ նույն հարցը արծարծվում է Վրաստանի այլ տարածաշրջանում, արձագանքը այլ է լինում։ Վրաստանում, նաեւ Հայաստանում, կա չինովնիկների միջին խավ, որը երբեմն արգելակողի դեր է խաղում, այսինքնՙ կարող է հարցը չլուծել եւ իրեն ապահովագրելու համար վերագրել այլ բանի։ Մանավանդՙ Ջավախքը 95 տոկոսով հայաբնակ է, եւ տեղի բնակչության պահանջները միշտ կարելի է մեկնաբանել ազգայնական դրսեւորումների անջատողականության տեսանկյունով։ Վստահ եմ, որ դա չի գալիս Վրաստանի բարձր ղեկավարությունից։ Ջավախքի հայությունն ուզում է, որ Վրաստանը դառնա լավ պետություն, միաժամանակ նշում, որ իրենք Վրաստանի քաղաքացիներ են, այդ պետությանն ունեն պարտավորություն, բայց նաեւՙ իրավունքներ։ Հենց մի հարց են շոշափում, անմիջապես վրաց որոշ շրջանակներ կասկածում են, թե դրա տակ ինչ-որ վատ բան կա»։
Ջավախահայության սոցիալական խնդիրները եւ Ախալքալաքից 62-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը շաղկապված են։ Համենայն դեպս, այդպես են ներկայացնում ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Թբիլիսին։ Ռուս-վրացական բանակցություններում, այլ առիթներով, Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ախալքալաքից զորքերը դուրս չեն բերվի, քանի դեռ չեն ստեղծվել այնքան աշխատատեղեր, ինչքան ունեն տեղի հայերը 62-րդ ռազմակայանում։ «Բայց Ախալքալաքում սա բացասաբար է ընկալվում։ Ասում ենՙ 50 հազար գործազուրկ կա, ինչո՞ւ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու մասին խոսք չկա եւ հանկարծ 2.000 մարդու մասին եք մտածում, որ չբողոքեն։ Հարց են տալիս. խնդիրը ռուսական բանակը հանե՞լն է, թե՞ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի թեթեւացումը։ Ո՞րն է առաջնային։ Ջավախքում կարծում են, որ առաջնայինն իրենց սոցիալականն է», ասաց ՀՀ վարչապետի խորհրդականը։
Ի դեպ, Զուրաբ Ժվանիանՙ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահը, ԱՄՆ այցելությունից վերադառնալով, Թբիլիսիում երեկ մամուլի ասուլիս է տվել, մասնավորապես ասել, որ քանի դեռ Ախալքալաքում գոյություն ունի ռուսական ռազմակայան, Ջավախքը շարունակելու է մնալ «պայթյունավտանգ շրջան»։ Միխայիլ Սահակաշվիլին, արդարադատության նախկին նախարարը, որ Ժվանիայի, ինչպես նաեւ երկու այլ պատգամավորներ Ռ. Ադամիայի եւ Գ. Մաճավարիանիի հետ ԱՄՆ-ում է եղել, նույն մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ժվանիան ԱՄՆ-ում շոշափել է վրացական հողերից ռուսական ռազմակայանների դուրսբերման խնդիրը, եւ դա ամերիկյան կողմն ընդունել է ըմբռնումով»։
«Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները շատ կարեւոր են։ Ե՛վ Երեւանը, ե՛ւ Թբիլիսին պետք է այդ հարաբերությունները փայփայեն, որովհետեւ եթե որեւէ բան այնպես չլինի, դրսի ուժերը դրանից հաստատ կօգտվեն։ Մի շարք պետություններՙ Թուրքիան, Ռուսաստանը, Արեւմուտքը, Հայաստանը, այդ տարածաշրջանում տեսնում են իրենց շահերը», ասաց Ստ. Մարգարյանը։ Եվ ո՞րն է մերՙ Հայաստանի շահը. «Հայաստանը Ջավախքը տեսնում է որպես մի տարածաշրջան, որտեղ ապրում են հայեր։ Վրաստանի այդ հատվածում ապրում են հայեր, որոնց ճակատագրի նկատմամբ Հայաստանի կառավարությունն ունի բարոյական պարտավորություն։ Ջավախքում չկա մեկը, որ Հայաստանում բարեկամ չունենա»։