1995¬2001 թթ. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվեց ոռոգման համակարգերի վերականգնման առաջին ծրագիրը, որի ժամանակ նորոգվեցին մայր ջրանցքների փլուզման ենթակա եւ վթարային հատվածները, ապահովվեց համակարգի աշխատանքի անընդհատությունը։ Երեկ Թեքեյան կենտրոնում պաշտոնապես հայտարարվեց երկրորդՙ ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրը սկսելու մասին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 66 մլն դոլար է, պետք է իրականացվի երկու փուլով։ Առաջին փուլըՙ 30,8 մլն դոլար արժողությամբ, պետք է իրականացվի 2001¬2006 թթ., երկրորդըՙ 35,2 մլն դոլար արժողությամբ, 2004¬2008 թթ.։
Ծրագրի առաջին փուլի մեկնարկի կապակցությամբ հրավիրված միջոցառումը կազմակերպել էին Համաշխարհային բանկը եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեն, ներկա էին արտասահմանյան դիվանագիտական, միջազգային հայտնի կազմակերպությունների (USDA, USAID, UNDP եւ այլն) ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ։
Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Գագիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները։ Նպատակներն են ոռոգման համակարգերի կառավարման բարեփոխման միջոցով բարձրացնել երկրագործության արդյունավետությունը, ջրամատակարարման համակարգը դարձնել կառավարելի եւ գրավիչ ներդնողների համար, կառավարմանը մասնակից դարձնել ջրօգտագործողներին։ Դրանց հասնելու համար հարկ կլինի ինքնահոս համակարգերի կառուցման միջոցով իջեցնել ջրի արժեքը, տեխնիկական վիճակը բարելավելով ապահովել հուսալի ջրամատակարարում, նվազեցնել ջրի կորուստները, ապապետականացնել համակարգի շահագործումը, բարելավել կառավարումը։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոցին իր ելույթում նշեց, որ ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի նախագծի մշակմանը։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը նշեց, որ ջրային օրենսգիրքը եւ ոլորտին առնչվող մյուս օրենքները մշակված են եւ կընդունվեն մարտ ամսվա ընթացքում։
Ծրագրի առաջին փուլի բաղադրիչներն առավել մանրամասն ներկայացրեց ծրագրի իրագործման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Ադիբեկ Ղազարյանը։ Առաջին փուլի առաջին բաղադրիչը ոռոգման համակարգերի կառուցումն է։ Նախատեսվում է 3 ինքնահոս համակարգերի (Եղեգնաձորՙ 4,77 հազար հա, Այգեձորՙ 1,04 հազ. հա, Այրումՙ 1,5 հազ. հա) կառուցում 13,9 մլն դոլար արժողությամբ։ Դրա շնորհիվ տարեկան կտնտեսվի 47,7 մլն կվտ. ժ էլեկտրաէներգիա եւ ինքնահոսով կոռոգվի ավելի քան 7 հազ. հա հողատարածք։ Սա, ըստ Ադիբեկ Ղազարյանի, մեծ ազդեցություն կունենա նաեւ սակագնի վրա։
Երկրորդ բաղադրիչը ջրանցքների կառուցվածքների վերանորոգումն է ու վերակառուցումըՙ 4,33 մլն դոլար արժողությամբ։ Այս բաղադրիչի շրջանակներում կվերակառուցվի Արաքս գետի վրա Արմավիրի մայր ջրանցքի գլխամասային կառույցը (2,9 մլն դոլար)։ Դրա շնորհիվ Հայաստանը կստանա Թուրքիայի հետ կնքած պայմանագրով իրեն հասանելիք ոռոգման ջուրը։ Դա կկազմի 106 մլն խմ, որը, ԾԻԳ-ի տնօրենի հավաստմամբ, կօգտագործվի ոռոգման եւ աղակալած հողերի լվացման համար։ Այս դեպքում կոռոգվի 35 հազ. հա եւ կտնտեսվի 6,36 մլն կվտ. ժ էլեկտրաէներգիա։
Երրորդ բաղադրիչը համակարգում բարեփոխումների իրականացումն էՙ 10,82 մլն դոլար արժողությամբ, որի նպատակն է կարգավորել ջրի կառավարման խնդիրները եւ հասնել շահագործող կազմակերպությունների ինքնածախսածածկմանը։ Աջակցություն կցուցաբերվի ջուր օգտագործողների նորաստեղծ միություններին։ Վերջին բաղադրիչը ծրագրի ղեկավարումն է, որի համար նախատեսված է 1,71 մլն դոլար։
Միջոցառման ժամանակ ներկաները տեղեկացան նաեւ, որ 30,82 մլն դոլար կազմող ծրագրի առաջին փուլը ֆինանսավորողներն են Միջազգային զարգացման հիմնադրամըՙ 24,86 մլն դոլար, ՀՀ կառավարությունըՙ 3,89 մլն դոլար եւ շահառուներըՙ 2,07 մլն դոլար։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ