«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2002-02-22 | #35, 2002-02-23 | #36, 2002-02-26


ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱՎ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼԸ»

Վրաստանի նախագահը ինքնասպանությունը որակել է «բարոյական ահաբեկչություն»

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առանձնասենյակում երկուշաբթի առավոտյան որեւէ անսովոր բան չկար։ Ինչպես միշտ, Նուգզար Սաջայան անց էր կացնում ավանդական խորհրդակցություն։ Ապա նրա առանձնասենյակ են տարել օրվա թերթերը, իսկ մի քանի րոպե անց Սաջայայի քարտուղարը նրան տեսել է սպանված, երեկ լրագրողներին ասել է ավանդական խորհրդակցությունների ավանդական մասնակից, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Վախթանգ Ռչեուլիշվիլին։

Ուշագրավ տեղեկություն հայտնեց BBC-ն. Սաջայան ինքնասպան է եղել մի քանի րոպե հետո, երբ վրացական մամուլում կարդացել է իր հասցեին հերթական լուտանքը։

Նուգզար Սաջայան եղել է Շեւարդնաձեի կառավարության «գորշ կարդինալը», նախագահի ամենահավատարիմ զինակիցը։ 61-ամյա Սաջայան 1995 թ. եղել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, ինչպես նաեւՙ նույն թվականին ձեւավորված ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Էդուարդ Շեւարդնաձեն, ինչպես հաղորդում է «Փրայմ նյուս» գործակալությունը, հայտարարել է, որ Սաջայան կյանքին վերջ տվեց «բարոյական ահաբեկչությամբ»։ Այս բառակապակցությունը Վրաստանի նախագահինը չէ, այլՙ Սաջայաինը։ Մի քանի օր առաջ խորհրդարանի պատգամավոր Բորիս Կակուբավան հրապարակավ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին եւ Վրաստանի պետքարտուղարության հետախուզության ղեկավար Ավթանդիլ Իոսելիանիին մեղադրել էր, թե իբր վերջիններս նախապատրաստում են Վրաստանի նախագահի վրաց-աբխազական հակամարտության հարցերով անձնական ներկայացուցիչ, Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի ֆիզիկական ոչնչացումը։ Կակուբավան Սաջայային եւ Իոսելիանիին մեղադրել էր նաեւ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի, հայտնի քաղաքական գործիչ Գեորգի Ճանտուրիայի, այլ սպանություններ կազմակերպելու մեջ։ Սաջայան այդ մեղադրանքները որակել էր «բարոյական ահաբեկչություն», գլխավոր դատախազին խնդրել ընթացք տալ մեղադրանքներին։ Շեւարդնաձեն հրապարակավ պաշտպանեց Սաջայայինՙ նրան համարելով «իսկական հայրենասեր»։ Երեկ Կակուբավան լրագրողներին ասել է. «Ինքնասպանություն են գործում նրանք, ովքեր արդարանալու հնարավորություն չունեն։ Հաջորդը ինքնասպանություն է գործելու Շեւարդնաձեն»։

Սաջայայի հեռացումը քաղաքականությունից առաջին հերթին նշանակում է Վրաստանում հեղինակազրկված նախագահ Շեւարդնաձեի դիրքերի թուլացում։ Վրաստանի ներքաղաքական վերջին ճգնաժամից հետո, երբ խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան հրաժարական տվեց, որից հետո Շեւարդնաձեն ցրեց կառավարությունը, ապա ձեւավորվեց նոր կառավարություն, հին կառավարությունը, բացի մի քանի անդամից, ամբողջությամբ հնի կրկնությունն էր։ Բացառություններից էին ուժայինՙ ազգային անվտանգության եւ ներքին գործոց նախարարները։ Նորանշանակ Կոբա Նարչեմաշվիլին (ՆԳՆ) եւ Վալերի Խաբուրձանիան (ԱԱՆ) Նուգզար Սաջայայի հավատարիմ զինակիցներն էին, ժամանակին աշխատել էին ազգային անվտանգության խորհրդում։ Ըստ էության, գլխավոր ընդդիմադիր Զուրաբ Ժվանիան իր հրաժարականով ոչնչի չհասավ։ Ժվանիան պնդում էր ուժային նախարարների, առաջին հերթին ներքգործնախարար Կախա Թարգամաձեի հրաժարականը։ Այո՛, Թարգամաձեն հրաժարական տվեց, սակայն նրան փոխարինած Կոբա Նարչեմաշվիլին եւս Սաջայայի եւ Շեւարդնաձեի թիմից է։ Սաջայայի կորուստը նախագահ Շեւարդնաձեի համար կարող է նշանակել ուժային նախարարությունների վերահսկողության թուլացում դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Ի դեպ, դիվանագիտական վստահություն ներշնչող որոշ աղբյուրներ նշում են, որ Զուրաբ Ժվանիան խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ երկու ժամ շարունակվող զրույցից անմիջապես հետո։

Ժվանիան Սաջայայի ինքնասպանությունը որակել է «ծանրագույն հարված» Շեւարդնաձեին, քանի որ անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստանի նախագահի «ամենահուսալի հենարանն էր»։ Սաջայան չէր վախենում վիճել Շեւարդնաձեի հետ, սակայն դա չի նշանակում, թե նա հավատարիմ չէր նախագահին։

Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաջայայի ինքնասպանության առիթով առաջադրել է մեղադրանքՙ «ինքնասպանության դրդում»։ Նախագահ Շեւարդնաձեն հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որը շարունակվում էր մինչեւ ուշ երեկո։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4