Երբեք չի կարելի հոռետես լինել
Հայաստանից արտագաղթածների մեջ երբեմն հանդիպում ես մարդկանց, ովքեր, թվում է, ոչ մի պարագայում չպիտի հեռանային հայրենի երկրից։ Այդ անձանցից է Նորիկ Մուրադյանըՙ Սպիտակի նախկին ղեկավարը։ Նրա անունը կապված է երկրաշարժի հետեւանքների վերացման առաջին ամենածանր տարիների հետ։ Թվում է, նա իր էությամբ, արմատներով, գործով այնքան էր միահյուսված այդ տառապյալ հողին, որ բաժանումը կդիտվեր որպես անբնական ու անբանական քայլ։ Բայց դա տեղի ունեցավ, ընդսմին, ահա արդեն տասը տարի առաջ։ Եվ ամեն մի հանդիպման ժամանակ զգում ես, որ Մուրադյանը չի հաշտվում այդ մտքի հետ, հոգով, սրտով տենչում է հարազատ անկյունը։
¬ Պրն Մուրադյան, գուցե վերհիշենք, թե ինչու հեռացաք Սպիտակիցՙ Հայաստանից։ Ցավալի է, որ հայաթափման աղետալի գործընթացը սկսվեց գործի մարդկանցից, պրոֆեսիոնալներից։
¬ Ես չհեռացա, ինձ պարզապես դուրս մղեցին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակակոմունիզմը պաթոլոգիա էրՙ զուրկ տարրական բանականությունից։ Ոչինչ հասու չէր նրան, եթե դու ՀՀՇ-ական չես։ Եվ եթե գոնե մակարդակ ունենար այդ ՀՀՇ-ն... Այն ծանր տարիներին շրջկոմն էր վերականգնում Սպիտակը, եւ այդ շրջկոմն էլ դարձել էր նրա աչքի փուշը։ Եղավ մի պահ, երբ ինձ ու ընտանիքիս անդամներին ֆիզիկական հաշվեհարդարով էին սպառնում։ Կյանքիս ամենադառը պահերն էին։
¬ Դուք չփորձեցի՞ք գործի շահերից ելնելով որեւէ կերպ լեզու գտնել նրա հետ։
¬ Գիտեք, ես միտինգների ունկնդիր չէի, որ պարզամտորեն զմայլվեի «հռետորների» բարբաջանքներով։ Ես գործի մարդ էի եւ տեսնում էի այդ նորաթուխ ուժի ամլությունը։ Ես նրանց ասում էիՙ Երեւանում ինչքան ուզում եք միտինգներ արեք, այստեղ աշխատել է պետք, նորմալացնել մարդկանց կյանքը։ Մեզ գոնե մի խանգարեք։ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր ճգնավոր է դարձել։ Կուզեի հարցնելՙ ինչո՞ւ։ Ինչո՞ւ իր ծանր ժառանգությունը բարդելով Ռոբերտ Քոչարյանի ուսերինՙ մի կողմ է քաշվել, լավագույն դեպքում ինտրիգներ է հյուսում նրա դեմ։ Կուզեի, որ նա այս հարցերին հրապարակայնորեն պատասխաներ իր իսկ ձեռքով հուսահատության հասցրած ժողովրդի առաջ։ Առանց միտինգի։ Ինչ-որ չափով նա պիտի քավի՞ իր մեղքը։
¬ Աղետի գոտում կատարված յուրացումների մասին լեգենդներ են պատմում։ Ձեզ մերժողները ձեր անունն էլ են շոշափում այդ կապակցությամբ։
¬ Լսել եմ։ Այն տարիներին սրիկա էր պետք լինել երկրաշարժի զոհերի գրպանը մտնելու համար։ Այդ ստահոդ լուրերի առնչությամբ ես միշտ ասել եմՙ պատրաստ եմ պատասխանելու ցանկացած քննիչի, պատրաստ եմ մասնակցելու ցանկացած հրապարակային բանավեճի։ Լեւոնի իշխանության գլուխ գալու ժամանակ Հայաստանի նախարարների խորհուրդը երկրաշարժի կապակցությամբ իր տրամադրության տակ ուներ 19,5 մլն դոլար, գումարած Ռուսաստանի «Վնեշտորգբանկից» ստացված 6 միլիոնը եւ ԱՄՆ-ի տրամադրած 5 միլիոնի նպատակային օգնությունը Սպիտակում տեղի հումքի բազայի վրա կղմինդրի գործարան կառուցելու համար։ Այդ հսկայական միջոցներից Սպիտակն ստացել է ընդամենը 50 հազար դոլարի... ջրաֆիլտրեր։ Ո՞ւր են գումարները։ Էլի ե՞ս եմ մեղավոր։
¬ Նաեւ ասում են, թե իբր Սպիտակի կեսը ձեզ պաշտում է, մյուս կեսըՙ ատում։
¬ Այդ թվաբանությանն էլ եմ ծանոթ։ Երեւի «պաշտողները» նրանք են, ովքեր գնահատում են իմ արածը։ Իսկ ովքեր են ատողներըՙ չեմ կարողանում հասկանալ։ Այդ ե՞րբ հասցրի վատություն անել ամեն երկրորդ սպիտակցուն։
¬ Դուք ներկայումս ի՞նչ հարաբերություններ ունեք Հայաստանի, Սպիտակի հետ։
¬ Ամենաակտիվ կապերն ունեմ Սպիտակի ղեկավարության հետ, հանգամանալից լրատվություն եմ ստանում իրադարձությունների մասին, հնարավորության սահմաններում փորձում եմ օգտակար լինել երկրացիներիս։ Ծրագրեր կան աղետի գոտում կառուցելու քոլեջ կամ բացելու Մոսկվայի Լազարյան ճեմարանի մասնաճյուղ։ Ինձ դուր է գալիս նախագահ Քոչարյանի ակտիվ վերաբերմունքը սփյուռքին եւ ի պատասխան հայրենիքին աջակցելու նրա կոչերինՙ Երեւանում կառուցում եմ մարզաառողջարանական կենտրոն։
¬ Պրն Մուրադյան, ի՞նչ տվեց ձեզ Մոսկվան։
¬ Այստեղ ես դարձա տնտեսագիտության դոկտոր, ակադեմիական եւ գործնական ֆինանսական աշխատանքի մեծ փորձ ձեռք բերեցի ժողովրդական տնտեսության ակադեմիայում, «Ռոսվնեշտորգ» միավորումում աշխատած տարիներին։ Մոսկվայում ստեղծել եմ «Սպիտակ» բարեգործական ընկերությունը հայրենի շրջանին օգնելու համար։
¬ Որոշ ժամանակ ղեկավարում էիք նաեւ Մոսկվայի հայ համայնքը։ Ի՞նչ կասեք մոսկվահայության մասին։
¬ Նրա պոտենցիալը շատ մեծ է, բայց, կարծում եմ, դեռ պատրաստ չէ լիարժեք համայնքային կյանքին։
¬ Պրն Մուրադյան, մեր պատմական հայրենիքը կայացել է որպես պետականությունՙ լավ թե վատ, դա ուրիշ հարց է։ Տնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։
¬ Իմ կարծիքով, ներկա շրջանում Հայաստանում ամենակարեւորը ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։ Էկոնոմիկայի արդիականացումն անկարելի է առանց օտարերկրյա ներդրումների։ Հայաստանի իշխանությունները պիտի մտածեն վստահության ընդհանուր մթնոլորտ ստեղծելու մասին։ Նման կարեւոր գործը չպիտի կախված լինի մեկ կամ մի քանի մարդկանց կամքից կամ երաշխիքից։ Գուցե կարելի է ստեղծել անդրազգային կորպորացիաներՙ ներգրավելով Հայաստանի եւ այլ երկրների հայերի կապիտալը։ Ընդսմին այս հարցում արդյունավետ գործոն կարող է դառնալ երկքաղաքացիության հարցի լուծումը։ Մի ժամանակ այն ակտիվորեն քննարկվում էր, բայց այդպես էլ չկարգավորվեց։
¬ Ռուսական կապիտալն ակտիվորեն թափանցում է Հայաստան։ Դա դրակա՞ն երեւույթ է։
¬ Անշուշտ։
¬ Բայց չէ՞ որ մենք կախման մեջ ենք ընկնում մեկ երկրից։
¬ Դա երեւի օբյեկտիվ գործընթաց է։
¬ Ոչինչ մեզ չէր անհանգստացնի, եթե Ռուսաստանը հետեւողական լիներ իր դաշնակցային հարաբերություններում։
¬ Ի՜նչ արած, մենք պիտի առաջին հերթին մտածենք մեր շահերը նրա շահերին համապատասխանեցնելու մասին։ Իհարկե, մենք չենք կարող Ռուսաստանի համար լինել այն, ինչ Իսրայելն է ԱՄՆ-ի համար։ Մոսկվաբնակ հայերիս համար գաղտնիք չէ բնավ էլ ոչ հայամետ «էթնիկական» գործոնի առկայությունը Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, ֆինանսական երկնակամարում։ Ուժեղ Հայաստանը որպես Ռուսաստանի դաշնակից ձեռնտու չէ հրեաներին։ Իսկ վերջիններիս դիմակայել գործնականում անհնար է։ Համոզված եմ, որ Ալիեւի վերջին այցի հաջողությունն էլ էապես պայմանավորված էր հրեաների աջակցությամբ։ Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան առայժմ պայմանական առանցքը Ռուսաստանում էլ գործում է հօգուտ ադրբեջանցիների։
¬ Դուք լավատե՞ս եք Հայաստանի ապագայի հարցում։
¬ Երբեք չի կարելի հոռետես լինել, պատմության մեջ մենք շատ ավելի վատ իրավիճակներում ենք հայտնվել, բայց գոյատեւում ենք։ Ամենակարեւորըՙ մենք մեզ վրա պիտի հույս դնենք։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա