«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2002-02-27 | #38, 2002-02-28 | #39, 2002-03-01


ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ, ԲԱՅՑ ԱՆԵԼԻՔՆԵՐՆ ԷԼ ՇԱՏ ԵՆ

ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստում

Փետրվարի 27-ին տեղի ունեցավ ԼՂՀ դատախազության կոլեգիայի հերթական նիստը, որը քննարկեց դատախազության 2001 թ. կատարած աշխատանքը։ Նիստին մասնակցում էին նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարները։

Հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքի մասին զեկուցումով հանդես եկավ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը։

Հանրապետությունում օրինականության եւ իրավակարգի ամրապնդման, պետական եւ կոմերցիոն կառույցների, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից օրենքների ճիշտ կիրառման, հանցավորությունների եւ օրինականության խախտումների դեմ մղվող պայքարի ու դրանք կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ 2001 թ. որոշակի աշխատանք է կատարվել, նշեց գլխավոր դատախազը։

Կարեւորելով պետական շահերի պաշտպանության գործը, գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ ստուգումները շոշափելի արդյունք են տվել։ Մասնավորապես, 98 ստուգումներով ի հայտ են բերել 453 օրինախախտումներ, որոնց հիմամբ հարուցվել են 48 հայցերՙ 57, 744 մլն դրամ եւ մեկ արտասահմանյան ավտոմեքենա ընդհանուր հայցապահանջով։

Անդրադառնալով հանրապետությունում հանցավորության վիճակինՙ գլխավոր դատախազը նշեց, որ վերջին 4 տարվա կտրվածքով հանցագործությունները կրկնակի աճել են։ Եթե 1998 թ. գրանցվել է 377 հանցագործություն, ապա 2001 թ. այդ թիվը կազմել է 725։ Այդպիսի իրավիճակը բացատրվում է կատարված բոլոր (նաեւՙ նախկինում) հանցագործությունների անխտիր գրանցմամբ։ Ընդհանուր հանցագործությունների թվաճին զուգահեռ, սակայն, 11 դեպքով նվազել են ծանր հանցագործությունները։

Կատարված հանցագործությունների վերաբերյալ 2001 թ. հանրապետության իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ հարուցվել է 504 քրեական գործ։ Տարբեր պատճառներով վարույթը կարճվել է 126 քրեական գործերով, որոնց մի մասըՙ ԼՂՀ Ազգային ժողովի 2001 թ. օգոստոսի 24-ի համաներման որոշման առկայությամբ։

Զգալի աշխատանք է կատարվել տնտեսական հանցագործություններով հասցված վնասի վերականգնման ուղղությամբ։ Նշված հանցագործություններ կատարած 35 անձանց դատի տալու հետ հասցված վնասը վերականգնվել է 24159852 դրամի չափով, իսկ օրենքով սահմանված գույքը բռնագանձելու նպատակովՙ մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել 33378000 դրամի չափով։

Գլխավոր դատախազը կանգ առավ նաեւ դատարաններում մեղադրանքի պաշտպանության խնդրին, նշելով, որ դատարաններում քրեական դատավարության բոլոր փուլերում օրինականության պահպանման, ժամանակին եւ որակով գործի քննման, հանցագործության կատարմանը նպաստող պայմանների եւ պատճառների բացահայտման եւ օրենքի խախտումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելու նշանակալից աշխատանք է կատարվել։

Անդրադարձ եղավ նաեւ անչափահասների հանցագործություններին եւ իրավախախտումների թվաճին։ 2001 թ. հանրապետությունում անչափահասների կողմից կատարվել է 60 հանցագործությունՙ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 28-ի դիմաց։

Գլխավոր դատախազը չշրջանցեց նաեւ դատախազության աշխատանքում առկա թերություններն ու բացթողումներըՙ կոլեգիայի նիստի մասնակիցների ուշադրությունը սեւեռելով դրանց վերացման անհրաժեշտության վրա։ Պարզաբանումներով ու համապատասխան առաջարկություններով հանդես եկան քաղաքային եւ շրջանային դատախազները։

Օրակարգային երկրորդ հարցովՙ ԼՂՀ դատախազության ատեստացիոն հանձնաժողովի 2001 թ. կատարած աշխատանքի արդյունքների մասին, տեղեկատվությամբ հանդես եկավ ԼՂՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Արամայիս Ավագյանը։

Կոլեգիայի նիստում քննարկված հարցերի առթիվ իրենց դիտարկումներն արտահայտեցին նիստին հրավիրված ԼՂՀ ներքին գործերի նախարար Արմեն Իսագուլովը, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանը եւ ԱԱՊՎ պետ Բակո Սահակյանը։

ԼՂՀ դատախազության 2001 թ. աշխատանքի եւ հանրապետության իրավապահ ոլորտի խնդիրների շուրջ ելույթ ունեցավ նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նախագահը հանրապետությունում իրականացվող բարեփոխումների ֆոնի վրա դրական համարելով դատախազության մարմինների ջանքերը, միաժամանակ նշեց, որ ներկա փուլում նրանց առջեւ դրված խնդիրները ավելի են շատանում։ Դա կապված է ինչպես դատախազության աշխատակիցների մասնագիտական որակավորման, այնպես էլ հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացման հետ։ Ընդգծելով տեղ գտած թերությունները գործնականում վերացնելու անհրաժեշտությունը, Ա. Ղուկասյանը շեշտեց, որ իշխանությունները կնպաստեն աշխատանքային բավարար պայմաններ ստեղծելուն, միաժամանակ խստապահանջություն դրսեւորելով նրանց նկատմամբ։

Նախագահը խիստ կարեւորեց իրավապահ մարմինների համատեղ պայքարը բացասական երեւույթների դեմ։

Քննարկվող հարցերի առթիվ կոլեգիան ընդունեց համապատասխան որոշում։ ԼՂՀ դատախազության 2001 թ. աշխատանքը համարվեց բավարար։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4