«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2002-03-01 | #40, 2002-03-02 | #41, 2002-03-05


ՕՐԻՆԱԳԾՈՒՄ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս կարծիքին էին Եվրախորհրդի փորձագետները ՀՀ կառավարության հաստատած «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի վերաբերյալ իրենց գնահատականի մեջ։ Նրանց հանդիպումը Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ երեկՙ ժուռնալիստների միությունում։ Նախ փաստաթղթի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացրին ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը թվարկեց այն հիմնական դրույթները, որոնք անընդունելի են դարձնում օրենքի նախագիծը։ Դրանք են հետհրապարակային գրաքննությունը, լիցենզավորումը, տեղեկատվություն ստանալու սահմանափակումը եւ այլն։ «Նոյյան տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը նշեց, որ անգամ խմբագրման դեպքում այս օրենքը կսահմանափակի խոսքի ազատությունը, գործող օրենքը բազմաթիվ թերություններով հանդերձ ավելի ժողովրդավարական է։ Նույն կարծիքը հայտնեց նաեւ «ԱՐ» հեռուստաընկերության տնօրեն եւ գործող օրենքի գլխավոր հեղինակ Մերուժան Տեր¬Գուլանյանը, ասելով, որ նոր օրինագիծը հետքայլ է։ Նրա կարծիքով, սխալը հայեցակարգային է, քանի որ նշվում է, թե մինչ հրապարակումն է գրաքննությունն անթույլատրելի։ Մինչդեռ գործող օրենքում նշված է, որ մամուլը գրաքննության ենթակա չէ։ Հաջորդը, որ նշեց «ԱՐ» հեռուստաընկերության տնօրենը, օրենքիՙ լրագրողին ագրեսիվ ներկայացնելու ուղղվածություն է։ Մինչդեռ լրագրողներն արտահայտում են հասարակության կարծիքը եւ «անհասկանալի է, թե ինչո՞ւ է չինովնիկին այդպես պաշտպանում այս օրենքը»։

Այլ ելույթ ունեցողները նույնպես անդրադարձան օրենքի նախագծի անկատարությանն ու վտանգավորությանը խոսքի ազատության համար։ Գլխավոր միտքը, որ արտահայտվեց նրանց ելույթներում, այն է, թե անգամ Եվրախորհրդի փորձագետների դրական եզրակացության դեպքում Հայաստանի լրատվամիջոցները միահամուռ մերժելու են այս օրինագիծը։ Սակայն, ինչպես ակնկալվում էր, փորձագետների մոտեցումները բացասական էին։ Դրանք ներկայացնելու համար ձայն տրվեց եվրոպացի հյուրերինՙ Ռամոն Պրիետո Սուարեսին, Թոմաս Գիբոնսին, Կառլոս Լանդիմին եւ Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցիչ Ռիվ Ռոյին։

Դիտողությունները, ըստ Եվրախորհրդի փորձագետների, բխում են մարդու իրավունքների 10-րդ կոնվենցիայի դրույթներից, եւ իրենք փորձում են իշխանություններին հասկացնել, որ նրանք պետք է հարգեն այդ դրույթները։ Օրենքի մի շարք հոդվածներ «լայն հնարավորություն են տալիս խոսքի ազատության սահմանափակման համար»։ Դրանք են հետհրապարակային ուսումնասիրության, լիցենզավորման դրույթները։ Տեղեկատվության ստացման դրույթն ընդհանրապես պետք է կարգավորվի այլ օրենքով։ Անձնական կյանքին միջամտելու կամ նման այլ հոդվածների համար նույնպես պատասխանատվություն պետք է սահմանել այլ օրենքներով։ Լրագրողի լիազորություններն ու իրավասությունները չափից դուրս եւ անհարկի մանրամասնված են։ ԶԼՄ-ները դիտարկվում են որպես մի երեւույթ, որից պետք է պաշտպանել անհատներին, մինչդեռ «միշտ չէ պատշաճ օրենքին դիմելը»։ Եվրախորհրդի փորձագետների կարծիքովՙ նոր օրենքի կարիք ընդհանրապես չկա, եթե արդեն գործում է օրենք, որը պաշտպանում է մամուլի ազատությունը։ Իսկ իրենք փորձագիտական եզրակացություն են տալիս այն պատճառով, որ նման խնդրանքով Եվրախորհրդին պաշտոնապես դիմել են Հայաստանի իշխանությունները։

Մեր հարցին, թե որեւէ նշանակություն եւ հետեւանքներ կունենա՞ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումը, հետեւյալ պատասխանը տրվեց. «Մենք հավաստիացանք, որ միանման մոտեցում ունենք շատ հարցերի շուրջ»։ Փորձագետները տեղեկացրին, որ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել են արդարադատության նախարարությունՙ օրինագիծը բարելավելու նպատակով։ Դա ստիպեց լրագրողներին վերստին բարձրացնել փաստաթղթերն ընդհանրապես շրջանառությունից հանելու պահանջը, ինչին, սակայն, Եվրախորհրդի փորձագետները չհամաձայնեցին։ ԵԱՀԿ ներկայացուցիչ Ռիվ Ռոյը հետեւյալն ասաց. «Այս նախագիծը լավագույն տարբերակը չէ, սակայն մի ստիպեք մեզ ասել, որ պետք է հանել շրջանառությունից»։ Ի՞նչ կլինի, եթե ընդունվի, հարցին Ռիվ Ռոյը պատասխանեց. «Եվրախորհրդի դատարանում քննվող գործերը կշատանան»։ Շարունակելով խոսքը, նա նշեց, որ Հայաստանն ընդհանրապես իր պարտավորությունները վատ չի կատարում, սակայն վստահեցրեց, որ ԵԱՀԿ-ն կտրականապես դեմ է խոսքի ազատությունից որեւէ նահանջի։ «Շատ բան կախված կլինի կառավարության մոտեցումից։ Եթե կառավարությունը հրաժարվի այս նախագծից կամ ընդհանրապես նման օրենքից, ամենից լավը կլինի», իր խոսքը հստակեցրեց ԵԱՀԿ ներկայացուցիչըՙ արժանանալով լրագրողների ծափահարություններին։

Կարծում ենք, որ ավելի թափանցիկ եւ հասկանալի ակնարկ հնարավոր չէր, ինչը հուսանք, որ կընկալի կառավարությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4