Երեկ Թեքեյան կենտրոնում քննարկվեց Հայաստանի բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության ծրագիրը։ Այն մշակել է Ճապոնիայի կառավարությունը Համաշխարհային բանկի միջոցով տրամադրված մոտ 400 հազար դոլար դրամաշնորհի միջոցներով։ Բացման խոսքով կարճ ելույթ ունեցավ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Նա հույս հայտնեց, որ այս ծրագիրը հեռանկարներ կբացի ջերմամատակարարման բարելավման համար, ինչը դրական ազդեցություն կունենա էներգետիկայի ոլորտի վրա ընդհանրապես։ Այնուհետեւ ծրագրի մանրամասները ներկայացրին Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
Պարզ դարձավ, որ ծրագրի նպատակն է Հայաստանի չորս ընտրված քաղաքներում (Երեւան, Գյումրի, Չարենցավան, Ջերմուկ) մշակել ջերմամատակարարման համար հնարավոր տեխնիկական եւ տնտեսական տարբերակներՙ ներառելով ջեռուցման հիմնական պահանջները, վառելիքի մատակարարումն ու մատչելիության չափանիշները։ Ընտրված քաղաքների վերաբերյալ ծրագրի իրագործման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Անդրանիկ Հարությունյանը հայտնեց, որ դա կատարվել է ըստ գոտիների բաժանելովՙ հյուսիս (Գյումրի), կենտրոն (Չարենցավան), հարավ (Ջերմուկ)։ Այս տարվա ապրիլին ԾԻԳ-ը կդիմի Համաշխարհային բանկինՙ վարկային ծրագիր մշակելու խնդրանքով։ Ըստ Անդրանիկ Հարությունյանի, վարկը կլինի 10¬15 մլն դոլար եւ ակնկալվում է ստանալ 2004 թ. ֆինանսական տարում։ Ծրագրի ընթացակարգը բաժանված է 3 փուլի։ Առաջին փուլը կտեւի 1¬2 տարի, որի ժամանակ «շեշտը կդրվի ինստիտուցիոնալ խնդիրների լուծման վրա»։ 2-րդըՙ 3¬5 տարի ներդրումների եւ կայունացման փուլն է, իսկ երրորդըՙ 6¬20 տարի աճի եւ զարգացմանը։ ԾԻԳ-ի տնօրենը հույս ունի հիմնական բարելավումն արձանագրել 3-րդ տարվանից սկսած։
Սակայն մինչ այդ անհրաժեշտ կլինի ընդունել գազի ծրագիրը, որը լրացնելու է ջերմամատակարարման ռազմավարության ծրագիրը, եւ առանց որի վերջինս ավարտուն տեսք չի ունենա։ Անհրաժեշտ է լինելու նաեւ հաշվի առնել բնակչության սոցիալական վիճակը, մեղմելու համար այն խավի խնդիրները, որոնք ի վիճակի չեն վճարելու ջեռուցման համար։ Կան նաեւ սրան շաղկապված բնապահպանական խնդիրներ։ Վառելիքի գների աճը զրկում է բնակչության լայն խավերին կենտրոնացված ջեռուցման ծառայությունից օգտվելուց։ Փոխարենն օգտագործվում է փայտ եւ այլ վառելիք, ինչը բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա։ Օրինակ, աղտոտվում է օդն ու ջուրը, հատվում են անտառները։
Ի՞նչ պետք է լինի այն բնակարանների հետ, որոնք մինչ այժմ ջեռուցում չեն ունեցել, եւ բնակիչները մարտկոցները հանել են։ Այս խիստ այժմեական հարցին Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց, որ մարտկոցները պետք է ձեռք բերեն բնակիչներն իրենց հաշվին, իսկ դրանց վրա տեղադրվելիք չափիչ եւ կարգավորիչ սարքերըՙ վարկերի հաշվին։ Վերջինս, անշուշտ, գնահատելի քայլ է, քանզի արդեն տխուր ավանդույթ է դարձել հաշվիչների (օրինակ, ջրաչափերի) ձեռքբերումն ու տեղադրումը կառավարության կողմից բնակիչների վզին փաթաթելը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ