«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2002-03-02 | #41, 2002-03-05 | #42, 2002-03-06


ԱՐԺԵԹՂԹԱՅԻՆ «ՊԱՏԵՐԱԶՄՆ» ԱՎԱՐՏՎԵՑ

Արժեթղթերի հանձնաժողովն ու Աբովյանի գարեջրի գործարանը համաձայնության եկան

Դեռեւս անցյալ տարի ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովի եւ Աբովյանի գարեջրի գործարանի (հայտնի է իր արտադրած «Կոտայք» գարեջրով) միջեւ սկիզբ առած վեճը վերջապես հանգուցալուծվեց։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի փետրվարի 22-ին ընդունած որոշման մանրամասները մեզ տեղեկացրեց հանձնաժողովի անդամ Արծվի Մինասյանը։ Վերջինս նախ հիշեցրեց վեճի նախապատմությունը։

Անցյալ տարվա սեպտեմբերին «Աբովյանի գարեջրերի գործարան» ՓԲԸ խորհուրդն ընդունեց որոշում բաժնետոմսերի համախմբման մասին։ Այսինքնՙ շուրջ 1000 բաժնետոմսեր (որոնք պատկանում էին 110 հոգու) պետք է դառնային մեկ բաժնետոմս։ Բաժնետերերի ցանկությունն այս դեպքում հաշվի չէր առնվել, եւ նրանց սեփականության իրավունքը բաժնետոմսերի նկատմամբ փաստորեն միակողմանի դադարեցվել էր։ Ընկերությունն իր որոշումը հիմնավորում էր «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 56-րդ հոդվածով, որը ենթադրում է բաժնետոմսերի համախմբման եւ դրանց հետգնման իրավունքը։ Սակայն ընկերության խորհուրդը, առանց բաժնետերերի համաձայնության չուներ դրա, ինչպես նաեւ բաժնետոմսերի հետգնման գին սահմանելու իրավունքը։ Այս ամենը նկատի ունենալով, առաջնորդվելով ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածով եւ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքով իրեն վերապահված լիազորություններով, արժեթղթերի հանձնաժողովը 2001 թ. հոկտեմբերին կարգադրեց «Աբովյանի գարեջրերի գործարան» ԲԲԸ-ին վերանայել կամ անհետեւանք թողնել բաժնետոմսերի համախմբման մասին իր որոշումը։

Հանձնաժողովը ընկերության որոշումը համարեց ոտնձգություն անձի սեփականության դեմ։ Նրա կարգադրության մեջ նշվում էր նաեւ, որ հետգնման պահանջը պետք է լինի միայն բաժնետիրոջ ցանկությամբ, այլ ոչ թե նրան պարտադրելով։ Հետգնման գինը նույնպես որոշվել է օրենքի պահանջների խախտմամբ եւ չի կարող համարվել որպես գնահատողի կողմից որոշված։ Տվյալ դեպքում անկախ գնահատողը (աուդիտորական կամ բրոքերային ընկերությունները), համակշռելով ընկերության ակտիվները եւ շուկայում առաջարկ-պահանջարկի հարաբերակցությունը, պետք է որոշի բաժնետոմսի գինը։ Ճիշտ է, ինչպես տեղեկացրեց Արծվի Մինասյանը, համախմբման ժամանակ բաժնետերերին առաջարկել էին անվանական արժեքից (1000 դրամ) բարձր գինՙ 1300 դրամ, բայց խնդիրն այն է, որ այդ գինը որոշել էին իրենք։

Ի վերջո, ընկերությունը բողոքարկել էր հանձնաժողովի կարգադրությունը, եւ վերաքննիչ դատարանը բավարարել էր այդ հայցըՙ անվավեր ճանաչելով հանձնաժողովի որոշումը։ Վերջինս էլ իր հերթին դիմել էր վճռաբեկ դատարան, որն էլ կայացրել էր վերջնական վճիռը։ Այն բեկանեց վերաքննիչ դատարանի որոշումը եւ առաջարկեց հաշտության համաձայնություն։ Համաձայնությանը հավանություն տվեցին կողմերը, եւ դատարանը հաստատեց այդ նախագիծը։ Դրանով «Աբովյանի գարեջրերի գործարանը» ընդունեց հանձնաժողովի մեկնաբանությունները մասնավորապես այն մասին, որ բաժնետերերի իրավունքները պետք է պաշտպանվեն։ Ըստ որոշման առաջին կետի, ընկերությունը հրաժարվում է բաժնետոմսերի համախմբման մասին ընդունած որոշումից։ Այնուհետեւ նշվում է, որ համախմբումը պետք է կատարվի բացառապես բաժնետերերի ցանկությամբ եւ միայն այդ դեպքում գործարքներն օրինական կհամարվեն։ Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվելու է ընկերության «վերագնահատման արդյունքում ձեւավորված զուտ ակտիվների հարաբերակցությամբ որոշվող բաժնետոմսի հաշվեկշռային արժեքով, բայց ոչ պակաս, քան 2850 դրամը»։ Այսինքնՙ այդ գինը զգալիորեն բարձր է նախկինում առաջարկվող 1300 դրամից։

Արժեթղթերի պետական հանձնաժողովի անդամ Արծվի Մինասյանը վճռաբեկ դատարանի որոշումը կարեւոր համարեց մի քանի առումներով։ Առաջինը, որ այս վճռին սպասում էին մի քանի այլ բաց բաժնետիրական ընկերություններ (օրինակ բերվեց «Թուղթարդ» ԲԲԸ-ն), որոնք ցանկանում են բաժնետերերին զրկել սեփականության իրավունքից։ Խոսքը 2¬3 հազար մարդկանց մասին է։ Երկրորդըՙ մեկնաբանվում են օրենքի մի շարք դրույթներ, որոնք խիստ կարեւոր են։ Օրինակ, հետգնման իրավունքի կամ բաժնետոմսերի գնի որոշման մասին։ Արծվի Մինասյանը հայտնեց, որ համախմբման գործընթացներ լինում են նաեւ զարգացած երկրներում, եւ դա բնական է։ Սակայն Հայաստանում դժբախտաբար իրականանում է այլ կերպՙ բացառապես ի վնաս բաժնետերերի։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4