Օրերս Հայ կանանց միջազգային միությունը եւ ՄԱԿ-ի կանանց զարգացման հիմնադրամը (UNIFEM) Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նշեցին Հայկ Խաչատրյանի «Հայոց թագուհիներ» գրքի անգլերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման կազմակերպիչներն ու ելույթ ունեցող մտավորականները ողջունեցին այս հրաշալի գիրքն անգլիախոս ընթերցողին ներկայացնելու նախաձեռնությունը եւ անչափ կարեւորեցին հայոց տիկինների հոգեկան վեհ գեղեցկություններն ու հայրենի երկրի հանդեպ ունեցած մեծ անձնվիրության օրինակներն աշխարհին ներկայացնելը։
Շնորհանդեսին հրավիրված էին արվեստագետներ, երգիչներ ու դերասաններ, որոնք իրենց նուրբ ու հմայիչ արվեստով մեծ բավականություն պատճառեցին ներկաներին։
Հայկ Խաչատրյանի «Հայոց թագուհիները» անգլերեն հրատարակելու գլխավոր նպատակը ժամանակակից աշխարհում հայ կնոջ դերի բարձրացումն ու գնահատումն է, նրա մտավոր մեծ պոտենցիալի բացահայտումն ու ի նպաստ հայրենի պետության գործելու հնարավորության իրականացումը։ Ինչպես իրավացիորեն նշեց գրողի որդինՙ Լեւոն Խաչատրյանը, մերօրյա հայ տիկիններն իրենց վեհանձնությամբ եւ գեղեկցությամբ չեն զիջում հնագույն շրջանի եւ միջնադարյան հայոց թագուհիներին։
Ռ. Պ.