Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերահաստատումը զեկուցագրի տարրերից ընդամենը մեկն է
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Փետրվարի 28-ին Եվրախորհրդարանը հաստատեց «Կանաչների» խմբի շվեդ պատգամավոր Պեր Գարտոնի պատրաստած «Կովկասյան զեկուցագիրը»։ Թուրքական պետական, քաղաքական գործիչները, լրատվամիջոցներն արդեն մեկ շաբաթ հիստերիայի մեջ են, ադրբեջանականըՙ նմանապես։ «Ազգը» եւ հայաստանյան մյուս լրատվամիջոցները հաղորդել են, որ «Կովկասյան զեկուցագրի» 15-րդ հոդվածը թուրքական իշխանություններին կոչ է անում ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը։ Եվրախորհրդարանը Թուրքիային հիշեցնում է 1987 թ. հունիսի 18-ին (խմբ.-հայաստանյան լրատվամիջոցները սխալմամբ նշել են հունիսի 15) Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունած զեկուցագիրըՙ կոչ անելով Անկարայի իշխանություններին ստեղծելու «հաշտեցման հիմք»։ Հայկական, ինչպես նաեւ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները սեւեռվել են զեկուցագրի միայն այն հատվածին, որը 15-րդ հոդվածի մի մասն է, ինչպես նաեւ «Կովկասյան զեկուցագրին» կից «Բացատրական հաղորդագրություն» բաժնից մեկ նախադասության մեկ հատվածին. Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, այսպիսովՙ վտանգ ներկայացնում Հայաստանին։
Այսքանը, եւ վերջ։ Մենք հակված չենք կարծելու, թե Եվրախորհրդարանի հաստատած «Կովկասյան զեկուցագրի» միայն այս երկու փոքր հատվածներն են դրվել շրջանառության մեջ, որպեսզի Հայաստանում Եվրախորհրդարանի, հետեւաբարՙ Եվրամիության հանդեպ ստեղծվի ընդգծված դրական կարծիք։ Ուշագրավ է, որ թուրքական մամուլը եւս սեւեռվել է վերոնշյալ երկու փոքր հատվածներին եւ հիստերիայի մեջ է։ Զեկուցագիրը պարտավորեցնող չէ, միեւնույն ժամանակ, դրա քաղաքական նշանակությունն ահռելի է։ Զեկույցում եւ նրան կից «Բացատրական հաղորդագրության» մեջ քիչ չեն թուրքանպաստ հոդվածները։ Քիչ չեն նաեւ ադրբեջանանպաստ հոդվածները։ Օրինակ, 14-րդ հոդվածում, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշվում է. Եվրախորհրդարանը «կոչ է անում Հայաստանին խուսափել ադրբեջանական գրավյալ տարածքներում բոլոր այն միջոցառումներից, որոնք կարող են մեկնաբանվել որպես հայկական վերահսկողությունը մշտական դարձնելու նպատակ»։
«Ազգը» եկող շաբաթվա սկզբում թարգմանաբար կներկայացնի «Կովկասյան զեկուցագիրը» եւ կից «Բացատրական հաղորդագրությունը»։ Անշուշտ, չենք կարող ներկայացնել ամբողջությամբՙ հաշվի առնելով օրաթերթի սահմանափակ ծավալները։ Կփորձենք ներկայացնել առավել ուշագրավ հատվածները, ապա կհետեւեն «Ազգի», վստահ ենք, նաեւ քաղաքական գործիչների, պատմաբանների, Ցեղասպանության հարցերով զբաղվողների, վերլուծաբանների մեկնաբանությունները։