«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2002-03-05 | #42, 2002-03-06 | #43, 2002-03-07


ՀԱՅԵՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԳԱՍԻՔ

Ադրբեջանական գաղութատիրության 70 տարիներին ուծացման ընդգծված քաղաքականության պայմաններում անգամ ադրբեջաներենը Ղարաբաղում չի կարողացել դառնալ ազդեցիկ լեզու հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Իբրեւ ազգամիջյան շփումների միջոց հանդես էր գալիս ռուսերենը, թեպետ որոշ կենցաղային հարաբերություններում «բազարային» թուրքերենը երբեմն զգացնել էր տալիս։

Ղարաբաղցու ռուսամետությունը սկիզբ է առել Իսրայել Օրու ժամանակներից եւ պահպանվել է տարբեր պատմական փուլերում տարված քաղաքականությունների հիմքում որպես անվտանգության յուրօրինակ երաշխիք։ Ի դեպ, փոքր ազգերի ու ազգությունների այս կանխակալությունը հիմա էլ է դրսեւորվում ռուսական ազդեցության տարածքներումՙ ուծացման կամ ոչնչացման դատապարտված ազգերը կոնկրետ իրավիճակներում իրենց հայացքը վերստին հառում են դեպի Ռուսաստան։ Այս առումով, կարծում ենք, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասնավոր օրինակը դրա վկայությունն է։

Այլ է Ղարաբաղի պարագայում։ Եթե 18¬19-րդ դարերում եւ 20-րդ հարյուրամյակի սկզբին հայկական պետականության բացակայության, իսկ ավելի ուշՙ խորհրդային կայսրության «ինտերնացիոնալիզմի» պայմաններում Ղարաբաղը զրկված էր մայր Հայաստանի հովանավորությունից, ապա Երրորդ հանրապետության հռչակումից հետո ճակատագրի չար խաղով հայրենիքից անջրպետված Ղարաբաղնՙ ի դեմս Հայաստանի Հանրապետության, անվտանգության հուսալի երաշխիք է ձեռք բերել։

Դադարե՞լ է այսօր Ղարաբաղը ռուսամետ լինելուց։ Հարցը դիտարկենք երկրամասի հայեցիության տեսանկյունից։

Հայկական ոչ մի տարածքում ռուսախոսությունն այնքան շատ չէր տարածված, ինչքան Ղարաբաղում։ Արցախյան ինքնատիպ բարբառի մեջ նույնիսկ այնքան էին շատացել ռուսերենից փոխառյալ բառերը, որ հայերեն հոլովաձեւերով դրանք մատուցվում էին իբրեւ բարբառի ակտիվ բառապաշարի մաս։ Իսկ զուտ ռուսախոսությունը հասարակության որոշ խավերի համար դարձել էր մի կողմից կարիերայի պայման, մյուս կողմիցՙ արիստոկրատության նշան։ Ընդ որումՙ ռուսամոլությունը հիմնականում առկա էր Ստեփանակերտում։ Մի որոշակի փուլում տեղի չինովնիկները բացառապես խոսում էին ռուսերեն, իսկ իրենց զավակներին ռուսական կրթության էին տալիս։

Պատահական չէ, որ Ստեփանակերտում 70¬80-ական թվականներին կային 2 ռուսական եւ 2 ինտերնացիոնալ դպրոցներ։ Եթե հաշվի առնենք, որ եւս 2 դպրոցներ եղել են ադրբեջանական, ապա ստացվում է, որ Ստեփանակերտում գործող զուտ հայկական դպրոցները քաղաքի հանրակրթական օջախների կեսն էլ չէին կազմում։

Կար չգրված մի օրենքՙ որեւէ պաշտոնի նշանակելիս անպայման հաշվի էր առնվում, թե տվյալ անձը ինչ լեզվով է ուսում ստացել։ Աշխատանքի տեղավորվելիս առավել դժվար էր Հայաստանում ուսումնառություն ստացած երիտասարդների համար։

Մի հետաքրքիր հանգամանք եւս. Ղարաբաղում ռուսամետությունը որոշակի առումով կրել է իմպուլսիվ բնույթ եւ առավելապես ակտիվ դրսեւորում է ստացել պատմական այն փուլերում, երբ երկրամասի հայկականությանը վտանգ է սպառնացել։ Այսպես. Ադր. ԽՍՀ ղեկավարությունը 2 անգամՙ 50-ական եւ 80-ական թվականներին փորձել էր ինքնավար մարզի դպրոցներում ադրբեջաներենը մտցնել իբրեւ պարտադիր ուսումնական առարկա։ Բնականաբար, Ղարաբաղում հակարժեք են ընդունվել այս ձեռնարկումները։ Թե մարզկենտրոնում եւ թե շրջաններում անմիջապես բնակչության մեջ հայեցիության անթաքույց քարոզչություն է սկսվել։ Դրան զուգահեռ մարզկենտրոնում աճել է նաեւ ռուսամետությունը։

Ինչո՞ւ Ադրբեջանի իշխանությունները զգուշորեն են վերաբերվել թուրքերենի պարտադրմանը հայկական դպրոցներում։ Անկասկած, նրանց ծրագրերին խանգարել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի սահմանադրությամբ ԼՂԻՄ-ի պաշտոնական լեզուն համարվել է հայերենը, իսկ ռուսերենը եղել է ազգամիջյան հաղորդակցման լեզու։

Ուշագրավն այն է, որ նախկին Ադր. ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիեւը ԽՍՀՄ սահմանադրության վերջինՙ 1977 թ. փոփոխության ժամանակ չի օգտագործել պատեհ առիթը եւ Ադր. ԽՍՀ սահմանադրության մեջ իրենց ձեռնտու ուղղում չի մտցրել։ Ըստ երեւույթին, դա հեռանպատակ հնարք էրՙ առանց հայերենին ձեռք տալու, ռուսերենի միջոցով, Ղարաբաղի հայությունից աստիճանաբար վանել հայեցի ոգին։ Այդպես կատարվեց Բաքվի հայության հետ, երբ ինտերնացիոնալիզմի կեղծ քողի տակ Բաքվի հայկական դպրոցները ռուսականացվեցինՙ տեղի հայ էթնոսին կտրելով մայր լեզվից։ Այս ծրագիրը, կարելի է ասել, Ղարաբաղում ձախողվեց, որովհետեւ այստեղ լեզուն հարյուրամյակներ շարունակ եղել ու մնում էր գոյատեւման գլխավոր պայման։ Եվ ղարաբաղցիների ռուսամետությունը Ալիեւի ձեռքին չդարձավ ուծացման նենգ միջոց, քանի որ պատմականորեն ձեւավորված կենսաձեւ էր արցախահայության համար։

Ղարաբաղյան շարժումը արմատապես փոխեց գոյատեւման այս մտայնությունը։ Շարժման պահանջադրության մեջ ընդգծվեց հոգեւորի հոլովույթը։ Թե 88-ի հանրահավաքներում եւ թե դրանից հետոՙ ԼՂՀ անկախության գործընթացում կարեւորվեց հայեցիության ամրակայման խնդիրը։ Մայր հայրենիքի հետ հոգեւոր կապը փոխեց ղարաբաղցու գոյակերպի ընկալումները։ Դրա ամենաբնութագրական արտահայտությունն այսօր կարելի է համարել լեզվական մաքրության ձգտումը Ղարաբաղում, որը դարձել է նաեւ պետական ծրագիր։ Հայաստանյան հեռուստառադիոյի հեռարձակումները եւ հայկական լրատվամիջոցների անարգել տարածումը Արցախում, անշուշտ, դրական նշանակություն են ունեցել երկրամասում հայեցիության ամրակայման գործում։ Քիչ դերակատարություն չունեն նաեւ տեղական մեկ տասնյակից ավելի հայատառ լրատվամիջոցները եւ կրթամշակութային հիմնարկների լայնամասշտաբ հայկականացումը։ Այսօր Ղարաբաղի բոլոր դպրոցները հայկական են։ Կան միայն ոչ պետական մեկ ռուսալեզու դպրոց Ստեփանակերտումՙ 60 աշակերտի ընդգրկմամբ, եւ առանձնացված ռուսական դասարաններՙ խառն ամուսնությունից ծնված երեխաների ու նախկին ԽՍՀՄ տարածաշրջաններից ներգաղթածների համար։

Հայեցիության քաղաքականությունը ԼՂՀ-ում կանոնակարգվում է նաեւ «Լեզվի մասին» օրենքով, որն ընդունվել է 1996 թ. մարտին։ Այդ օրենքով սահմանվում են ԼՂՀ լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները։ Պաշտոնական լեզուն Արցախում գրական հայերենն է։ Բարբառի օգտագործումը հանրապետությունում եւս խրախուսվում է։ Վերոհիշյալ օրենքը նպաստում է ազգային փոքրամասնություններին ազատ գործածելու ռուսաց լեզունՙ որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու։

Ամենակարեւորը. օրենքով նախատեսված է, որ գրագրությունը եւ գործավարությունը Արցախում տարվում են հայերենով, իսկ պաշտոնատար անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ԼՂՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին, պաշտոնական խոսքում ապահովել լեզվի անաղարտությունը։

Ըստ «Լեզվի մասին» օրենքի կիրարկման որոշման, պաշտոնատար անձինք եւ սպասարկման ոլորտի աշխատողները, եթե ռուսական կրթություն ունեն, մինչեւ 2000 թ. պետք է տիրապետեին գրական հայերենին։ Դատելով հրապարակային ելույթներից եւ պաշտոնական գրություններիցՙ հանրապետությունում պաշտոնատար անձինք, չնչին բացառությամբ, այսօր տիրապետում են գրական հայերենին։

Աստիճանաբար Ղարաբաղի բարբառից դուրս են մղվում օտարածին բառերն ու արտահայտությունները (ոչ միայն ռուսերեն), որոնք մի ժամանակ «զարդարում» էին արցախյան բարբառը։

Ղարաբաղյան շարժման գումարելիների մեջ, առանց վարանելու, կարելի է ընդգծել այսօրվա հայեցիությունը որպես պայքարի կարեւոր արգասիք։ Եվ հստակ է մի բանՙ Ղարաբաղի հայեցի գոյատեւումը այսուհետ եւ ընդմիշտ կլինի միայն մայր Հայաստանի հոգատար ձեռքի տակ։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4