«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2002-03-06 | #43, 2002-03-07 | #44, 2002-03-08


ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՆՎԱԶԻ ԱՌԱՅԺՄ ԵՐԿՈՒՍՈՎ

Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ որոշվել է Երեւան քաղաքի վարչատարածքային բաժանման մեջ փոփոխություն կատարել։ Կմիավորվեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքները։ Նախարարը դա պատճառաբանեց ֆինանսատնտեսական նպատակահարմարությամբ։ Նրա կարծիքով, ճիշտ չէ, երբ էրեբունի համայնքն ունի 126 հազար բնակիչՙ 697 մլն դրամ բյուջեով, իսկ Նուբարաշենը 9 հազար բնակիչՙ 47 մլն դրամ բյուջեով։ Նմանատիպ հարաբերակցություն ունեն նաեւ Կենտրոնի ու Նորք-Մարաշի բյուջեներըՙ 1 մլրդ 243 մլն դրամ եւ 119 մլն դրամ։ Կառավարության հաստատած այս օրինագիծը, ինչպես նաեւ դրան առնչվող «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Ընտրությունների մասին» օրենքներում փոփոխություններն առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի հաստատմանը։

Հովիկ Աբրահամյանը հայտնեց նաեւ, որ Երեւանում համայնքների թիվը պետք է պակասի եւս 2-ով, ընդհանուր առմամբ դառնալով 8 համայնք։ Սակայն դա նախատեսվում է ավելի ուշՙ 2003¬2004 թթ.։ Ինչ վերաբերում է այժմ միավորվող համայնքներին, ապա միավորումից հետո այստեղ կանցկացվեն համայնքապետների եւ ավագանու նոր ընտրություններ։ Տարածքային կառավարման նախարարի կարծիքով, Հայաստանում ընդհանրապես համայնքների թիվը շատ էՙ 930, որը պետք է նվազեցնել մինչեւ 300-ի։

Երեկվա մամուլի ասուլիսի մյուս բանախոսը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն էր, որը կառավարության նիստում ներկայացրել էր 11 հարց։ Դրանցից մի քանիսի վերաբերյալ նա որոշակի մանրամասներ հաղորդեց։ Որոշվել է Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին, անչափահաս երեխաներին ամսական դրամական օգնություն տրամադրել։ Գումարի ընդհանուր չափն այս տարվա համար 12 մլն դրամ է։ Հաջորդը խորհրդարանական (5 տոկոսի սահմանագիծը հաղթահարած) կուսակցություններին հասանելիք գումարիՙ 100 մլն դրամի համամասնորեն բաժանելու որոշումն էր։ Այնուհետեւ հաստատվել է գերմանական KfW բանկից եւս 5 մլն եվրոյի վարկային ծրագիրը, որն ուղղված պետք է լինի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Առողջապահության բնագավառի աշխատակիցների համար կարեւոր էր 2001 թ. պարտքի մարման մասին որոշումը։ Ըստ այդմ, 1 մլրդ 649 մլն դրամ գումարը կուղղվի առողջապահական հիմնարկներին, որից հետո արդեն Վարդան Խաչատրյանը կարող է ասել, որ «առողջապահությանը 2001 թ. պարտք չունենք»։ Այս գումարներից մի մասն աշխատավարձերն են, որոնց 1 ամսվանը երեկ արդեն ուղղվեցին հասցեատերերին։ Խոսքը 430 մլն դրամի մասին է։

Մամուլի ասուլիսից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ նպաստների ու աշխատավարձերի պարտք չկա, ընթացիկ վճարումները կատարվում են։ Այնուհետեւ մեր հարցին պատասխանելով նշեց, որ նպաստների մասին խոսելիս ինքը նկատի ունի ընտանեկան նպաստները։ Ինչ վերաբերում է մեր մտահոգության առարկա մինչեւ 2 տարեկան երեխաների նպաստներին, ապա նախարարը հայտնեց, որ իր ղեկավարած նախարարությունը պատրաստ է դրանք վճարել, սակայն սոցիալական ապահովության նախարարությունն է ուշացնում հայտերի ներկայացումը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4